Foto

Վլադիմիր Պուտին. «Մեծ հաղթանակի 75 տարին. ընդհանուր պատասխանատվություն պատմության և ապագայի հանդեպ»

Հայրենական մեծ պատերազմի ավարտից անցել է 75 տարի: Այդ տարիների ընթացքում մի քանի սերունդ է մեծացել: Փոխվել է մոլորակի քաղաքական քարտեզը: Այլևս չկա Խորհրդային Միությունը, որը վիթխարի, ջախջախիչ հաղթանակ տարավ նացիզմի նկատմամբ, փրկեց ամբողջ աշխարհը: Այդ պատերազմի իրադարձություններն էլ, նույնիսկ նրա մասնակիցների համար, այսօր հեռավոր անցյալ են: Սակայն ինչո՞ւ է, որ Ռուսաստանում մայիսի 9-ը նշվում է որպես ամենակարևոր տոնը, իսկ հունիսի 22-ին կյանքը կարծես կանգ է առնում: Եվ արցունքները մեր, գունդ դառած, դեմ են առնում կոկորդում:

Ընդունված է ասել. պատերազմը խորը հետք է թողել յուրաքանչյուր ընտանիքի պատմության մեջ: Այս խոսքերի հետևում միլիոնավոր մարդկանց ճակատագրերն են, նրանց տառապանքներն ու կորուստների ցավը: Հպարտություն, ճշմարտություն և հիշողություն:

Ծնողներիս համար պատերազմը շրջափակված Լենինգրադի սարսափելի տանջանքներն են, որտեղ մահացավ իմ երկամյա եղբայր Վիկտորը, որտեղ մայրս հրաշքով փրկվեց: Հայրս, չնայած ուհեցած ամրագրմանը, որպես կամավոր մեկնեց պաշտպանելու իր հարազատ քաղաքը. նա արեց նույնը, ինչ միլիոնավոր խորհրդային քաղաքացիները: Նա կռվել է «Նևսկի պյատաչոկ» պլացդարմում, ծանր վիրավորվել է: Եվ որքան ավելի հեռու են այդ տարիները, այնքան ավելի մեծ է ծնողներիս հետ խոսելու, նրանց կյանքի պատերազմական շրջանի մասին ավելին իմանալու պահանջը: Բայց որևէ բան հարցնելն այլևս անհնար է, ուստի ես սրտումս սրբորեն պահում եմ հորս ու մորս հետ այս թեմայի շուրջ խոսակցությունները, նրանց զուսպ զգացմունքները:

Ինձ և իմ հասակակիցների համար կարևոր է, որ մեր երեխաները, թոռները, ծոռները հասկանան, թե ինչպիսի փորձությունների և տանջանքների միջով են անցել իրենց նախնիները: Ինչպե՞ս, ինչո՞ւ նրանք կարողացան կանգուն մնալ և հաղթել: Որտեղի՞ց ծնվեց նրանց ոգու հիրավի  երկաթե ուժը, ինչը զարմացրել և հիացրել է ամբողջ աշխարհը: Այո, նրանք պաշտպանում էին իրենց տունը, երեխաներին, հարազատներին, ընտանիքը: Բայց բոլորին միավորում էր սերն Հայրենիքի հանդեպ: Այս խորին, անձնային զգացմունքն իր ամբողջության մեջ արտացոլում է մեր ժողովրդի էությունը և դարձել է նացիստների դեմ նրա հերոսական, անձնազոհ պայքարի բնորոշիչներից մեկը:

Հաճախ հարց են տալիս. ներկայիս սերունդն ինչպե՞ս կդրսևորի իրեն, ինչպե՞ս կվարվի ծայրահեղ իրավիճակում: Աչքիս առաջ են երիտասարդ բժիշկները, բուժքույրերը, երբեմն՝ երեկվա ուսանող, որ այսօր մտնում են «կարմիր զոնա» մարդկանց փրկելու համար: Մեր երիտասարդ զինծառայողները, ովքեր Հյուսիսային Կովկասում, Սիրիայում կյանքի գնով պայքարում են միջազգային ահաբեկչության դեմ: Դեռ բոլորովին պատանի: Լեգենդար, անմահ վեցերորդ դեսանտային վաշտի շատ մարտիկներ ընդամենը 19-20 տարեկան էին, բայց նրանք բոլորը ցույց տվեցին, որ արժանի են Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեր Հայրենիքը պաշտպանած զինվորների սխրանքին: 

Այդ իսկ պատճառով վստահ եմ, որ Ռուսաստանի ժողովուրդներին հատուկ է պարտքը կատարելը, սեփական անձը չխնայելը, եթե հանգամանքներն այդ են պահանջում: Անձնազոհություն, հայրենասիրություն, սեր հարազատ տան, ընտանիքի, հայրենիքի հանդեպ. այս արժեքները այսօր էլ հիմնարար և առանցքային են ռուսական հասարակության համար: Նրանց վրա է մեծապես հիմնվում մեր երկրի ինքնիշխանությունը:

Այսօր մեզ մոտ նոր, ժողովրդի ծոցից դուրս եկած ավանդույթներ են ձևավորվել, այնպիսիք, ինչպիսին է «Անմահ գունդը»: Այն մեր երախտապարտ հիշողության, սերունդների միջև կենդանի, արյունակից կապի երթն է: Միլիոնավոր մարդիկ երթի են դուրս գալիս իրենց հարազատների լուսանկարներով, ովքեր պաշտպանել են Հայրենիքը և ջախջախել նացիզմը: Սա նշանակում է, որ նրանց կյանքը, փորձությունները և զոհողությունները, Հաղթանակը, որ նրանք մեզ տվեցին, երբեք չեն մոռացվի:

Անցյալի և ապագայի նկատմամբ մեր պատասխանատվությունն է՝ անել ամեն ինչ սարսափելի ողբերգությունների կրկնությունը թույլ չտալու համար: Ուստի իմ պարտքը համարեցի հանդես գալ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ հոդվածով: Սույն գաղափարը բազմիցս քննարկել եմ համաշխարհային առաջնորդների հետ զրույցների ընթացքում, ինչն ընդունվել է գոհունակությամբ: Անցյալ տարվա վերջին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում, մենք միասնական էինք այն հարցում, թե որքան կարևոր է սերունդներին փոխանցել այն հիշողությունը, որ նացիզմի նկատմամբ հաղթանակը նվաճվել է նախևառաջ խորհրդային ժողովրդի կողմից, որ այս հերոսական պայքարում՝ լինի դա ճակատում թե թիկունքում, ուս-ուսի կանգնած էին Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների ներկայացուցիչները: Նույն ժամանակ էլ գործընկերներիս հետ խոսեցի նախապատերազմական դժվարին շրջանի մասին:

Այս խոսակցությունը մեծ ռեզոնանս առաջացրեց Եվրոպայում և աշխարհում: Սա նշանակում է, որ անցյալի դասերին վերադառնալն իրապես անհրաժեշտ է և հրատապ: Միևնույն ժամանակ, շատ էին նաև հույզերը, վատ քողարկված  բարդույթները և աղմկոտ մեղադրանքները: Մի շարք քաղաքական գործիչներ սովորության համաձայն շտապեցին հայտարարել, որ Ռուսաստանը փորձում է վերաշարադրել պատմությունը: Մինչդեռ նրանք չկարողացան  հերքել թեկուզ մեկ փաստ, բերված որևէ փաստարկ: Բնականաբար, դժվար է, և անհնար էլ է վիճել իրական փաստաթղթերի հետ, որոնք, ի դեպ, պահվում են ոչ միայն ռուսաստանյան, այլև արտասահմանյան արխիվներում:

Ուստի՝ պահանջ կա շարունակելու համաշխարհային պատերազմի ծագման պատճառները վերլուծելը, խորհելը դրա բարդ իրադարձությունների, ողբերգությունների ու հաղթանակների, դրա դասերի մասին՝  մեր երկրի և ողջ աշխարհի համար: Եվ այս հարցում, կրկնում եմ, սկզբունքային նշանակություն ունի միայն արխիվային նյութերի, վկայությունների վրա հիմնվելը, բացառելով ցանկացած գաղափարախոսական և քաղաքականացված շահարկում:

Եվս մեկ անգամ հիշեցնեմ ակնհայտը. Երկրորդ համաշխարհային պատերազմի խորքային պատճառները հիմնականում բխում են Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների հիման վրա կայացված որոշումներից: Վերսալի պայմանագիրը Գերմանիայի համար դարձավ խորին անարդարության խորհրդանիշ: Փաստորեն խոսքը գնում էր երկրի թալանի մասին, որը պարտավոր էր հսկայական ռեպարացիաներ վճարել արևմտյան դաշնակիցներին, ինչն էլ հանգեցրեց նրա տնտեսության քայքայմանը: Դաշնակից ուժերի գլխավոր հրամանատար, ֆրանսիացի մարշալ Ֆ. Ֆոշը մարգարեաբար այսպես է նկարագրել Վերսալյան պայմանագիրը. «Սա խաղաղություն չէ, սա քսան տարվա հրադադար է»:

Հենց ազգային նվաստացումն էր, որ Գերմանիայում պարարտ հող ստեղծեց արմատական և ռևանշիստական տրամադրությունների առաջացման համար: Նացիստները հմտորեն խաղում էին այդ զգացմունքների հետ, կառուցում իրենց քարոզչությունը՝ խոստանալով ազատել Գերմանիան «Վերսալյան ժառանգությունից», վերականգնել նրա վաղեմի հզորությունը և, ըստ էության, գերմանացի ժողովրդին մղում էին նոր պատերազմի: Տարօրինակ է սակայն, որ դրան ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում էին արևմտյան պետությունները, հիմնականում Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը: Նրանց ֆինանսական և արդյունաբերական շրջանակները շատ ակտիվ ներդրումներ էին անում ռազմական նշանակության արտադրանք թողարկող գերմանական գործարաններում և ֆաբրիկաներում: Իսկ արիստոկրատիայի և քաղաքական վերնախավի շրջանակներում քիչ չէին արմատական, ծայրահեղ աջ, ազգայնական շարժումների, կողմնակիցները, որոնք ուժ էին հավաքում թե՛ Գերմանիայում, թե՛ Եվրոպայում:

Վերսալյան «աշխարհակարգը» բազմաթիվ թաքնված հակասություններ և բացահայտ կոնֆլիկտներ ծնեց: Դրանց հիմքում Առաջին համաշխարհային պատերազմում հաղթողների կողմից եվրոպական նոր պետությունների սահմանների կամայական գծագրումն էր: Քարտեզի վրա այդ պետությունների հայտնվելուց գրեթե անմիջապես հետո տարածքային վեճեր և փոխադարձ պահանջներ սկսվեցին, որոնք վերածվեցին «դանդաղ գործողության ականների»:

Առաջին համաշխարհային պատերազմի կարևորագույն արդյունքներից մեկը Ազգերի լիգայի ստեղծումն էր: Միջազգային այս կազմակերպության հետ մեծ հույսեր էին կապվում երկարաժամկետ խաղաղություն և հավաքական անվտանգություն ապահովելու առումով: Դա առաջադիմական գաղափար էր, որի հետևողական իրականացումը, առանց չափազանցության, կարող էր կանխել համապարփակ պատերազմի սարսափների կրկնությունը:

Այնուամենայնիվ, Ազգերի լիգան, որտեղ գերիշխում էին հաղթող տերությունները՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ցույց տվեց իր անարդյունավետությունը և պարզապես խորտակվեց  դատարկախոսության մեջ: Ազգերի լիգայում և ընդհանրապես եվրոպական մայրցամաքում չլսվեցին Խորհրդային Միության կողմից հավաքական անվտանգության համակարգ ձևավորելու բազմիցս արված կոչերը: Մասնավորապես, Արևելաեվրոպական և Խաղաղօվկիանոսյան պակտեր կնքելու վերաբերյալ, որոնք կարող էին հուսալիորեն արգելափակել ագրեսիան: Այս առաջարկներն անտեսվեցին:

Ազգերի լիգան չկարողացավ կանխել հակամարտությունները աշխարհի տարբեր մասերում, ինչպիսիք են Իտալիայի հարձակումը Եթովպիայի վրա, Իսպանիայի քաղաքացիական պատերազմը, Չինաստանի դեմ Ճապոնիայի ագրեսիան և Ավստրիայի Անշլյուսը: Իսկ Մյունխենյան համաձայնությամբ, որում, բացի Հիտլերից և Մուսոլինիից, մասնակցում էին նաև Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջնորդները, Ազգերի լիգայի խորհրդի լիակատար հավանությամբ, տեղի ունեցավ Չեխոսլովակիայի մասնատումը: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ի տարբերություն Եվրոպայի այն ժամանակվա ղեկավարներից շատերի, Ստալինն իրեն չարատավորեց Հիտլերի հետ անձնական հանդիպմամբ, ով այն ժամանակ արևմտյան շրջանակներում հարգարժան քաղաքական գործիչ էր համարվում և ցանկալի հյուր էր եվրոպական մայրաքաղաքներում:

Չեխոսլովակիայի մասնատման հարցում Գերմանիայի հետ միասնաբար գործում էր նաև Լեհաստանը: Նրանք նախապես միասին էին որոշում, թե ում ինչ տարածքներ են բաժին հասնելու: 1938թ. սեպտեմբերի 20-ին, Գերմանիայում Լեհաստանի դեսպան Յու. Լիպսկին Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յու.Բեկին տեղեկացրեց Հիտլերի հետևյալ հավաստիացումների մասին. «… եթե Թեշինում լեհական շահերի հողի վրա Լեհաստանի և Չեխոսլովակիայի միջև գործը կոնֆլիկտի հասնի, ապա Ռեյխը կկանգնի մեր [լեհական] կողմը»: Նացիստների պարագլուխը նույնիսկ հուշում էր, խորհուրդ տալիս, որպեսզի լեհական գործողությունները սկսվեն «... միայն գերմանացիների կողմից Սուդեթական լեռները գրավելուց հետո»։

Լեհաստանում քաջ գիտակցում էին, որ առանց հիտլերյան աջակցության իրենց զավթողական ծրագրերը դատապարտված կլինեին ձախողման։ Այստեղ ուզում եմ մեջբերել 1938թ. հոկտեմբերի 1-ին Վարշավայում Գերմանիայի դեսպան Գ.Ա. Մոլտկեի և Յու. Բեքի զրույցի ձայնագրությունը լեհ-չեխական հարաբերությունների և այդ հարցում ԽՍՀՄ դիրքորոշման մասին։ Ահա թե ինչ է գրված այնտեղ. «... Պարոն Բեքը… խորին շնորհակալություն հայտնեց Մյունխենյան համաժողովում լեհական շահերի լոյալ մեկնաբանման, ինչպես նաև չեխական հակամարտության ժամանակ հարաբերությունների անկեղծության համար։ [Լեհաստանի] Կառավարությունն ու հասարակությունը արժանին են մատուցում ֆյուրերի ու ռեյխսկանցլերի դիրքորոշմանը»։

Չեխոսլովակիայի մասնատումը դաժան էր և ցինիկ: Մյունխենը ոչնչացրեց նույնիսկ այն ձևական, փխրուն երաշխիքները, որոնք աշխարհամասում դեռ մնացել էին: Ի ցույց դրեց փոխադարձ համաձայնությունների ոչինչ չարժենալը: Հենց մյունխենյան դավադրությունը դարձավ այն «ձգանը», որից հետո Եվրոպայում մեծ պատերազմն այլևս անխուսափելի էր:

Այսօր, եվրոպական քաղաքական գործիչները, հատկապես լեհական ղեկավարները, կցանկանային «լռության մատնել» Մյունխենը: Ինչո՞ւ: Ոչ միայն այն պատճառով, որ այդ ժամանակ իրենց երկրները դավաճեցին իրենց պարտավորություններին, աջակցեցին Մյունխենյան դավադրությանը, և ոմանք նույնիսկ մասնակցեցին ավարը բաժանելուն, այլ նաև այն պատճառով, որ ինչ-որ տեղ անհարմար է հիշել, որ 1938-ի այդ դրամատիկ օրերին միայն ԽՍՀՄ-ը պաշտպան կանգնեց Չեխոսլովակիային:

Խորհրդային Միությունը, ելնելով իր միջազգային պարտավորություններից, ներառյալ Ֆրանսիայի և Չեխոսլովակիայի հետ համաձայնագրերը, փորձեց կանխել ողբերգությունը: Իսկ Լեհաստանը, հետապնդելով իր շահերը, ամեն կերպ խոչընդոտում էր Եվրոպայում հավաքական անվտանգության համակարգի ստեղծմանը: 1938թ. սեպտեմբերի 19-ին Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յու. Բեքը այդ մասին ուղղակիորեն գրել է արդեն հիշատակված դեսպան Յու. Լիպսկուն Հիտլերի հետ հանդիպումից առաջ. «... անցած տարվա ընթացքում Լեհաստանի կառավարությունը չորս անգամ մերժել է Չեխոսլովակիայի պաշտպանության միջազգային միջամտությանը միանալու առաջարկը»:

Բրիտանիան, ինչպես և Ֆրանսիան, որն այն ժամանակ չեխերի և սլովակների գլխավոր դաշնակիցն էր, գերադասեցին հրաժարվել իրենց երաշխիքներից և թողնել հոշոտման թողնել այդ արևելաեվրոպական երկիրը: Ոչ միայն թողնել, այլև նացիստների մղումներն ուղղել դեպի արևելք՝ հենց այն նշանառումով, որպեսզի Գերմանիան և Խորհրդային Միությունն անխուսափելիորեն բախվեին ու ջախջախեին միմյանց:

Հենց դրանում էր կայանում «խաղաղարարության» արևմտյան քաղաքականության էությունը: Եվ ոչ միայն Երրորդ Ռեյխի, այլև այսպես կոչված Հակակոմինտեռնական պայմանագրի մյուս անդամների՝  Ֆաշիստական Իտալիայի և միլիտարիստական Ճապոնիայի հանդեպ: Հեռավոր Արևելքում դրա հանգուցալուծումը դարձավ 1939-ի ամռանը կնքված անգլո-ճապոնական պայմանագիրը, որը Տոկիոյի ձեռքերին ազատություն տվեց Չինաստանում: Եվրոպական առաջատար տերությունները չկամեցան խոստովանել, թե ինչպիսի մահացու վտանգ է սպառնում ողջ աշխարհին Գերմանիայից և նրա դաշնակիցներից: Հույս էին տածում, որ պատերազմը կշրջանցի իրենց:

Մյունխենի համաձայնությունը Խորհրդային Միությանը ցույց տվեց, որ արևմտյան երկրները անվտանգության հարցերը լուծելու են առանց նրա շահերը հաշվի առնելու: Իսկ հարմար առիթի դեպքում կարող են հակախորհրդային ճակատ ձևավորել:

Դրա հետ մեկտեղ Խորհրդային Միությունը փորձում էր ցանկացած հնարավորությունն օգտագործել հակահիտլերյան կոալիցիա ստեղծելու համար: Կրկնում եմ, չնայած Արևմուտքի երկրների երկերեսանի դիրքորոշմանը: Այսպես, խորհրդային ղեկավարությունը հետախուզական ծառայությունների գծով մանրամասն տեղեկություններ էր ստանում 1939-ի ամռանը անգլո-գերմանական շփումների մասին: Ուշադրություն եմ հրավիրում. դրանք  շատ ինտենսիվ էին, և տարվում էին գրեթե զուգահեռաբար Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԽՍՀՄ ներկայացուցիչների եռակողմ բանակցություններին, որոնք, ընդհակառակը, արևմտյան գործընկերների կողմից միտումնավոր կերպով ձգձգվում էին: Այդ կապակցությամբ կմեջբերեմ բրիտանական արխիվներից ստացված մի փաստաթուղթ: սա 1939 թ. օգոստոսին Մոսկվա ժամանած բրիտանական ռազմական առաքելության հրահանգն է: 

Դրանում  հստակ ասվում է, որ պատվիրակությունը պետք է «բանակցությունները վարի շատ անշտապ», որ «Միացյալ Թագավորության կառավարությունը պատրաստ չէ ստանձնել մանրամասն ձևակերպված պարտավորություններ, որոնք որևիցե հանգամանքներում կարող են սահմանափակել մեր գործողությունների ազատությունը»: Նշեմ նաև. ի տարբերություն անգլիացիների ու ֆրանսիացիների, խորհրդային պատվիրակությունը գլխավորում էին Կարմիր Բանակի բարձրաստիճան ղեկավարներ, որոնք «Եվրոպայում ագրեսիայի դեմ Անգլիայի, Ֆրանսիայի և ԽՍՀՄ ռազմական պաշտպանության կազմակերպման հարցերի գծով ռազմական կոնվենցիան» ստորագրելու բոլոր անհրաժեշտ լիազորություններն ունեին: 

Բանակցությունների տապալման հարցում իր դերն ունեցավ նաև Լեհաստանը, որը խորհրդային կողմի հանդեպ ոչ մի պարտավորություն չէր ուզում ունենալ: Նույնիսկ արևմտյան դաշնակիցների ճնշման տակ լեհական ղեկավարությունը հրաժարվում էր Կարմիր Բանակի հետ համատեղ գործողություններից՝ ուղղված վերմախտին դիմակայելուն: Եվ միայն այն ժամանակ, երբ հայտնի դարձավ Ռիբենտրոպի Մոսկվա ժամանելու մասին, Յու. Բեքը դժկամությամբ, ոչ թե ուղղակիորեն, այլ ֆրանսիացի դիվանագետների միջոցով տեղեկացրեց խորհրդային կողմին. «... գերմանական ագրեսիայի դեմ համատեղ գործողությունների դեպքում չի բացառվում համագործակցությունը Լեհաստանի և ԽՍՀՄ-ի միջև՝ որոշակիացման ենթակա տեխնիկական պայմանների պարագայում»: Դրա հետ միաժամանակ իր կոլեգաներին նա բացատրում է. «... ես դեմ չեմ այս ձևակերպմանը միայն մարտավարությունը հեշտացնելու նպատակով, իսկ  ԽՍՀՄ-ի վերաբերյալ մեր իսկ սկզբունքային տեսակետը վերջնական է և մնում է անփոփոխ»:

Ստեղծված իրավիճակում Խորհրդային Միությունը չհարձակվելու պայմանաքիր կնքեց Գերմանիայի հետ: Փաստորեն արեց դա վերջինը Եվրոպայի երկրներից, ընդ որում պատերազմին երկու ճակատով բախվելու իրական վտանգի ֆոնի վրա՝ արևմուտքում Գերմանիայի հետ, իսկ արևելքում՝ Ճապոնիայի, ուր արդեն իսկ ինտենսիվ մարտեր էին մղվում Խալխին-Գոլ գետի մոտ:

Ստալինը և նրա շրջապատը արժանի են բազմաթիվ արդարացի մեղադրանքների: Մենք հիշում ենք և՛ ժողովրդի դեմ ռեժիմի ոճրագործությունների, և՛ զանգվածային բռնաճնշումների սարսափների մասին: Կրկնեմ. խորհրդային ղեկավարներին կարելի է նախատել շատ առումներով, բայց ոչ արտաքին սպառնալիքների բնույթի ընկալման բացակայության համար: Նրանք տեսնում էին, որ Խորհրդային Միությանը փորձում են մենակ թողնել Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ: Եվ գործում էին, քաջ գիտակցելով այդ իրական վտանգը, որպեսզի ժամանակ շահեն երկրի պաշտպանության ամրապնդման համար:

Այն ժամանակ կնքված չհարձակման պայմանագրի կապակցությամբ այժմ շատ խոսակցություններ և պահանջներ են հնչում, հատկապես՝ ընդդեմ ժամանակակից Ռուսաստանի: Այո, Ռուսաստանը ԽՍՀՄ-ի իրավահաջորդն է, և խորհրդային շրջանը, իր բոլոր հաղթանակներով և ողբերգություններով, մեր հազարամյա պատմության անքակտելի մասն է: Սակայն հիշեցնեմ նաև, որ Խորհրդային Միությունը իրավական և բարոյական գնահատական տվեց այսպես կոչված Մոլոտովի-Ռիբենտրոպի պակտին: 1989 թվականի դեկտեմբերի 24-ի Գերագույն խորհրդի բանաձևում գաղտնի արձանագրությունները պաշտոնապես դատապարտվեցին որպես «անձնական իշխանության դրսևորում», որը ոչ մի կերպ չի արտահայտում «խորհրդային ժողովրդի կամքը, ով պատասխանատվություն չի կրում այս դավադրության համար»:

