Փաստաբան նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այդ երկրի նախագահը օգտագործում է ցանկացած առիթ ու հնարավորություն՝ հայտարարելու համար, որ պատրաստ է ջախջախիչ հարված հասցնել Հայաստանին՝ ընդհուպ գրավելով մայրաքաղաք Երևանը:
Տարիներ շարունակ Հայաստանի բարձրագույն իշխանությունները մշտապես հայտարարել են, որ երբեք նախահարձակ չեն լինի և առաջինը կրակ չեն արձակի:
Մի կողմից սա հստակ ուղերձ է միջազգային հանրությանն այն մասին, որ որևէ պարագայում Հայաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի, այդ թվում և Ադրբեջանի վրա՝ Արցախի հակամարտության կարգավորումը դիտարկելով բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով, ինչը միանշանականորեն ճիշտ է և արդարացված:
Մյուս կողմից, սակայն, ցավալիորեն նշված վարքագիծը թյուր տպավորություն է ստեղծում Ադրբեջանում այն մասին, որ մեր երկիրն ի վիճակի չէ կամ չունի համապատասխան ռեսուրսներ՝ ապահովելու սեփական անվտանգությունը:
Այլ կերպ ասած, Ադրբեջանում իշխում է այն մտայնությունը, որ ինչ էլ լինի, միևնույն է՝ Հայաստանը չի հարձակվելու:
Իմ կարծիքով, Ադրբեջանի այսօրվա վարած քաղաքականության ֆոնին Հայաստանի որդեգրած քաղաքականությունը ազգային անվտանգության ապահովման տեսնակյունից կարող է հետագայում լրջագույն խնդիրներ ստեղծել մեզ համար:
Այլ կերպ ասած, Հայաստանի այս դիրքորոշումը կարելի է բացատրել հետևյալ կերպ. Քանի դեռ ռումբը չի պայթել Երևանի սրտում /Ակնհայտ է, չէ՞, որ Ադրբեջանը գրեթե մշտապես ռմբակոծել է ՀՀ-ի և Արցախի սահմանամերձ շրջաններին/, Հայաստանը նախահարձակ չի լինելու և կանխարգելիչ հարվածներ չի հասցնելու:
Ստացվում է, որ մենք անզեն աչքով տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը մեր քթի տակ ստեղծում ռազմավարական միջոցներ ու ենթակառուցվածքներ /Այդ թվում՝ Նախիջևանում/, որոնք ուղղակիորեն սպառնում են մեր ազգային անվտանգությանը։
․․․Եթե մենք մեր պատմությունից դասեր չենք քաղել ու չենք քաղում, իսկ դա դառը ճշմարտություն է, ապա գոնե այնքան խելացի լինենք՝ այդ դասերը ուրիշներից քաղելու համար:
Գոնե ինձ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը և նրա հասարակությունը 2016թ. ապրիլյան պատերազմից հետո նկատելիորեն փոխվել է:
Գուցե և չարդարացված ու չափազանցված, սակայն ակնհայտ է, որ այդ երկրում իրականացվող քարոզչության արդյունքում այդ երկրի հասարակությունը փորձում է դուրս գալ պարտված ժողովրդի սինդրոմից և ակնհայտորեն ռևանշի միտումներ է դրսևորում:
Եթե չեմ սխալվում, Թուրքիան և Իսրայելն իրենց պետությունների տարածքային ամբողջականությունն ապահովելու և արտաքին ռազմական սպառնալիքները չեզոքացնելու նպատակով որպես միջոց կիրառելի են համարում ՛՛Կանխարգելում դրսից՛՛ սկզբունքը:
Սա նշանակում է, որ այդ երկրները, հավանական ու իրական են համարում նախապես չեզոքացնելու այն հնարավոր բոլոր ռազմական սպառնալքիները, որոնք կարող են սպառնալ իրենց անվտանգությանը:
Այլ կերպ ասած, թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը որդեգրել են այն քաղաքականությունը, որ չեն սպասելու մինչև ռումբերը պայթեն Անկարայում կամ Թել Ավիվում:
Իրենք իրենց իրավունք են վերապահում կանխարգելիչ հարվածներով չեզոքացնել այդ սպառնալիքները:
Այս պայմաններում, իհարկե, Հայաստանի տրամաչափն ու հնարավորությունները բավականին համեստ են:
Բայց մենք իսկապես չենք կարող նստել ապուշի պես ու տեսնել, թե ինչպես է Ադրբեջանը կուտակում ռումբեր՝ մեր գլխին թափելու համար:
Խորապես համոզված եմ, որ Հայաստանը պետք է որդեգրի ամբողջովին նոր վարքագիծ՝ Ադրբեջանի հետ խոսելով համարժեք դիրքերից՝
Հայաստանը շատ կոնկրետ ուղերձ պետք է հղի միջազգային հանրության իր գործընկերներին ու բարեկամներին՝ հստակ շեշտադրմամբ, որ առանց վարանելու իրեն իրավունք կվերապահի իր պետությանն ու ժողովրդին ուղղակիորեն սպառնացող հակառակորդի կրակակետերին ու ռազմական եթնակառուցվածքներին կանխարգելիչ հարվածներ հասցնելու համար:
Մենք պարտավոր ենք գիտակցել, որ անհրաժեշտ է այժմ և հենց այս պահին զսպել Ադրբեջանին, այլապես որևէ մեկը թող կասկած չունենա, որ նրանց ախորժակը Երևանն է լինելու:
Ո՞վ է այն ապուշը, որ չի ցանկանում կամ չի ուզում տեսնել, որ Նախիջևանում կուտակվող զորքն ու ռազմամթերքը, և այդ սահմանում իրականացվող գործընթացները կարղ են միտված լինել անգամ ուղղակիորեն Երևանին հարվածելու՝ արդյունքում Երևան-Արցախ կապն այդ ուղղությամբ վերացնելու և վերահսկողության տակ վերցնելու համար…
Մենք պետք է գիտակցենք, որ չունենք ռազմավարական թիկունք, նահանջի դաշտ և պարտվելու իրավունք…
Ռազմաքաղաքական այսպիսի իրավիճակում, երբ անզեն աչքով տեսանելի է, որ Ադրբեջանը և նրա ղեկավարը փաստացիորեն պատրաստվում է ռազմական ավանտյուրայի, Հայաստանը պարտավոր է ձեռնարկել իրավիճակից բխող համարժեք քայլեր՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար:
Եկեք անկեղծ լինենք, ժամանակը մեր օգտին չի աշխատում:
Այս իրավիճակում սեփական գոյությունը պահպանելու համար երբեմն պետք է առաջ անցնել ժամանակից և լուծել հարցը սեփական օրակարգով…»