Foto

Ո՞վ է պատրաստվում մտնել Հայաստանի բենզինի վաճառքի շուկա և ինչո՞ւ

ՀՀ էկոնոմիակյի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ վրացական ծագման բիզնեսմենն ուզում է մեզ մոտ 60 միլիոն դոլարի ներդրում անել ու բենզալցակայանների ցանց ստեղծել։ Թե ինչ գումար է Հայաստանի վառելիքի մանրածախ առևտրի շուկայում 60 միլիոն դոլարը, կարելի է պատկերացնել հասարակ թվաբանությամբ՝ տարբեր գնահատականներով ՀՀ–ում գործում է մոտ 700 բենզալցակայան, որոնց շուկայական համախառն արժեքը չի գերազանցում 35 միլիոն դոլարը։ Այսինքն այդ գործարարը եթե չի խլանավորում գնել եղած բենզալցակայանները, ապա առնվազն դրա կրկնակին պատրաստվում է զրոյից կառուցել։ Իսկ ի՞նչ տնտեսական հետևանքներ կունենա այդ «ներդրումը»։ Թեև Վահան Քերոբյանը լռում է, սակայն մեզ հաջողվել է պարզել, որ Հայաստանում բենզալակայանների ցանց ստեղծելու ծրագրի հետևում կանգնած է հայտնի մեծահարուստ, միջազգային սկանդալների մեջ հայտնված, տարբեր ժամանակահատվածներում ՌԴ–ի, Շվեդիայի ու Վրաստանի քաղաքացի հանդիսացող Դավիդ Յակոբաշվիլին։

Յակոբաշվիլին ղեկավարում է վրացական «Petrocas Energy Group»–ը և զբաղվում է բեռնափոխադրումներով։ Հենց այս կազմակերպությունն է փորձում գնել նախկինում հայաստանյան «Միկա» ընկերությանը պատկանող 21 բենզալցակայանները։ Ինքնին հասկանալի է, որ 21 լցակայանում հնարավոր չէ 60 միլիոն ներդրում անել, քանզի այդքան տեղ չկա։ Չէ՞ որ վրացի մեծահարուստը չի պատրաստվում լցակայանների պատերը ոսկուց սարքել։

60 միլիոնի խոստումը նշանակում է, որ փորձ է արվելու ընդլայնվել ու ամբողջությամբ կլանել հայաստանյան բենզինի ու դիզվառելիքի շուկան։ Իսկ որ Յակոբաշվիլու կազմակերպությունն ունի այդ հնարավորությունը, երկրորդ կարծիք չկա։

Բանն այն է, որ «Petrocas Energy Group»–ին են պատկանում վրացական Փոթի նավահանգստի տերմինալները և ռեզերվուարները, որտեղ նավերից դատարկվում են բենզինն ու դիզվառելիքը։ 1 տոննա վառելիքի դատարկման համար այդ կազմակերպությունը գանձնում է 15 դոլարի չափ գումար և ունի շահույթ այդ գնի մեջ։

«Petrocas Energy Group»–ը նաև դեպի Հայաստան եկող վառելիքի երկաթուղային փոխադրողն է։ 1 տոննա բենզինը Փոթիից մինչև ՀՀ Այրում կայարան տեղափոխման համար հայկական ներկրողները վճարում են մինչև 200 դոլար։ Եվ դա այն դեպքում, երբ բեռնափոխադրման ինքնարժեքը չի գերազանցում 36 դոլարը։ Այսինքն՝ Յակոբաշվիլու կազմակերպությունը բառիս բուն իմաստով թալանում է հայ գործարարներին ու նաև սպառողներին։ Այդ փոխադրումների ծախսերը մտնում են ինքնարժեքի մեջ ու ի վերջո վճարվում մեր վարորդների կողմից (ի դեպ, ուշագրավ է, որ Վրաստանի ու Հայաստանի բենզալցակայաններում բենզինի ու դիզվառելիքի գները գրեթե նույնն են, և դա այն դեպքում, երբ ՀՀ բերված վառելիքի վրա բեռնափոխադրման ծախս է ավելանում։ Յակոբաշվիլիին Վրաստանում պատկանում է «GULF» բրենդի տակ գործող ավելի քան 140 լցակայան և գներն այդ լցակայանում Հայաստանի գներն են)։

Ու հիմա եթե «Petrocas Energy Group»–ը դեպի Հայաստան բենզին տեղափոխողից դառնա նաև բենզին վաճառող, ապա ակնհայտ է, որ մրցակցային առավելություն կստանա, քանզի մինայն բեռնափոխադրման գնի մեջ նա մյուսների համեմատ ունի առնվազն 150 դոլարի առավելություն 1 տոննայի դիմաց։ Դա նշանակում է, որ Հայաստանում շատ արագ գերմենաշնորհ կհաստատվի։ Այդ մենաշնորհի հաստատման սկզբնական փուլում բենզինի ու դիզվառելիքի գները կարող են իջնել, քանզի «Petrocas Energy Group»–ը շուկան գրավելու համար, ենթադրաբար, դեմպինգ կանի ու գները կիջեցնի, որպեսզի մյուս մասնակիցները բանկրոտի ենթարկվեն։ Հենց որ վերջնական մենաշնորհ հաստատվեց, գները կտրուկ կբարձրանան, բայց մեր պետությունն արդեն ոչինչ չի կարողանա անել, քանզի վառելիքի շուկայի ամբողջ շղթան՝ ներկումից մինչև մանրածախ վաճառք, կլինի մեկ կազմակերպության ձեռքում։

Սակայն, բացի տնտեսականից, սա հղի է նաև քաղաքական հետևանքներով։ Բանն այն է, որ Յակոբաշվիլու գործընկերը վառելիքի շուկայում ադրբեջանական «Socar»–ն է՝ ալիևների կլանին պատկանող նավթային ընկերությունը։ Կան ողջամիտ կասկածներ, որ ի դեմս Յակոբաշվիլու Հայաստանի վառելիքի շուկա է ուզում անուղղակիորեն մուտք գործել «Socar»–ը՝ այդտեղից բխող քաղաքական, աշխարհաքաղաքական ու անվտանգային հետևանքներով։

ՀՀ կառավարությունում գնահատե՞լ են այս ամենի քաղաքական ռիսկերը։ Իսկ գուցե Վահան Քերոբյանը սրանով ցանկանում է ապացուցել, որ «ներդրումները հորդում են» և ամենևին էլ կարևոր չէ դրանց քաղաքական հետևանքը։ Չի բացառվում։