Վարչապետի նախկին խորհրդական,
ավիատոր Հակոբ Ճաղարյանը երեկ, անդրադառնալով ՀՀ օդային տարածքով Ադրբեջանի թռիչքներ
իրականացնելուն, հայտնել էր՝ «2000-ականներին Ադրբեջանը միակողմանիորեն փակել էր իր
օդային տարածքը հայկական օդանավերի համար։ Եվ ինքն էլ չէր օգտագործում ՀՀ օդային տարածքը»:
Ավելի ուշ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռեևազյանը հերքել էր Ճաղարյանին ասելով,
որ այդ հայտարարությունը ընդհանրապես մոտ չէ իրականությանը։ Vesti.am-ը զրուցել է Հակոբ Ճաղյանի հետ։
-
Պարո՛ն Ճաղարյան, Դուք հայտարարել էիք այլ բան,
քաղավիացիայի կոմիտեի նախագահն այլ բան է ասում
և հերքում է Ձեզ։ Իրականում ի՞նչ խնդիր կա։
-
Ես էլ իրեն եմ հերքում, այդ իր ասածն ընդհանրապես մոտ չէ իրականությանը։ «Օդային
տարածք փակել» արտահայությունը հիմնովին բացատրելու համար գոնե մի քիչ պետք է ուսումնասիրել
Քաղաքացիական ավիացիայի մասին միջազգային կազմակերպության հիմանդիր փաստաթուղթը՝ Չիկագոյի
կոնվենցիան, որի 2-րդ գլխում ամեն ինչ մանրամասն գրված է։
-
Ամեն դեպքում խնդրում եմ կրկին ասել՝ թուլատրվո՞ւմ
էր վերոնշյալ թռիչքը, թե՞ ոչ։
-
Որևէ երկրի որևէ օդանավ այլ երկրի օդային տարածք մուտք գործելու իրավունք չունի։ Այդ
թռիչքը պետք է թույլատրվեր Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կողմից, բայց քանի որ
այդ որոշումը քաղաքական որոշում է և քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեխնիկական կարգովորող
է միայն, չէին կարող ընդունել քաղաքական որոշումը։ Քաղաքական որոշումն ընդունվել է
կառավարությունում, ի կատար է ածվել քաղավիացիայի
կոմիտեի կողմից։
-
Այսինքն կառավարությունը պետք է որոշում ունենար,
նոր թռիչքը իրականացվե՞ր։
-
Այո՛, միանշանակ։ 2003 թվականի հուլիսի 12-ի ՀՀ կառավարության ՀՀ օդային տարածքի կազմակերպման կարգը հաստատելու մասին որոշման
24-րդ կետում նշված է «Բոլոր օդանավելի միջազգային չվերթներն իրականացվում են Ավիացիայի
մասին ՀՀ օրենքով նախատեսված թույլտվության հիման վրա»։ Ապա թվարկվում են, թե որ թույլտվությունը
ինչպես, ում կողմից է տրվում: Քաղաքացիական օդանավերի կանոնավոր և ոչ կանոնավոր
թռիչքների իրականացման թույլտվությունները, իրավունքները տրվում են լիազորված մարմնի
կողմից։ ՀՀ օդային տարածքով օտարերկրյա քաղաքացիական
օդանավերի տարանցիկ թռիչքներն իրականացվում են ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրվող թույլտվությունների
հիման վրա, ՀՀ ՊՆ-ի և լիազորված մարմնի հետ համաձայնությունից հետո։ Պետությունները
միմյանց հետ ունենում են օդային տեղափոխությունների մասին միջպետական համաձայնագրեր։
Ադրբեջանի հանրապատության հետ Հայաստանը չունի օդային փոխադրումների մասին միջպետական
համաձայնագիր՝ հետևաբար այստեղ անհրաժեշտ էր ԱԳՆ-ի, ՊՆ-ի և լիազոր մարմնի թույլտվությունները։
-
Տաթևիկ
Ռևազյանը նաև ասաց․ «Մենք իրականում չգիտենք՝ ով ա էդ օդանավի մեջ, կամ ինչ բեռ ա տեղափոխվում օդանավով:
Բայց, ըստ միջազգային օրենսդրության իրավունք չունեն քաղաքացիական օդանավով տեղափոխել
զենք: Դա շատ լուրջ խախտում ա»։ Այն ստուգելո՞ւ հնարավորություն չունենք։
-
Պարտադիր ստուգվում է։ Ցանկացած երկրի տարածք մուտք գործելու համար ավիաընկերության լիազոր մարմինը հայտ է ներկայացնում այդ օդանավի
թռիչքի թույլտվությունը ստանալու համար և պահանջներից մեկն է՝ նշել օդանավի մեջ ինչ
է գտնվում՝բեռ, ուղևորներ, որքան ուղևորներ, բեռի տեսակը և այլն։ Եթե քաղավիացիայի կոմիտեի նախագահը հայտարարում
է, որ նա չգիտի, դա իր խնդիրն է: Եթե իմանար, մենք «սև ցուցակում» չէինք գտնվի։
-
Եթե օդը Ադրբեջանն է փակել, կարո՞ղ
է մի օր որոշել, որ ինքը բացում է և թռիչքներ
է սկսում, թե դա պետք է անի նախապես համաձայնեցնելուց հետո։ Ինչպե՞ս է դա կարգավորվում
այլ պետությունների դեպքում։
-
Դե յուրե, ոչ մի պետության համար, ոչ մի երկրի համար օդը փակ
չէ, բայց այլ երկրի օդային տարածքը օգտագործելու համար պահանջվում է հարցում և կախված պետությունների քաղաքական հարաբերություններից,
այդ հարցերի շարքը կարող է լինել շատ կամ քիչ, կամ ընդհանրապես թույլ չտրվել։ Օրինակ՝
Թուրքիայի օդային տարածքը երբեք փակ չի եղել հայկական օդանավերի համար, բայց Թուրքիան
թույլ չի տվել՝ հարցումներին չի պատասխանել։ Նույնիսկ բարեկամ Ռուսաստանը, որ մենք
չարթերային թռիչքների թույլտվություն ենք խնդրում, հարցաշար է տալիս ասում է պատասխանի
այս հարցերին։ Այս ընթացքում ոչ մի անգամ ՀՀ տարծքով ադրբեջանական օդանավ չի թռել,
ոչ էլ մենք ենք փորձել դա անել, այն պայմանով որ և՛ մենք, և՛ իրենք թույլ չէինք տալու։
Ես փորձել եմ անել, բայց Ադրբեջանը թույլ չի տվել, մենք էլ իրենց թույլ չենք տվել։
-
Կարո՞ղ ենք պնդել, որ ինչ-որ գերատեսչություն
թռիչքի թույլտվություն տվել է։
-
Ես չեմ կարող ասել, ես տեղյակ չեմ։ Կարող է Ադրբեջանից զանգել
են, ասել են թռնում ենք ու առանց թույլտվության թռել, անցել է, իսկ ՀՀ-ն չի օգտագործել
իր միջոցներն այդ թռիչքը թույլ չտալու համար։ Եվ հայտնվել են մի իրավիճակում, որ չեն
կարողացել ոչինչ անել, ապա սկսել են «կռուտիտներ անել», որ միջազգային ինչ-որ նորմեր
կան։ Դե թող իրենք էլ թռնեն, եթե օդը բաց է և միջազգային այդ իրավունքները գործում
են։