Բացի Ալիևի ու Էրդողանի խմբակից, ոչ ոք չի ցանկանում Հայաստանի
և Արցախի թուլացումը, հայ ժողովրդի միասնականության խաթարումը, որը մեզ մեջքներս ուղղելու
և այս ճակատագրական վիճակից դուրս գալու միակ դուռն է: Նիկոլ Փաշինյանը, ով դեռ հույսեր
է փայփայում շարունակել պաշտոնավարումը որպես ՀՀ վարչապետ, այդ միասնակությանը նպաստելու
փոխարեն շարունակում է հանրության իրեն սատարող հատվածին ներարկել «նախկիններն էին
մեղավոր» թմրանյութը: Հիմա էլ ինչ-որ բացահայտումներ է անում առաջին և երրորդ նահագահների
Մոսկվա կատարվելիք առասպելական այցի մասին, փորձում է արցախյան հակամարտության խաղաղ
կարգավորման պատմությունը ներկայացնել իր կետից, է՛լ ավելի խորացնելով իր նկատմամբ
անվստահության մթնոլորտը, կրկին մեղավորներ նշանակել նրանց, ովքեր, բնականաբար, իր
հետ հապ չունեն:
Նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն արդեն ներկայացրել
է բանակցությունների սեղանին նախկինում եղած փաստաթղթի և Նիկոլ Փաշինյանի հասկացածի
տարբերությունները: Հիմա բազմաթիվ այլ մեկնաբանություններ էլ կլինեն, ինչպես օրեր առաջ
ՌԴ նախագահ Պուտինն արեց, նշելով, որ Շուշիի հանձնման պայմանը միայն վերջին՝ նոյեմբերի
9-ի հայտարարության մեջ է արծարծվել: Բայց ուշագրավն այն չէ, թե ի՞նչ է եղել և ի՞նչ
ունենք, այլ այն, թե ինչպե՞ս դա եղավ: Որովհետև միայն իրական պատճառների ուսումնասիրումն
ու գնահատումը կօգնեն մեզ հետայսու ճիշտ որոշումներ ու քայլեր անել:
Դեռ նախկին նախագահները Նիկոլ Փաշինյանի իրենց Մոսկվա «կատարելիք»
այցի մասին «բացահայտումները» կմեկնաբանեն: Մենք չենք կարող նրանց փոխարեն հերքել կամ
հաստատել դրանք: Բայց մի տրամաբանական գիծ Նիկոլ Փաշինյանի ելույթներում, հրապարակումներում
և գործողությունների մեջ հստակ ընդգծվում է: Ո՛չ այդ «այցի» օրերին, ո՛չ դրանից առաջ
եկու և կես տարիների ընթացքում և ո՛չ էլ հիմա նա չի հանդուրժում մեկին կամ մի քանիսին,
ովքեր կարող էին կամ կարող են մի լավ բան անել այս երկրի համար: Նա ակամա խոստովանում
է, որ այդ օրերին փաստացի մերժել է բանագնացի մանդատ տրամադրել Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին:
Նա հիմա էլ չի հրաժարվում «միակ բանակցողի» իր ձևական արտոնությունից՝ զրոյացնելով իրավիճակի շտկման ցանկացած նախաձեռնություն:
Ես նույնիսկ վստահ չեմ, որ առաջին և երրորդ նախագահները պատրաստ էին կամ պատրաստ են
ինչ-որ հարթակում միասին ինչ-որ բան անել, թեև կուզեի, որ այդպես լիներ: Բայց Փաշինյանի
ներկայացրած «իրականությունից» ակնհայտ է, որ ինքը մերժել է այդպիսի մանդատ տալը:
Նիկոլ Փաշինյանը նմանվել է ՋեԿ Լոնդոնի այն հերոսին, ով զսպաշապիկի
ճնշման տակ հայտնվել է զուգահեռ իրականությունում և փորձում է այս իրականության մեջ
ճշմարտության տեղ ներկայացնել այն, ինչին ինքն ավելի է հավատում: