Foto

Ո՞ր ոլորտներում է աշխատատեղերի աճ գրանցվել․ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացնում է թվերը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2021 թվականի մայիսին ՀՀ-ում արձանագրված աշխատատեղերի ցուցանիշին։

«Հայաստանում աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանիշ է արձանագրվել»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը և ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին խնդրել ներկայացնել թվերը:

ՊԵԿ նախագահը նշել է, որ 2021 թվականի մայիս ամսվա վերաբերյալ հայտարարագրված 0-ից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի քանակը կազմել է 635000:

«Այս ցուցանիշն աննախադեպ է և կրկնել է 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում արձանագրված ամենաբարձր՝ 632000 ցուցանիշը»,- ասել է Հովհաննիսյանը:

Վարչապետի խոսքով` աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը սովորաբար գրանցվում է սեպտեմբերին, հետևաբար՝ կառավարության ղեկավարն ակնկալում է, որ այդ ամսին Հայաստանում շատ ավելի բարձր ցուցանիշ կգրանցվի։

«Իհարկե, մենք միշտ այդ հարցի առաջ ենք կանգնում, թե որքանով են այդ թվերն ապահովվում ստվերից դուրս եկած աշխատատեղերի շնորհիվ, որքանով` նոր աշխատատեղերի շնորհիվ։ Բայց, այնուամենայնիվ, մեր վերլուծությունների, քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ հիմա շինարարության ոլորտում աճ կա, և աշխատատեղերի աճը զգացվում է այդ ոլորտում։ Նաև զբոսաշրջության դանդաղ, բայց հաստատուն վերականգնման գործընթաց ունենք։ Եվ հաջորդ ամենախոշոր սեգմենտը, որտեղ աշխատատեղերի աճ ունենք, հանրային սննդի ոլորտում է»,– ասել է Փաշինյանը։