Բիզնեսում, ընտանիքում, քաղաքականության մեջ, թե որևէ այլ տեղ, կարևորը ինքնավստահությունն է։ Մայիսի 31-ին «The Loft» -ում «My Mentor» ծրագրի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանը շեշտեց Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրամյանը։
Հայ բիզնեսմենը երիտասարդների հետ կիսվեց ոչ միայն բիզնես-հմտություններով ու գաղափարներով, այլև ընտանեկան, ընկերական և այլ
հարցերում ճիշտ ինքնադրսևորվելու, սեր ու
հարգանք վայելելու իր բանաձևերով։
«Գիտելիքը շատ կարևոր է, բայց միայն
գիտելիքով հաջողության չես հասնի։ Առավել կարևոր է ինքնավստահությունը, օրիգինալությունը, նախաձեռնողականությունը և հավատը, որ այն ինչ անում ես, հաջողությամբ է ընթանալու»,-ասաց Աբրամյանը։
Նա ընդգծեց՝ երբեք չմտածել, թե ինչ-որ հեռավոր գյուղից լինելը դատապարտում է անհաջողության։ Ամեն հարցում որոշիչը մարդն է ու ինքն իր հանդեպ ունեցած վերաբերմունքը։
Հարցին՝ ո՞րն է կարևոր ձեռբերում համարում իր համար, Աբրամյանը պատասխանեց։
«Ձեռքբերումը հարաբերական է։ Պետք է ամեն տեղ ձեռքբերում ունենալ․ օրինակ ես ձեռքբերում եմ համարում այն, որ լավ ընտանիք ունեմ, որ ամբողջ աշխարհում ճանաչում ունեմ և այդ ճանաչումն, ըստ անհրաժեշտության, օգտագործում եմ այս կամ այն հարցում մարդկանց օգտակար լինելու համար, որ կարողանում եմ կյանքեր փրկել և այլն։ Մինչև 10-րդ դասարանս ծնողներս, քույրս ու 5 եղբայրս վարձով ենք ապրել, իսկ այժմ ես կարողանում եմ մարդկանց բնակարանով ապահովել, դա ինձ համար և՛ երջանկություն է, և՛ ձեռքբերում»,-ասաց նա։
Աբրամյանն իր խոսքում շեշտեց ընտանիքում հաշտ ու խաղաղ ապրելու կարևորությունը, ծնողներին
անվերպահորեն սիրելն ու հարգելը և այն, որ կյանքը կարճ է և ամեն բան պետք է անել, հետագայում թերարժեքության զգացում չունենալու համար։
«Միշտ հիշեք՝ ամեն մարդ իր տեղն ու դերն ունի կյանքում և պետք է նրանց ընդունել այնպիսին, ինչպիսն կան։ Պարտադիր չէ, որ բոլորը գիտնական լինեն։ Մեկը կարող է լավ պատշար լինել, մյուսը լավ գինեգործ, մեկը՝ երաժիշտ, մյուսը՝ քաղաքական գործիչ և այլն։ Երբ մենք կարողանանք բոլորին ընդունել այնպիսին, ինչպիսին կան, և գնահատել նրանց կարևորությունը, հավատացե՛ք, ամեն բան ավելի լավ կլինի ու արդյունավետ։
Երիտասարդների հետ մոտ 2 ժամ տևած հանդիպումը անցավ ջերմ, անկեղծ, ու հումորային մթնոլորտում, որտեղ, երիտասարդ մենթիները հնարավորություն ունեցան Արա Աբրամյանին ուղղել իրենց հուզող հարցերն ու ստանալ բիզնեսում արագ հաջողության հասնելու բանաձևերը։
Ծրագրի շրջանակներում ընդունվել է 270-ից ավելի դիմում, որոնց հավանության դեպքում
Արա Աբրամյանը կաջակցի դրանց իրագործմանը։
Նման հանդիպումները մեր հանրության համար անհրաժեշտ ու կարևոր են, որովհետև դրանք հնարավորություն են ընձեռում երիտասարդ, նախաձեռնող սերնդին բացահայտել սեփական հնարավորություններն ու գնալ մեծ նպատակների հետևից, մանավանդ, երբ զրուցակիցը գործարար ոլորտում այնպիսի հաջողակ ու կայացած անհատ է, ինչպիսին Արա Աբրամյանն է։