Foto

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին կոչ է արել ազատ արձակել Նավալնիին


Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ մտահոգված է Ռուսաստանում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությամբ և նրան անհապաղ ազատ արձակելու կոչ է արել, ասված է գերատեսչության ներկայացուցչի հայտարարության մեջ, փոխանցում է ria.ru-ն:

Նավալնիին անհապաղ ազատ արձակելու կոչով է հանդես եկել նաև Ջեյք Սալիվանը, որին ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը մտադիր է անվտանգության հարցերով խորհրդական նշանակել, ինչպես նաև Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, եվրոպական մի քանի երկրների ԱԳ նախարարներ: Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ԵՄ-ից պահանջել է արձագանքել Նավալնիի ձերբակալությանը։ Եվրախորհրդարանի ղեկավար Դավիդ Սասոլին հայտարարել է Նավալնիին ԵԽ հրավիրելու պատրաստակամության մասին, իսկ Չեխիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ մտադիր է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում բարձրացնել ռուս ընդդիամադիր գործչի ձերբակալությունից հետո պատժամիջոցների հարցը:

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որի դեմ դեկտեմբերի 29-ից հետախուզում էր հայտարարվել ՌԴ-ում, նախօրեին Մոսկվա վերադառնալուն պես ձերբակալվել է։

Նրան ձերբակալել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում, որտեղ նա ժամանել էր Բեռլինից: Նշվում է, որ նրա դեմ հետախուզում է հայտարարվել պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար: Նրա դեմ խափանման հետագա միջոցը կորոշի դատարանը: Նախքան դատարանի որոշումը Նավալնին կմնա կալանքի տակ:

ՌԴ Քրեակատարողական դաշնային ծառայությունը հայտնել էր, որ մտադիր է ձերբակալել Նավալնիին, երբ վերջինս հայտարարել էր Ռուսաստան վերադառնալու ցանկության մասին:

Աղբյուրը՝ Tert.am