Foto

Եթե վստահում եք ռուս խաղաղապահներին, ինչո՞ւ չեք հանում ռազմական դրությունը. Ուրիխանյան

«Ե՛վ իշխանությունները, և՛ ընդդիմությունը, և՛ անհատները ողջունել են տարածաշրջանում ռուսական կոնտինգենտի առկայության փաստը, և հատկապես՝ խաղաղապահների ներկայությունը։ Այս դեպքում ինչո՞ւ իշխանությունը վճառական չէ՝ հանելու ռազմական դրությունը»,- խորհրդարանում նման հարց հնչեցրեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Նրան հետաքրքրում էր, թե արդյո՞ք իշխանությունն ունի մտավախություն, որ ՀՀ ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի ռազմական ներկայությունը և ստանձնած պարտավորությունները կարող է հանկարծ չիրականացվեն. «Արդյո՞ք իշխանությունը չի վստահում ՌԴ-ին՝ ի դեմս Վլադիմիր Պուտինի և մյուս պաշտոնատար անձանց»։

Պատասխանելով պատգամավորի հարցին, ԱԺ իմքայլական պատգամավոր Արեն Մկրտչյանը նշեց, որ հարցը չի տեղավորվում քննարկվող՝ «Ռազմական դրությունը վերացնելու» մասին որոշման նախագծի շրջանակում։

«Երեկ ԳՇ ներկայացուցիչը պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց, որ մենք դեռ ունենք լուծելիք հարցեր՝ կապված անվտանգության հետ։ Մասնավորապես՝ շուրջ 520 կմ սահմանի պաշտպանության պատշաճ հերթափոխի կազմակերպում և այլ հարցեր։ Համապատասխան դրույթների մշակումից և կառավարությանը ներկայացնելուց հետո, ըստ ԳՇ-ի, ռազմական դրության գործողությունը կդառնա անիմաստ»,- ասաց Արեն Մկրտչյանը։

Արձագանքելով՝ Տիգրան Ուրիխանյանը կրկին հնչեցրեց իր հարցը՝ արդյո՞ք իշխանությունն ունի մտավախություն, որ ռազմական դրության վերացումից հետո կարող է  հանկարծ ռազմական գործողությունների շարունակություն լինել. «Եթե վստահում եք ռուս խաղաղապահներին, ինչո՞ւ չեք հանում ռազմական դրությունը, որպեսզի մարդիկ կարողանան շարունակել երկրում քաղաքական գործունեությունը»։

Ի պատասխան՝ Արեն Մկրտչյանը կրկնեց.

«Իշխանությունը և ռազմական ղեկավարությունն ունեն առաջնահերթություններ՝ երկրի և սահմանների անվտանգության հետ կապված և առաջացած հետպատերազմական խնդիրների հրատապ լուծման մասով»։

Աղբյուր` Panorama.am