Foto

Կրկին պոպուլիզմ՝ գործի փոխարեն

Շրջակա միջավայրի նոր նախարարը մեկիկ-մեկիկ կրկնում է իր քաղաքական թիմի պոպուլիստական գործելաոճը: Երկրում ամենախայտառակ վիճակում գտնվող ոլորտի թիվ մեկ պատասխանատուն իր աշխատանքային գործունեությունը սկսել է «մեռել տփելով»: Նա հայտարարել է, որ իր առաջին թիրախը լինելու է մեծ աղմուկ հանած, իմքայլական պատգամավորի հետ առնչություն ունեցող լողափը:

Ուրիշ պրոբլեմ, խնդիր չկա՞ բնապահպանուրթյան ոլորտում: Միայն Ամուլսարը մի ամբողջ կյանքի կբավականացնի: Այս օրերին հասարակությունը բղավում է Նորքի այգիների և Մաշտոցի պուրակի մասին, բայց նախարարը Շորժայից «տուն չի գալիս»: Հասկանալի է, որ Մաշտոցի պուրակում կատարված ծառահատումներն ու կառուցապատումը, Նորքի այգիների աճուրդը նախկինների հետ կապել չի հաջողվի, որովհետև դրանք այս իշխանության արգասիքն են: Նախկին մարզպետը լավ գիտի, որ թիմին հակառակ չի կարող գնալ, նոր պաշտոնում ինքնահաստատվելու համար իրեն այլ տեղ ու այլ սենսացիա է պետք: Իբր Սևանի խնդիրներն իր համար առաջնային են, բայց նա ոչ թե կարևորում է լճի կանչելու դեմ պայքարը, ջրառի կամ մակարդակի խնդիրը, այլ կոնկրետ փող ենթադրող բիզնես գործընթացները՝ հողհատկացումները, սիգի որսը: Վստահաբար կարող ենք ասել, որ եթե Հայկ Սարգսյանը քաղաքական թիմին բարկացրած չլիներ իր անդիմակ փարթիով, դրան էլ չէր անդրադառնա նորաթուխ նախարարը: Հիմա հարմար առիթը, անուղղակի «դաբրոն» կա, արդեն 14 օրով գործունեությունը կասեցրած օբյեկտը կարելի է «դաբիվատ» անել մինչև վերջ:

Առաջին վայրկյանից հետևում եմ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարություներին, ակնկալիքով, որ օրախնդիր հարցերին ինչ-որ անդրադարձ կկատարի, կնախանշի այս պաշտոնում իր և նախարարության առաջնահերթությունները, բայց կարդում եմ միայն, որ նախարարությունում կադրային ջարդ չի սպասվում: Ենթագիտակցորեն այս մարդն ու թիմը մնտածում են ջարդելու, ավերելու մասին, երբ վաղուց կառուցելու, ստեղծելու ժամանակն է: Այո, նա կրկնում է իր անմիջական գործատուի (բառի բուն իմաստով)՝ վարչապետի գործելաոճը, որովհետև համոզված է, որ նրանից ու կառավարությունից տարբերվող կարծիք չի կարող ունենալ: Ինքն արդեն դիրքավորվել է կրավորական տիրույթում, այսինքն, մենք նույնիսկ հույս չենք կարող ունենալ, որ ինչ-որ բան այս ոլորտում փոխվելու է: Մենք ունենք հերթական անդեմ չինովնիկը, որ կառավարության նիստերին կարտասանի «Ինչպես Դուք շատ ճիշտ նկատեցիք, պարո՛ն վարչապետ», «Դուք միանգամայն իրավացի եք, պարո՛ն վարչապետ» շտամպած նախադասությունները:

Վերջում ցանկանում եմ ուշադրություն հրավիրել Ռոմանոս Պետրոսյանի մի արտահայտությանը, որ արել է մարզպետի պաշտոնը թողնելուց հետո: Նա հրաժարվում է մարզպետության ժամանակաշրջանի հանրային հաշվետվությունից, ասելով՝ «Իմ ամենօրյա հանդիպումները, քաղաքացիների ու տնտեսվարողների ընդունելությունները, աշխատանքային այցերը և բոլոր որոշումներն ու նախաձեռնությունները լայնորեն լուսաբանվել են մեր պաշտոնական էջերով ու լրատվամիջոցներով՝ թե’ վերջիններիս նախաձեռնությամբ և թե’ մեր կողմից տարածվող մամլո հաղորդագրությունների հիման վրա»: Մարզպետը սրանով ոչ միայն հայտարարում է, որ ինքը հանրության առաջ պատասխանատու է բացառապես վիրտուալ տիրույթում, այլև նախադեպ է ստեղծում իր քաղաքական թիմի համար՝ հեռանալ «անգլիական» ձևով: Այսուհետ բոլոր բարձրաստիճան չինովնիկները կարող են հասարակությունից թաքնվել մամուլի խոսնակների թիկունքում, մոռանալով բաց գործելաոճի, պատասխանատվության և հաշվետվողականության մասին իրենց հեղափոխական կոչերը: Ռոմանոս Պետրոսյանի դեպքը՝ նշանակումից մինչև աշխատաոճ, խոսում է հեղափոխության տապալման մասին: Հեղափոխություն, որն, ինչպես կասեր Երևանի այսօրվա քաղաքապետ Հայկ Մարությանի բեմական հերոսներից մեկը, սիրում են բոլորը, զզվում են մի քանիսը: Թե ովքեր են այդ մի քանիսը, արդեն դժվար չէ կռահել:

 

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան