Ռուսաստանի հայերի միության
և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը տարիներ շարունակ եղել
է Հայաստանի ստեղծագործական միությունների և գիտական հաստատությունների կողքին: Նրա
ֆինանսական աջակցությամբ մշտապես իրականացվել են ստեղծագործական մրցույթներ և մրցանակաբաշխություններ՝
նպատակ ունենալով նպաստել հայրենիքի գիտամշակութային կյանքի աշխուժացմանը, մտավորականների
ստեղծագործական պայմանների բարելավմանը:
Ապրիլի 8-ին Արա Աբրահամյանը
հյուրընկալվել էր Հայասատանի գրողների միությունում: Նա գրողներին ներկայացրեց իր գործունեության
հիմնական ուղղություններն ու նպատակները, Հայաստանի մտավոր և մշակութային ապագայի իր
տեսլականը:
«Մեր հաջողությունների և վերածննդի
միակ գրավականը մեր միասնականության մեջ է: Ես սիրում եմ մեր ժողովրդին և հավատում
եմ նրա կարողություններին, իսկ մտավորականությունը պետք է լինի նրան առաջնորդողի դերում»,-
ասաց Արա Աբրահամյանը
Գրողների միության նախագահ
Էդ. Միլիտոնյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար՝ նկատելով, որ Արա Աբրահամյանի
բարեգործական ծրագրերը զգալի նշանակություն են ունեցել կազմակերպության բնականոն գործունեության
համար: Այդ միջոցներով բազմաթիվ գրողներ հնարավորություն են ունեցել հրատարակել իրենց
ստեղծագործությունները, իսկ կազմակերպված մրցանակաբաշխություններն ու մրցույթները ծնունդ
են տվել նոր ստեղծագործությունների: Գրողների միության նախագահը հիշեց, որ տարիներ
առաջ մեր գրողներից մեկը, սոցիալական ծանր պայմանների պատճառով, մտադրվել էր արտագաղթել,
բայց, Արա Աբրահամյանի հայտարարած մրցանակաբաշխությանը մասնակցելով ու հաղթելով, փոխեց
իր մտադրությունը և այսօր էլ ապրում ու ստեղծահործում է հայրենիքում: Էդ. Միլիտոնյանը
հույս հայտնեց, որ Արա Աբրահամյանի բարեգործական ծրագրերն ու նախաձեռնություններն այսուհետ
նույնպես շարունակական կլինեն:
Իր հերթին Արա Աբրահամյանը
հավաստիացրեց, որ միշտ եղել է և կշարունակի լինել հայ մտավորականի կողքին: