Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը
Նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման և միևնույն ոլորտը կարգավորող իրավական ակտերի միջև առկա անհամապատասխանությոնները վերացնելու անհրաժեշտությամբ: Կառավարությունը գտնում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքը կարիք ուներ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կիրառվող իրավադրույթներին համապատասխանեցվելու, ինչպես նաև միջին մասնագիտական ծրագրով վարժարաններում և այլ ուսումնական հաստատություններում ուսանող կամ արդեն իսկ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիներին ավելի երկար վավերականության ժամկետով անձնագրեր տրամադրելու անհրաժեշտություն կա։
Միաժամանակ, 2017թ-ի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված ներկայումս աշխատանքներ են տարվում Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման արդիականացված ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման նպատակով տեխնիկական առաջադրանք մշակելու, ինչպես նաև պայամանգիր կնքելու իրավունք շնորհելու համար գնման ընթացակարգի մրցույթ հայտարարելու ուղղությամբ։
Մինչ նշված աշխատանքների ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու և նրանց իրավունքների իրացմանը չխոչընդոտելու համար ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվել մինչև 2022թ-ի հունվարի 1-ը, ստանալ հին նմուշի անձնագիրը:
Աշխատանքները գտնվում են ընթացքի մէջ, սակայն ներկայումս շահագործվող համակարգը գործող միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նոր լրացումներ կատարել տեխնիկական առաջադրանքում, ինչը կարող է պահանջել տևական ժամանակ։
Միաժամանակ, ՀՀ քաղաքացիներին հնարավորություն ընձեռել ՀՀ կառավարության կողմից սահմանված օտարերկրյա պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների միջոցով ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը:
Նախագծերով առաջարկվում է նաև բուժհաստատություններում գտնվող անգիտակից կամ հիշողությունը, կամ շարժելու ունակությունը ժամականավորապես կորցրած անձանց համար սահմանել անձնագիր (նույնականացման քարտ) ստանալու հնարավորություն` մերձավոր ազգականների (մասնավորապես հայր, մայր, ամուսին, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ) դիմումի կամ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա՝ համապատասխան հիմնավոր փաստաթղթերի առկայության պայմաններում։ Ընդ որում անձնագիր (նույնականացման քարտ) ստանալու համար ընտրվել է քաղաքացու փոխարեն դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների նեղ շրջանակ (միայն մերձավոր ազգականներ կամ բժշկական հաստատության ղեկավարի գրություն)՝ անձը հաստատող փաստաթուղթն այլ նպատակով օգտագործելու հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով։
Նախագծերով առաջարկվող մյուս փոփոխությունը պայմանավորված է պրակտիկայում առկա այն խնդրով, որ ներկայումս ՀՀ քաղաքացու անձնագրի (նույնականացման քարտի) մեջ ծննդյան վայրը դաշտում նշվում է այն պետությունը, որի տարածքում քաղաքացին ծնվել է: Այս մոտեցումը առաջացնում է խնդիրներ այն դեպքերում, երբ քաղաքացու ծննդյան վայրը Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված պետություն է կամ միջազգայնորեն վիճարկելի տարածք: Գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացին դիմում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ ծննդյան վայրը փոխելու նպատակով, քանի որ ՀՀ քաղաքացու անձնագրում (նույնականացման քարտում) որպես ծննդավայր որևէ պետության նշումը նրա համար խնդիրներ է առաջացնում օտարերկրյա այլ պետություններում իր իրավունքներն իրացնելիս: «Ծննդյան վայրը» դաշտում կոնկրետ պետություն նշելը խնդրահարույց է կամ որևէ այլ հիմնավոր կամ ակնհայտ պատճառով նպատակահարմար չէ, պետությունները քաղաքացիների անձնագրում նշում են միայն անձի ծննդյան քաղաքը, ավանը, գյուղը կամ շրջանը։ Արդյունքում, առաջարկվել է ՀՀ օրենսդրության մեջ ևս կատարել համապատասխան փոփոխություններ` քաղաքացուն հնարավորություն ընձեռելով իր ցանկությամբ որպես ծննդավայր նշել այն տարածքը, որտեղ ծնվել է, ինչն էլ հիմք է հանդիսացել սույն հոդվածով նախատեսվող օրենսդրական փոփոխության համար։
Հաշվի առնելով, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ընդունվել է ավելի ուշ (2017թ.) քան «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքը, և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություններից, իսկ պայմանագրային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողներից, ի տարբերություն ժամկետային զինվորական ծառայության զորակոչվածների, անձնագիր չի վերցվում: Հետևաբար, առկա հակասությունը վերացնելու նպատակով Նախագծերով նախատեսվում է «ժամկետային զինվորական ծառայություն» եզրույթը փոխարինել «պարտադիր զինվորական ծառայություն» եզրույթով:
Բացի այդ, նախագծով առաջարկվում է լիազորություն վերապահել ՀՀ ոստիկանությանը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հիմնավորված միջնորդության հիման վրա ավելի երկար վավերականության ժամկետով անձնագրեր տրամադրել նախազորակոչային, զորակոչային տարիքի կամ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող արական սեռի ՀՀ քաղաքացիներին: Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ հաճախ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձը օտարերկրյա պետություններում անցկացվող սպորտային, մշակութային, զինվորական կամ այլ միջոցառումների մասնակցելու համար հնարավորություն չի ունենում դուրս գալ ՀՀ տարածքից, քանի որ անձնագիրը տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը:
Նախագծերի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի մասով փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա: