Արցախյան երկրորդ պատերազմում կրած անփառունակ պարտությունից հետո Հայաստանը հայտնվել
է տուրբուլենտության վտանգաշատ գոտում: Երկրում
ստեղծված բարոյահոգեբանական գաղջ մթնոլորտը
օրըստօրե խորանում է՝ ի դերև հանելով պետության
ապագային առնչվող նորանոր վտանգներ: Ակներև այս փաստը ցանկության դեպքում անգամ անհնար է վիճարկելը: Պատերազմում
տված հազարավոր զոհերի մրմուռին գումարվել է նաև ներկա պահին թշնամու տարածքում գտնվող
հարյուրավոր գերիների ճակատագրի անորոշությունը: Պետական մարմիններից
նրանց ճակատագրի վերաբերյալ հոդաբաշխ
պատասխան չստանալով, ժողովուրդը սկսել է դիմել ճարահատ
քայլերի՝ պաշարել ՊՆ, Գլխավոր դատախազության
և Կառավարության շենքերը, պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «անմեղսունակ» որակմանն արժանացած գործող կառավարության հրաժարականը:
Ինչպես ընդունված է ասել՝ Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ «շունը տիրոջն այլևս չի ճանաչում»: Երկրում ստեղծված
իրավիճակի, ներկաների ու նախկինների, սև ու
սպիտակի միջև ընթացող կենաց-մահու պայքարի ու ակնկալվող ելքերի մասին է մեր զրույցը՝ «Հայաստանի մտավոր սեփականության ֆեդերացիայի» ներկայացուցիչներ Գագիկ Մանասյանի և Արթուր Ազարյանի հետ:
- Պարոն Մանասյան,
ասում են մահամերձի համար միևնույն է՝ արդյոք մաքուր է իր բարձն ուղղող ձեռքը: Հայաստանում
ստեղծված կատարյալ անիշխանության պայմաններում ժողովուրդը ճարահատ՝ կարծես կրկին փորձում է ապավինել «ծանոթ սատանայի»՝ նախկինների
օժանդակությանը: Շարունակական հանրահավաքներ ու երթեր կազմակերպող ուժերը Ձեր
կարծիքով կարո՞ղ են հասնել հաջողության: Ձեր անմիջական նախաձեռնությամբ վերջերս կազմակերպված մտավորականների հավաքի ժամանակ
դուք նույնպես ձեր զորակցությունը հայտնեցիք «Հայրենիքի փրկության շարժման» միասնական
թեկնածուին, այդպե՞ս է:
- Դա կարող եք դիտարկել իբրև մեր կողմից առաջարկվող միջանկյալ
լուծում: Միջանկյալ, քանի որ Հայաստանում ստեղծված իրավիճակն ունի պատճառահետևանքային հստակ բացատրություն: Որքան էլ ցավալի լինի, սակայն
հարկ է ընդունել, որ հերթական անգամ գործ ունենք քավության նոխազ «կարգելու» դասական
դարձած ծեսի հետ: Որ Նիկոլ Փաշինյանն աններելի սխալներ է գործել որի համար պիտի ասպարեզից
հեռանա՝ կասկածից վեր է: Բայց որ այս խայտառակությունը կարող էր
«կյանքի կոչվել» միմիայն նրա շնորհիվ, ըստ
իս, ցնորամտություն է: Մեղսակցության
շառավիղը ենթադրվածից մեծ է: Իսկ կարելի՞ է իմանալ, թե ինչ էր
անում տարիներ շարունակ «մի թիզ հողի» զիջմանն անգամ դեմ զինվորականությունը: Ինչ էր
անում ուխտի ականջում քնած, դավին անտեղյակ հակահետախուզությունը: Ով ու ինչ նպատակով
էր այս ընթացքում ստեղծում իրականության հետ
աղերս իսկ չունեցող «տարածաշրջանի ամենամարտունակ բանակի» միֆը: Ինչևէ, հուսանք,
որ երբևիցե մենք կունենանք այս հարցերի հստակ
պատասխանները: Իսկ Վազգեն Մանուկյանին մենք դիտարկում ենք իբրև միջանկյալ լուծում,
ներքաղաքական անցանկալի զարգացումներից խուսանավելու
ժամանակավոր ելք: Հայաստանի մտավոր սեփականության ֆեդերացիան, որին ներկայացնելու պատիվը
ունեմ, իրավիճակից դուրս գալու գործուն ելք
է դիտարկում՝ աշխարհասփյուռ հայության մտավոր
ներուժի մոբիլիզացիան, իրատեսական ու հետևողական քայլերի հստակ հերթագայությունը, որին
առաջիկայում կանդրադառնանք առավել հանգամանորեն: Ֆեդերացիայի անդամների գործունեությունը
բազմաֆրոնտ է:Նրանցից շատերը՝ ընդհանուր գործին չվնասելու նկատառումներից ելնելով գործում
են ստվերում, հավակնություն իսկ չունենալով արժանանալ գնահատանքի՝ նրանք փորձում են
անել անհնարինը: Ֆեդերացիայի հարգարժան ներկայացուցիչներից մեկը՝ Արբակ Խաչատրյանն,
օրինակ, լռելյան իր գործն է անում, մեծածավալ աշխատանք կատարում:Երկրի առջև
ծառացած որոշակի խնդիրների լուծման նկատառումներով նա այս պահին Մոսկվայում է, որից հետո մեկնելու
է Վաշինգտոն: Բայց այդ մասին (ինչպես և միշտ է եղել) նա ոչինչ չի ասի: Այդպիսին է ճշմարիտ հայորդիների պահվածքը:
Գիտեք տարօրինակն ինչն է: Իրական
«խաչակիրները», մարդիկ են, ում իրական գործունեության
մասին սահմանափակ թվով մարդիկ միայն գիտեն: Ձևավորված համոզումը, թե միայն մարտական
ոգու միջոցով կարելի է հաղթանակ տոնել պատերազմում, հեռու է իրականությունից: Թե ովքեր,
որտեղից, ինչ դժվարությունների գնով կարողացան հայ ազատամարտիկներին հեռավոր 90-ականներին զենք-զինամթերք մատակարարել՝ այդ կերպ ապահովելով հաջողությունը
ռազմի դաշտում, ցայսօր էլ մնում է ըստ հարկի չլուսաբանված: Քանի որ առիթ է ներկայացել
, իմ պարտքն եմ համարում տեղեկացնել, որ այդ մարդկանցից մեկն էլ ասոցիացիայի ներկայացուցիչ
Արբակ Խաչատրյանն է, մարդ՝ ով անձնականը զոհեց հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի,ինչի
համար,սակայն, օրվա իշխանությունների շնորհակալությանն այդպես էլ չարժանացավ; Բայց
ստվերում գործող հերոսներն աննկուն են, նրանք գործում են լուռ, դրսևորում անհավակնոտ
վարք, ձեռքբերում համարելով ընդհանուրին
գոհացնող արդյունքը: Ու որպեսզի խոսքս մերկապարանոց չհնչի, անդրադառնամ մեր նախաձեռնություններից ընդամենը մեկին: Գաղտնիք չէ, որ պատերազմի
ժամանակ հայկական կողմի դեմ Թուրքիայի կողմից կիրառված ՆԱՏՕ-յի արսենալի զինատեսակները
հազարավոր հայորդիների կյանք խլեցին, այդպես էլ չարժանանալով քաղաքակիրթ երկրների խստիվ
դատապարտմանը: Այդ իսկ պատճառով էլ ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփի դեմ մեր իսկ աջակցությամբ ամերիկահայության կողմից ներկայացվելիք դատական հայցն իր տեսակի մեջ աննախադեպ
է լինելու: Ի դեմս Թրամփի, դատական հայց է ներկայացվելու ոչ թե կոնկրետ անձի, այլ պետության նկատմամբ: Տարօրինակ չէ արդյոք, երբ նույն
Միացյալ Նահանգները սանկցիաներ է կիրառում ՌԴ-ից «C-400 » զինատեսակ ձեռք բերած Թուրքիայի
հանդեպ, մինչդեռ առանց ՆԱՏՕ-յի մյուս գործընկերների
գիտության ռազմական դաշինքի արսենալը Հայաստանի հանդեպ կիրառելը այդպես էլ թողնվեց աննկատ: Ֆեդերացիայի անդամներից
շատերը ներկա պահին ազդեցիկ երկրների հետ արժանապատիվ հարաբերությունների հաստատման նախադեպ են ստեղծում: Ի վերջո
հարկ է գիտակցել, որ Հայաստանն աշխարհին ոչ թե իր «կապիտուլացված» վարչապետով ու ռևանշիստական
հռետորաբանությամբ, այլ մտավոր վիթխարի ներուժով
ու, եթե կուզեք, աշխարհի համար ընդօրինակելի՝ համակեցության համընդունելի մոդել դառնալու
հայտով պիտի ներկայանա: Ի տարբերություն շատերի, որոնք ելքը տեսնում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման
մեջ, մենք խորհրդարանական կառավարման համակարգը դիտարկում ենք իբրև անարդյունավետ:
Նման եզրահանգման առիթ են տալիս նախընթաց բոլոր ընտրությունները: Որպես կանոն, ձևավորված
խորհրդարանները մշտապես սպասարկել են մեն մի մարդու՝ երկրի նախագահի շահերը: Հայ խորհրդարանականները
սեփական «բաղը» ջրելուց բացի, ըստ էության,
այլ բանով չեն էլ զբաղվել: Մենք այն համոզմանն ենք, որ առերևույթ իրավահավասար հարաբերությունների
երաշխավոր Սահմանադրությունն ու օրենքները,
իրականում պետության կառավարման գործում հակառակ դերակատարությունն
են ունենում, խոչընդոտելով մարդկության բնականոն
զարգացմանը: Մենք առաջարկում ենք խորհրդարանի փոխարեն ստեղծել աշխարհասփյուռ հայությանը ներկայացնող, 11-ից
12 անձից բաղկացած Արդարության խորհուրդ: Այնպիսի խորհուրդ, որը զերծ կլինի այս կամ
այն ազդեցությանը ենթարկվելիք վտանգից, բայց այդ մասին՝ առաջիկայում…
-Պարոն Ազարյան, ինչպես ասում են՝ «ինչ-որ տեղ,
ինչ-որ բան այնուամենայնիվ սխալ է»… Ձեր կարծիքով ինչը կարող է «ունիվերսալ սոսնձի»
դեր կատարել ու բալասանել խորագույն սթրեսի
մեջ հայտնված մեր հանրությանը:
- Հայաստանում ծայրաստիճան
լարված իրավիճակ է ստեղծվել: Գործող իշխանությունն, ըստ իս, որպես պարտությունն
ընդունած ու կապիտուլյացիան ստորագրած կողմ, այլևս չի կարող երկիրը
ներկայացնել բանակցություններում: Չեմ
կարող չնկատել նաև, որ «Հայրենիքի
փրկության շարժման» միասնական թեկնածուն նույնպես շատերի կողմից միանշանակ ընդունելի
չէ: Վազգենը Մանուկյանը հանրության կողմից
ընկալվում է որպես բոլոր իշխանությունների օրոք «արևի» հետ լեզու գտնող մարդ:
Լինելով Հանրային խորհրդի նախագահ նա երբևէ «թամբին հայտնված» կուսակցության «գլխավոր
գծին» չի հակառակվել, երկում առկա սոցիալ-կենցաղային
լրջագույն խնդիրների, համատարած թալանի վերաբերյալ
հստակ դիրքորոշում այդպես էլ չի արտահայտել: Այն համոզմանն եմ մնում, որ « անփորձ քահանային
ծանոթ սատանայով » փոխարինելը լավագույն ելքը չէ: Թեպետ չեմ կարող չխոստովանել նաև,
որ մեր ազգակիցերի գերակշիռ մասը ոչ թե փրկվել, այլ՝ փրկիչ է ուզում: «Հայաստանի մտավոր
սեփականության ֆեդերացիան» արագ հաջողությանն այդքան էլ հավատ չի ընծայում: Իմ դիտարկմամբ,
Հայաստանը մերձիմոտ է մի իրավիճակի, որը հար և նման է «Ռուսական կայսրության թագը»
ֆիլմի հայտնի հատվածին, երբ կենաց-մահու պայքար է ծավալվում ռուսական գահի «իրական»
հավակնորդների միջև: Բայց մենք առավել քան համոզված ենք, որ սեփական հավակնությունները
որքան էլ արվեստով քողարկվեն, չեն կարող սպրդել իրական «Անտառապահի»՝ ժողովրդի տեսադաշտից:
Մեր խորին համոզմամբ՝ ժողովրդի վստահությունը վայելող, մտածող, ազնիվ ու արդար մարդկանց
մեկտեղումն ու՝ իրերն իրենց անուններով կոչելու
համարձակությունն են լինելու փրկության իրական ելքը: Մեր բոլոր ջանքերը միտված են հենց
այդ նպատակին: Որ մենք հաջողելու ենք,կասկածից վեր է…
Զրույցը վարեց՝
Նելլի Խաչատրյանը