Foto

Նիկոլին շատ քիչ ժամանակ է մնացել

Ընդամենը մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում հայտարարում էր, որ բանակը զերծ է մնացել իրենց հեղափոխական «բարեփոխումներից»: Այսինքն բանակի գործերին իբր հնարավորինս  քիչ են միջամտել: Եթե երեք տարվա մեջ ԶՈՒ ԳՇ երեք պետ փոխելը, գեներալներին շինծու մեղադրանքներով դատարաններ տանելը, պաշտպանական շրջանների մարտական հրամանատարներին «պարկետային» հրամանատարներով փոխարինելը բանակի գործերին չդիպչելն է, ապա, ինչպես կասեր դասականը՝ Նիկոլը ճիշտ էր:

Տարօրինակ զուգադիպությամբ Նիկոլի առաջարկությամբ հիմա էլ պաշտոնից ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը: Այն Տիրան Խաչատրյանը, ով պատերազմի օրերին Ազգային հերոսի կոչում ստացավ: Թեև պաշտոնաապես չի ասվում գեներալին ազատելու իրական պատճառը, սակայն պարզից էլ պարզ է, որ Նիկոլի մեջ կրկին խոսել է քինախնդրությունը, քանի որ Տիգրան Խաչատրյանը համարձակություն էր ունեցել լրագրողին «Իսկանդերի» 10 տոկոսով պայթելու մասին Նիկոլի հայտարարության վերաբերյալ ասել՝ «Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ»:

Ընդհանրապես Նիկոլի գործողություններում անչափ շատ են տարօրինակությունները: Երեկ հայտարարեց, որ «Իսկանդերը» չի պայթել կամ 10 տոկոսով է պայթել, որին հետևեց շատ կոշտ արձագանք ռուսաստանյան գրեթե բոլոր հնարավոր խողովակներից, իսկ այսօր կառավարության նիստում հայտարարում է, որ մտադիր է ավելի ընդլայնել ու արդյունավետ դարձնել ՌԴ հետ ռազմատեխնիկական համագործակցությունը: Երևի հույս ունի, որ «Իսկանդերից» լա՞վ զենք են առաջարկելու, չգիտեմ: Երեկ հայտարարում էր, որ բանակին չի կպել, բացի «պասիլկա-մայկա-տռուսիկ» թեմաներից, այսօր աշխատանքից ազատում է ԳՇ պետի առաջին տեղակալին: Հայտարարում է իր աննախադեպ վարկանիշի մասին, բայց բացի Գյումրի-Երևան մայրուղու «սատարողներից», մյուս քաղաքացիներից պաշտպանվում է «պրետորիականնների» բազմահազարանոց պատնեշի ետևում:

Կասկած կա, որ դրանով Նիկոլը ցանկանում է իր կերպարի շուրջ անմեղսունակության քող տարածել, սակայն ակնհայտ է, որ երբ գա դատարանի առաջ իր անմեղսունակությունը հաստատելու ժամը, անկողմնակալ բժիշկներ կգտնվեն: Իսկ այդ ժամը շատ մոտ է՝ ԶՈՒ ԳՇ-ն արդեն հայտարարություն է տարածել՝ Նիկոլի հրաժարականի պահանջով:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան