ԵՄ իշխանությունները
երեկ Հայաստանին հանել են կորոնավիրուսային համաճարակի պայմաններում թույլատրված ոչ
պարտադիր ճանապարհորդությունների ցանկից: Բառացիորեն նույն ժամանակ Վահան Քերոբյանը
հայտարարում էր, որ Հայաստանում իր հայտարարած զբոսաշրջային բումը ուր որ է իրականություն
է դառնալու, խոսում էր մինչև տարեվերջ ևս կես միլիոն տուրիստի մասին և այլն: Ժողովրդական
ասացվածքը հուշում է. ջուրը չտեսած՝ մի բոբիկացիր: Բայց սա ընդամենը վատ լուրն է, որովհետև
Հայաստանում ԵՄ պատվիրակության
ղեկավար Անդրեա Վիկտորինն այսօր հայտարարել է, որ ԵՄ-ն դրական դիրքորոշում ունի ՀՀ կառավարության առաջիկա
հինգ տարիների ծրագրի վերաբերյալ: Այսինքն Հայաստանի իշխանություններին թույլ
են տվել բարձրագոչ հայտարարություններ անել, իբր իրենց ծրագիրը «վերջն ա», բայց մյուս
կողմից բյուջեի մուտքերի մի զգալի մասի վրա անուղղակի սանկցիաներ են կիրառում:
Հայաստանում
խայտառակ տնտեսակա վիճակ է՝ առողջապահական պետպատվերը փաստացի դադարեցվել է, կենսաթոշակների
և նպաստների վճարման համար կանխիկ միջոցներ չկան, գնաճն անկառավարելի է դարձել: Մթերումների
սեզոնի սկզբից արդեն կարելի է ասել, որ ձախողվել է, որովհետև վերամշակող ընկերությունները
վճարունակ չեն: Անցյալ տարի Նիկոլ Փաշինյանը ֆերմերներին հորդորեց որքան հնարավոր է
շատ ցանք կատարել, բայց կառավարությունը չկարողացավ ապահովել արտահանումը, բերքի մեծ
մասը մնաց երկրում ու կրկին ամբողջ ծանրությունը դրվեց վերամշակող ընկերությունների
ուսերին: Արդեն այն ժամանակ պարզ էր, որ այդ ընկերությունները ռիսկային ներդրում են
կատարում և այս տարի նույնն անել չեն կարողանալու: Բայս սա Հայաստանն է, այստեղ տնտեսությունը
ղեկավարվում է ոչ թե հաշվարկներով, այլ կենաց-բաժակաճառերով: Փաշինյանը ստիպված է լինելու
վարչահրամայական լծակներ կիրառել, քրեական հետապնդումներ սկսել: Նրա համար իր պոպուլիզմն
ավելի կարևոր է, քան երկրի տնտեսական պոտենցիալը: Եկեք հիշենք, թե ինչերի՞ վրա է բյուջեից
փողեր ծախսվում՝ պարգևավճարներ, պարեկային ծառայություն, օտարերկրացիներին Հյուսիսային
պողոտայում անվճար պատվաստումներ, անկախության օրվա առթիվ «գունագեղ» տոնակատարություն
և այլն: Սրանք այն «մանր-մունր» միլիոններն ու միլիարդներն էին, որ այսօր պետք էին
առողջապահության պետպատվերի, կորոնավիրուսի դեմ գործուն միջոցառումների համար:
Հարց
է ծագում՝ ԵՄ-ն, կառավարության ծրագիրը դրական գնահատելիս, ի՞նչը նկատի ունի: Այն,
որ ծրագրում ուղղակի հետաքրքիր բաներ են գրվա՞ծ:
Հ.Գ.
Վերջում
ևս մի լավ լուր՝ ԵՄ-ն ոչ պարտադիր ճանապարհորդությունների ցանկից նաև Ճապոնիան
է հանել: Վերջապես հասանք Ճապոնիային: