Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, մեկնարկել են «Բարեկամություն» կամրջի աշխատանքները, հաղորդում է Aliq.ge-ն:
Երկու երկրները կապող կամուրջը կառուցվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների համաֆինանսավորմամբ։
«Բարեկամության կամուրջը կառուցվում է հին՝ այսօր գործող կամրջի հարևանությամբ: Կազմված է երկու կամրջից, յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ երթևեկելի գոտիներով, ջրահեռացման ու լուսավորման համակարգերով։ Հին կամուրջն այլևս ի վիճակի չէ սպասարկել երկու երկրների միջև բեռների և ուղևորների մեծ հոսքը»,-ասում է կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը։
Երկու երկրների միջև բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների առումով հիմնական համարվող Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում նոր կամրջի կառուցումն ապահովելու է ավելի մեծ ծանրաբեռնվածություն, կրճատելու է ճանապարհի տևողությունը` հարմարավետ ու անվտանգ դարձնելով բեռնատար ու մարդատար մեքենաների շարժը:
Ծրագրի ղեկավարի խոսքով, համատեղ եզակի նախագիծը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի և Վրաստանի համար: Նրա հայտարարությամբ․ «Նման ծավալով սա հայ-վրացական առաջին համատեղ ծրագրերից մեկն է»։
Կամրջի կառուցման ողջ գործընթացն իրականացվում է բանկի կողմից ներկայացված միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ամրության, որակի միջազգային չափանիշների կիրառմամբ։
Գործող հին, նեղ կամուրջն արդեն պիտանի չէ, սակայն այն պահպանվելու է՝ խցանումների դեպքում ծառայելով որպես այլընտրանքային ճանապարհ։
Հայ-վրացական սահմանի «Բարեկամության» կամուրջը նախատեսվում է շահագործման հանձնել մեկ տարի անց։