Foto

ԱՄՆ-ում առաջարկում են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ մարդու իրավունքների խախտման համար

Ամերիկացի դեմոկրատ սենատորներն առաջարկում են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ մարդու իրավունքների խախտման համար: Այս մասին հայտնել է նախաձեռնության հեղինակներից մեկի՝ Էդվարդ Մարկիի մամուլի ծառայությունը, հաղորդում է «ՏԱՍՍ» -ը:

19-էջանոց օրինագիծը, որի հեղինակներից են, բացի Մարկիից, Ռոն Ուայդենն ու Ջեֆ Մերքլին, ուղղված կլինի «Թուրքիայի կառավարության պաշտոնական անձանց դեմ, ովքեր պատասխանատու են քաղաքականապես մոտիվացված ձերբակալությունների, սոցցանցերում խոսքի ազատության սահմանափակման ու միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների այլ կոպիտ խախտումների համար»:

Նախաձեռնությունով ԱՄՆ պետքարտուղարին առաջարկվում է օգնություն ցուցաբերել Թուրքիայի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:

Փաստաթղթում ասվում է նաեւ, որ Թուրքիան պետք է դադարեցնի «կամայական ձերբակալություններն ու փաստաբանների, դատավորների ու դատախազների հետապնդումները»: