Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին աշխատանքային այցով գտնվում է Դոնբասում։ Նախատեսված է Ուկրաինայի ղեկավարի այց առաջնագիծ, որտեղ վերջերս համակարգված կերպով խախտվում է համապարփակ և կայուն հրադադարի ռեժիմը։ Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Վոլոդիմիր Զելենսկին Դոնբաս է մեկնել որպես Գերագույն գլխավոր հրամանատար՝ զինվորականների հետ շփվելու և պաշտպանների մարտական ոգին բարձրացնելու համար: Զելենսկին կհանդիպի նաև առաջնագծում ծառայող զինվորականների հետ:
Դոնբասում շփման գծում իրավիճակը սրվել է փետրվարին։ 360 TV պարբերականի հաղորդմամբ՝ մարտի վերջին Դոնեցկի շրջանի Շումի բնակավայրի շրջանում գնդակոծության ժամանակ ուկրաինացի չորս զինծառայող էր սպանվել։ Ապրիլի 3-ին ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության Ալեքսանդրովսկոյե գյուղում հայտնել էին 5-ամյա տղայի մահվան մասին, որը զոհվել էր Ուկրաինայի զինված ուժերի կողմից ԱԹՍ-ի օգտագործմամբ գնդակոծության հետևանքով։ Կիևը հայտնել էր, որ երեխան մահացել է ոչ թե գնդակոծության, այլ բակում գտնվող ականի վրա պայթելու հետևանքով։
Իր հերթին ուկրաինական կողմը հաղորդում է, որ միայն այս տարի Դոնբասում գնդակոծությունների հետևանքով 23 զինվորական է սպանվել, որոնցից տասը՝ մարտի 26-ից հետո։