Ստեփանակերտում շարունակում է աշխատել քաղաքացիների ընդունելության կենտրոնը, որտեղ կազմակերպվել է «թեժ գիծ»՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության անհետ կորած մասնակիցների մասին տեղեկատվություն հավաքագրելու համար:
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ անհետ կորածների որոնումներն իրականացնում է ռուսական խաղաղապահ զորակազմը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ:
Ըստ գերատեսչության՝ բոլոր դիմումները գրանցվում են, մուտքագրվում տվյալների բազա և փոխանցվում համատեղ որոնողական խմբերին:
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ քաղաքացիների ընդունելության կենտրոն օգնության է դիմել ավելի քան 2320 մարդ, այդ թվում` 575-ը` զանգահարելով «թեժ գիծ»: