Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները։ Կողմ քվեարկեց 69 պատգամավոր։ Այս օրենսդրական նախաձեռնությամբ ռազմական դրության, պատերազմի կամ մարտի ժամանակ որոշակի գործողություններ կատարելու համար առավել խիստ պատժաչափեր են սահմանվում։
Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել Քրեական օրենսգրքի 327-րդ, 327/1 -րդ, 3275 -3276 -րդ, 328-րդ, 356-րդ, 361-րդ եւ 362-րդ հոդվածներում։
Փոփոխությունները հետևյալն են՝
Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելը․
Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու դեպքում, եթե արարքը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ` 6-12 տարի ժամկետով՝ նախկին 4-8 տարվա փոխարեն։
Այլընտրանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը
Ռազմական դրության, պատերազմի ժամանակ այս արարքի համար պատժվում են ազատազրկմամբ` 6-12 տարի ժամկետով՝ նախկին 3-8 տարվա փոխարեն։
Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելը
Եթե այս արարքը կատարվում է ռազմական դրության, պատերազմի ժամանակ` պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով՝ նախկին 6-12 տավա փոխարեն։
Հրամանը չկատարելը
Պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելը, որն էական վնաս է պատճառել ծառայության շահերին, պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով՝ նախկին 5-15 տարվա փոխարեն։
Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը
Այս հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում են ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով՝ նախկին 3-8 տարվա փոխարեն։
Դասալքությունը
Դասալքությունը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով՝ նախկին 6-12 տարա փոխարեն։