Միևնույն ժամանակ, այլ պետություններ գերադասում են չհիշել այն պայմանագրերը, որտեղ դրված են նացիստների և արևմտյան քաղաքական գործիչների ստորագրությունները: Էլ չխոսելով այդօրինակ համագործակցության, նացիստների բարբարոս պլաններին որոշ եվրոպական գործիչների լուռ համաձայնողականության, ընդհուպ մինչև ուղղակի խրախուսումը, իրավական կամ քաղաքական գնահատականի մասին: Ինքնին խոսուն է 1938-ի սեպտեմբերի 20-ին Գերմանիայում Լեհաստանի դեսպան Յու. Լիպսկու՝ Հիտլերի հետ ունեցած խոսակցության ընթացքում արտահայտած միտքը. «... հրեական հարցի լուծման համար մենք [լեհերը] նրան... հրաշալի մի հուշարձան կդնենք Վարշավայում»:

Մենք նաև չգիտենք, նացիստների հետ մի շարք երկրների համաձայնագրերին կից եղե՞լ են արդյոք գաղտնի «արձանագրություններ» կամ հավելվածներ: Մնում է միայն «խոսքին հավատալ»: Մասնավորապես, անգլո-գերմանական գաղտնի բանակցությունների վերաբերյալ նյութերը դեռ չեն գաղտնազերծվել: Հետևաբար մենք բոլոր պետություններին կոչ ենք անում ակտիվացնել իրենց արխիվները բացելու գործընթացը, նախապատերազմյան և պատերազմական ժամանակաշրջանների նախկինում անհայտ փաստաթղթերի հրապարակումը՝ ինչպես դա արել է Ռուսաստանը վերջին տարիներին: Այստեղ պատրաստ ենք լայն համագործակցության, պատմագետների համատեղ հետազոտական նախագծերի:

Բայց վերադառնանք Երկրորդ համաշխարհային պատերազմին անմիջապես նախորդող իրադարձություններին: Միամտություն կլիներ հավատալը, որ Չեխոսլովակիայի նկատմամբ հաշվեհարդարից հետո Հիտլերը հերթական տարածքային պահանջները չի ներկայացնի: Այս անգամ Չեխոսլովակիայի մասնատման գործում իր ոչ վաղուցվա հանցակից Լեհաստանին: Ի դեպ, այստեղ առիթը ևս Վերսալի ժառանգությունն էր, այսպես կոչված Դանցիգյան միջանցքի ճակատագիրը: Լեհաստանի դրան հետևած ողբերգությունն ամբողջությամբ Լեհաստանի այդ ժամանակվա  ղեկավարության խղճին է, որը կանխեց անգլո-ֆրանկո-խորհրդային ռազմական դաշինքի կնքումը և ապավինեց արևմտյան գործընկերների օգնությանը: Դատապարտելով իր ժողովրդին ընկնելու նացիստական բնաջնջման մեքենայի անիվների տակ:

Գերմանական հարձակումը զարգանում էր լիովին բլիցկրիգի տեսությանը համապատասխան: Չնայած լեհական բանակի կատաղի, հերոսական դիմադրությանը, պատերազմի սկզբից մեկ շաբաթ անց, 1939-ի սեպտեմբերի 8-ին, գերմանական զորքերը գտնվում էին Վարշավայի մատույցներում: Իսկ Լեհաստանի ռազմաքաղաքական վերնախավը մինչև սեպտեմբերի 17-ն արդեն փախել էր Ռումինիայի տարածք՝ դավաճանելով իր ժողովրդին, որը շարունակում էր պայքարել զավթիչների դեմ:

Արևմտյան դաշնակիցները չարդարացրին լեհական հույսերը: Գերմանիային պատերազմ հայտարարելուց հետո ֆրանսիական զորքերն ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր առաջացան դեպի գերմանական տարածք: Այդ ամենը կարծես ակտիվ գործողությունների ցուցադրում լիներ միայն: Ավելին, անգլո-ֆրանսիական Գերագույն ռազմական խորհուրդը, առաջին անգամ հավաքվելով 1939 թվականի սեպտեմբերի 12-ին Ֆրանսիայի Աբվիլ քաղաքում, հարձակումն ամբողջովին դադարեցնելու որոշում ընդունեց՝ Լեհաստանում իրադարձությունների արագ զարգացման կապակցությամբ: Սկսվեց տխրահռչակ «տարօրինակ պատերազմը»: Ակնհայտ է Ֆրանսիայի և Անգլիայի կողմից Լեհաստանի առջև իրենց ստանձնած պարտավորություններին ուղղակի դավաճանությունը:

Ավելի ուշ, Նյուրնբերգի դատավարության ընթացքում, գերմանացի գեներալները այսպես էին բացատրում իրենց արագ հաջողությունը արևելքում: Գերմանիայի զինված ուժերի գերագույն հրամանատարության օպերատիվ ղեկավարության աշխատակազմի նախկին ղեկավար, գեներալ Ա. Յոդլը խոստովանում է. «… եթե մենք դեռ 1939 թվականին պարտություն չկրեցինք, ապա դա միայն այն պատճառով, որ մոտավորապես 110 ֆրանսիական և անգլիական դիվիզիաներ, որոնք  Լեհաստանի հետ մեր պատերազմի ժամանակ կանգնած էին արևմուտքում 23-ական գերմանական դիվիզիաների դեմ, կատարելապես անգործունյա էին մնում»:

Խնդրել եմ արխիվներից հանել 1939-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև շփումների դրամատիկ օրերին վերաբերվող նյութերի ողջ զանգվածը: Ինչպես վկայում են փաստաթղթերը՝ 1939 թվականի օգոստոսի 23-ին Գերմանիայի և ԽՍՀՄ միջև կնքված չհարձակման պայմանագրի գաղտնի արձանագրության 2-րդ կետը սահմանում է, որ Լեհական պետության կազմում գտնվող մարզերի տարածքային և քաղաքական վերակազմավորման դեպքում երկու երկրների շահերի ոլորտների սահմանը պետք է մոտավորապես անցնի Նարև, Վիսլա և Սան գետերի գծով: Այսինքն՝ խորհրդային ազդեցության ոլորտը ներառում էր ոչ միայն այն տարածքները, որտեղ ուկրաինական և բելառուսական բնակչությունն էր, այլև պատմական լեհական հողերը Բուգ և Վիսլա գետերի միջև: Այս փաստի մասին այսօր ոչ բոլորը գիտեն:

Ինչպես նաև այն մասին, որ Լեհաստանի վրա հարձակվումից անմիջապես հետո 1939 թվականի սեպտեմբերյան առաջին օրերին Բեռլինը համառորեն և բազմիցս կոչ էր անում Մոսկվային միանալ ռազմական գործողություններին: Այնինչ, խորհրդային ղեկավարությունը նման կոչերն անտեսում էր: Եվ մինչև վերջին հնարավորությունը չէր պատրաստվում ներքաշվել կտրուկ զարգացող իրադարձությունների մեջ:

Միայն այն ժամանակ, երբ վերջնականապես պարզ դարձավ, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան չեն ձգտում օգնել իրենց դաշնակցին, իսկ Վերմախտը կարող է արագորեն գրավել ամբողջ Լեհաստանը և փաստորեն Մինսկի մատույցներ դուրս գալ, սեպտեմբերի 17-ին որոշում ընդունվեց Կարմիր Բանակի զորամիավորումները մտցնել այսպես կոչված արևելյան կրեսներ: Այժմ դա Բելառուսի, Ուկրաինայի և Լիտվայի տարածքի մասն է:

Ակնհայտ է, որ այլ տարբերակներ չէին մնում: Հակառակ դեպքում ԽՍՀՄ-ի համար ռիսկերը մի քանի անգամներ կաճեին, քանի որ, կրկնում եմ, հին խորհրդային-լեհական սահմանն անցնում էր Մինսկից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա: Եվ նացիստների հետ անխուսափելի պատերազմը երկրի համար կսկսվեր ծայրահեղ անբարենպաստ ռազմավարական դիրքերից: Իսկ տարբեր ազգությունների միլիոնավոր մարդիկ, այդ թվում Բրեստի և Գրոդնոյի, Պերեմիշլի, Լվովի և Վիլնյուսի մերձակայքում բնակվող հրեաները, կոչնչացվեին նացիստների և նրանց տեղական համախոհների՝ հակասեմիտների և արմատական-ազգայնականների կողմից:

Հենց այն փաստը, որ Խորհրդային Միությունը, մինչև վերջին հնարավորությունը, փորձում էր խուսափել  բորբոքվող հակամարտությանը մասնակցելուց և չէր ցանկանում խաղալ Գերմանիայի կողմից, հանգեցրեց նրան, որ խորհրդային և գերմանական զորքերի իրական բախումը տեղի ունեցավ դեպի շատ ավելի արևելք գաղտնի արձանագրությունում պայմանավորված սահմանագծի համեմատ: Ոչ թե Վիսլայի, այլ մոտավորապես այսպես կոչված Քերզոնի գծի երկայնքով, որը դեռևս 1919-ին Անտանտայի կողմից առաջարկվել էր որպես Լեհաստանի արևելյան սահման:

Ինչպես գիտենք, ենթադրական եղանակը դժվար է կիրառել արդեն կայացած իրադարձությունների նկատմամբ: Կարող եմ ասել միայն, որ 1939-ի սեպտեմբերին խորհրդային ղեկավարությունը հնարավորություն ուներ ԽՍՀՄ արևմտյան սահմաններն էլ ավելի ընդլայնել դեպի արևմուտք՝ ընդհուպ մինչև Վարշավա, բայց որոշեց չանել դա:

Գերմանացիները առաջարկեցին ամրագրել նոր ստատուս-քվոն: 1939 թվականի սեպտեմբերի 28-ին Մոսկվայում Ի.Ռիբենտրոպը և Վ.Մոլոտովը ստորագրեցին ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև բարեկամության և սահմանի մասին պայմանագիրը, ինչպես նաև պետական սահմանը փոփոխելու գաղտնի արձանագրությունը, որով ճանաչվում էր բաժանարար գիծը, ուր դե-ֆակտո երկու բանակներն էին կանգնած:

1939-ի աշնանը, լուծելով իր ռազմավարական, պաշտպանական խնդիրները, Խորհրդային Միությունը սկսեց Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ինկորպորացիայի գործընթացը: ԽՍՀՄ նրանց անդամակցությունն իրականացվել է պայմանագրային հիմունքներով՝ ընտրված իշխանությունների համաձայնությամբ: Դա համահունչ էր տվյալ ժամանակի միջազգային և պետական իրավունքին: Բացի այդ, 1939-ի հոկտեմբերին  Վիլնո քաղաքն ու նրան հարակից մարզը, որ նախկինում մտնում էին Լեհաստանի կազմի մեջ, վերադարձվեցին Լիտվային: ԽՍՀՄ կազմում  մերձբալթյան հանրապետությունները պահպանում էին իրենց իշխանության մարմինները, լեզուն և ներկայացուցչություն ունեին խորհրդային բարձրագույն պետական կառույցներում:

Բոլոր այդ ամիսներին չէր դադարում կողմնակի աչքի համար աննկատելի  դիվանագիտական և ռազմաքաղաքական պայքարը, հետախուզության աշխատանքը: Մոսկվայում հասկանում էին, որ դիմացն անհաշտ ու դաժան թշնամին է, որ նացիզմի դեմ քողարկված պատերազմն արդեն գնում է: Եվ ամենևին հիմքեր չկան այդ տարիների պաշտոնական հայտարարությունները, ձևական արարողակարգային նոտաները որպես ԽՍՀՄ և Գերմանիայի միջև «բարեկամության» ապացույց ընդունելու համար: Ակտիվ առևտրային և տեխնիկական կապեր ԽՍՀՄ-ն ուներ ոչ միայն Գերմանիայի, այլև այլ երկրների հետ: Միևնույն ժամանակ, Հիտլերը բազմիցս փորձում  էր ԽՍՀՄ-ը Մեծ Բրիտանիայի հետ առճակատման մեջ ներքաշել, բայց խորհրդային ղեկավարությունը տեղի չտվեց այդ հորդորներին:

Խորհրդային Միությանը համատեղ գործողությունների մեջ ներգրավելու վերջին փորձը Հիտլերը  ձեռնարկեց 1940-ի նոյեմբերին Մոլոտովի Բեռլին կատարած այցի ընթացքում: Բայց Մոլոտովը ճշգրտորեն կատարեց Ստալինի ցուցումները՝ սահմանափակվելով Եռյակի պակտին՝ Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի դաշինքին, որը ստորագրվել էր 1940-ի սեպտեմբերին և ուղղված էր Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի դեմ, ԽՍՀՄ-ն անդամակցելու վերաբերյալ գերմանացիների գաղափարի շուրջն ընդհանուր քննարկումներով:

Պատահական չէ, որ արդեն նոյեմբերի 17-ին Լոնդոնում խորհրդային լիազոր ներկայացուցիչ Ի.Մայսկուն Մոլոտովը հրահանգավորեց հետևյալ կերպ. «Ձեր կողմնորոշման համար... Բեռլինում ոչ մի պայմանագիր չի ստորագրվել և չէր նախատեսվում դա անել։ Բեռլինում գործը ահմանափակվեց... կարծիքների փոխանակմամբ... գերմանացիներն ու ճապոնացիները, ինչպես երևում է, շատ կցանկանային մեզ հրել դեպի Պարսից ծոց և Հնդկաստան։ Մենք մերժել ենք այդ հարցի քննարկումը, քանի որ Գերմանիայի կողմից նման խորհուրդներն անտեղի ենք համարում»: Իսկ նոյեմբերի 25-ին խորհրդային ղեկավարությունն այստեղ ընհանրապես վերջակետ դրեց՝ Բեռլինին պաշտոնապես առաջադրելով նացիստների համար անընդունելի պայմաններ, ներառյալ գերմանական զորքերի դուրս բերումը Ֆինլանդիայից, ԽՍՀՄ-ի և Բուլղարիայի միջև փոխօգնության պայմանագիր ու մի շարք այլ պայմաններ: Դրանով իսկ գիտակցաբար բացառելով Պակտին միանալու ցանկացած հնարավորություն: Այս ամենը վերջնականապես ամրապնդեց ֆյուրերի՝ ԽՍՀՄ-ի դեմ պատերազմ սկսելու մտադրությունը: Եվ արդեն դեկտեմբերին, մի կողմ թողնելով երկու ճակատով պատերազմ վարելու կործանարար վտանգի մասին սեփական ստրատեգների բոլոր նախազգուշացումները, Հիտլերը հաստատեց «Բարբարոսա» պլանը: Նա դա արեց՝ հասկանալով, որ Խորհրդային Միությունը Եվրոպայում իրեն դիմակայող գլխավոր ուժն է: Եվ որ արևելքում սպասվող գոտեմարտը կորոշի համաշխարհային պատերազմի ելքը: Իսկ նրանում, որ դեպի Մոսկվա արշավը կանցնի արագընթաց ու հաջող, նա վստահ էր։

Ինչը կուզեի հատուկ նշել. արևմտյան երկրները փաստացի համաձայնեցին այն ժամանակ խորհրդային գործողությունների հետ, ճանաչեցին իր անվտանգությունն ապահովելու Խորհրդային Միության ձգտումը ։ Այսպես, դեռ 1939 թվականի հոկտեմբերի 1-ին Ու. Չերչիլը, որ այն ժամանակ բրիտանական Ծովակալության ղեկավարն էր, ռադիոյով ունեցած ելույթում ասաց. «Ռուսաստանը սեփական շահերի սառը քաղաքականություն է վարում... Ռուսաստանին նացիստական սպառնալիքից պաշտպանելու համար ակնհայտորեն անհրաժեշտ էր, որ ռուսական բանակները կանգնեին այդ գծի վրա [նկատի է ունեցվում նոր արևմտյան սահմանը]»։ 1939 թվականի հոկտեմբերի 4-ին Լորդերի պալատում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Է.Գալիֆաքսն ասել է. «... հարկ է հիշեցնել, որ խորհրդային կառավարության գործողությունները կայանում էին սահմանը մինչև ըստ էության այն գիծը տեղափոխելու մեջ, որը Վերսալի համաժողովի ժամանակ առաջարկվել էր լորդ Քերզոնի կողմից... ես միայն պատմական փաստեր եմ բերում և կարծում եմ, որ դրանք անվիճելի են»: Հայտնի բրիտանացի քաղաքական և պետական գործիչ Դ. Լլոյդ-Ջորջը ընդգծում էր. «ռուսական բանակները գրավեցին տարածքներ, որոնք լեհական չեն և որոնք բռնությամբ էին գրավվել Լեհաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմից հետո... ռուսական առաջխաղացումը գերմանացիների առաջխաղացման հետ մեկ հարթակի վրա դնելը հանցավոր խելագարության ակտ կլիներ»։

Իսկ Խորհրդային դեսպան Ի.Մայսկու հետ ոչ պաշտոնական զրույցներում անգլիացի բարձրաստիճան քաղաքական գործիչներն ու դիվանագետներն ավելի անկեղծ էին խոսում։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարար Ռ.Բաթլերը 1939 թվականի հոկտեմբերի 17-ին կիսվել է. «... անգլիական կառավարական շրջանակներում կարծում են, որ ոչ մի հարց չի կարող լինել Արևմտյան Ուկրաինան և Արևմտյան Բելառուսը Լեհաստանին վերադարձնելու մասին։ Եթե հնարավոր լիներ ստեղծել համեստ չափերի ազգագրական Լեհաստան՝ ոչ միայն ԽՍՀՄ-ի և Գերմանիայի, այլև Անգլիայի և Ֆրանսիայի երաշխիքով, ապա  բրիտանական կառավարությունն իրեն լիովին բավարարված կհամարեր» ։ 1939 թվականի հոկտեմբերի 27-ին Ն.Չեմբեռլենի գլխավոր խորհրդական Հ.Վիլսոնը ասել է. «Լեհաստանը պետք է... վերականգնվի որպես ինքնուրույն պետություն իր ազգագրական բազայի վրա, բայց առանց Արևմտյան Ուկրաինայի և Բելառուսի»:

Հարկ է նշել, որ այդ զրույցների ընթացքում նաև խորհրդային‑բրիտանական հարաբերությունների բարելավման հողն էր շոշափվում: Այդ շփումները մեծապես հիմք են դրել ապագա դաշնակցությանը և հակահիտլերյան կոալիցիային։ Պատասխանատու հեռատես քաղաքական գործիչների շարքում առանձնանում էր Ու.Չերչիլը, ով, չնայած ԽՍՀՄ-ի հանդեպ հայտնի հակակրանքին, նախկինում էլ կողմ էր արտահայտվել նրա հետ համագործակցությանը։ Դեռ 1939 թվականի մայիսին Համայնքների պալատում նա հայտարարել էր. «Մենք կհայտնվենք մահացու վտանգի մեջ, եթե չկարողանանք մեծ դաշինք ստեղծել ագրեսիայի դեմ: Մեծագույն հիմարություն կլիներ, եթե մենք մերժեինք Խորհրդային Ռուսաստանի հետ բնական համագործակցությունը»։ Իսկ արդեն Եվրոպայում ռազմական գործողություններն սկսվելուց հետո, Ի.Մայսկու հետ 1939թ. հոկտեմբերի 6-ի հանդիպման ընթացքում, նա ասել է «... Մեծ Բրիտանիայի և ԽՍՀՄ-ի միջև ոչ մի լուրջ հակասություն չկա, հետևաբար, ոչ մի հիմք չկա լարված և ոչ բավարար հարաբերությունների համար։ Բրիտանական կառավարությունը... կուզեր զարգացնել... առևտրային հարաբերություններ: Այն պատրաստ կլինի նաև քննարկել այլ միջոցներ, որոնք կարող են նպաստել փոխհարաբերությունների բարելավմանը»։

Երկրորդ համաշխարհային պատերազմը չպատահեց մի ակնթարթում, չսկսվեց անսպասելիորեն, հանկարծի: Եվ Լեհաստանի դեմ Գերմանիայի ագրեսիան էլ հանկարծակի չէր։ Այն ժամանակի համաշխարհային քաղաքականության մեջ առկա բազմաթիվ միտումների և գործոնների արդյունք է հանդիսանում: Նախապատերազմական բոլոր իրադարձությունները դասավորվեցին որպես ճակատագրական մի շղթա։ Բայց, անշուշտ, գլխավորը, ինչը կանխորոշեց մարդկության պատմության մեծագույն ողբերգությունը, դա պետական եսասիրությունն էր, վախկոտությունը, ուժ հավաքող զավթիչի հանդեպ թողտվությունը, փոխզիջման որոնմանը ընտրյալ քաղաքական խավերի անպատրաստ լինելը։

Այդ իսկ պատճառով անազնիվ է պնդելը, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի ծագման գլխավոր պատճառը նացիստական արտաքին գործերի նախարար Ռիբենտրոպի Մոսկվա կատարած երկօրյա այցն էր։ Բոլոր առաջատար երկրներն այս կամ այն չափով կրում են մեղքի իրենց բաժինը դրա սկզբի համար։ Յուրաքանչյուրը կատարել է անուղղելի սխալներ՝ ինքնավստահաբար կարծելով, որ կարելի է խորամանկել մյուսներին, ապահովել միակողմանի առավելություններ կամ հեռու մնալ վերահաս համաշխարհային աղետից։ Նման անհեռատեսության, հավաքական անվտանգության համակարգի ստեղծումից հրաժարվելու պատճառով ստիպված եղանք վճարել միլիոնավոր կյանքերով, հսկայական կորուստներով։

Այս մասին գրում եմ առանց դատավորի դեր ստանձնելու, որևէ մեկին մեղադրելու կամ արդարացնելու, առավել ևս՝ պատմական դաշտում միջազգային տեղեկատվական դիմակայության նոր փուլ նախաձեռնելու մտադրության, ինչը կարող է պետություններ և ժողովուրդներ միմյանց բախել։ Համարում եմ, որ անցած իրադարձությունների կշռադատված գնահատականների որոնմամբ պետք է զբաղվի ակադեմիական գիտությունը՝ տարբեր երկրների հեղինակավոր գիտնականների ներգրավմամբ։ Մեզ բոլորիս Ճշմարտություն և անաչառություն է անհրաժեշտ։ Ինքս գործընկերներիս միշտ  հանգիստ, բաց, վստահհավատ երկխոսության կոչ եմ արել: Նմանօրինակ մոտեցումը թույլ կտա չկրկնել այն ժամանակ գործած սխալները և խաղաղ ու բարեկեցիկ զարգացում ապահովել առ երկար տարիներ:

Սակայն մեր գործընկերներից շատերը համատեղ աշխատանքի դեռ պատրաստ չեն։ Ընդհակառակը, հետապնդելով իրենց նպատակները՝ նրանք մեր երկրի դեմ ավելացնում են տեղեկատվական հարձակումների քանակն ու մասշտաբները, ուզում են ստիպել մեզ արդարանալ, մեղքի զգացում ապրել: Ծայրեծայր երեսպաշտական քաղաքականացված հռչակագրեր են ընդունում։ Այսպես, օրինակ, 2019 թվականի սեպտեմբերի 19-ին Եվրոպական խորհրդարանի կողմից հավանության արժանացած «Եվրոպայի ապագայի համար պատմական հիշողության պահպանման կարևորության մասին» բանաձևն ուղղակիորեն մեղադրել է ԽՍՀՄ-ը՝ նացիստական Գերմանիայի հետ միասին Երկրորդ համաշխարհային պատերազմը սանձազերծելու գործում։ Բնականաբար, դրանում Մյունխենի մասին որևէ մի հիշատակում չկա։

Կարծում եմ, որ նման «թղթերը», չեմ կարող այդ բանաձևը փաստաթուղթ անվանել, սկանդալի անթաքույց միտումով հանդերձ, վտանգավոր, իրական  սպառնալիքներ են կրում։ Չէ որ այն շատ հարգված մարմնի կողմից է ընդուված։ Եվ այն ի՞նչ ցույց տվեց. որքան էլ դա տխուր չէ՝ քայքայման գիտակցված քաղաքականություն՝ ուղղված հետպատերազմյան աշխարհակարգի ավերմանը, որի ստեղծումը երկրների պատվի ու պատասխանատվության գործն էր, որոնց մի շարք ներկայացուցիչներ այսօր քվեարկել են այդ կեղծ հռչակագրի օգտին։ Եվ այդպիսով, ձեռք են բարձրացրել Նյուրնբերգյան տրիբունալի եզրահանգումների, միջազգային հանրության ջանքերի վրա, որը հաղթական 1945-ից հետո ստեղծեց ունիվերսալ միջազգային ինստիտուտներ։ Այս կապակցությամբ հիշեցնեմ, որ եվրոպական ինտեգրման բուն գործընթացը, որի ընթացքում ստեղծվել են համապատասխան կառույցներ, այդ թվում և Եվրոպական խորհրդարանը, հնարավոր դարձավ միայն անցյալի դասերի, նրա հստակ իրավական և քաղաքական գնահատականների շնորհիվ։ Եվ նրանք, ովքեր գիտակցաբար կասկածի տակ են դնում այդ կոնսենսուսը, խարխլում են հետպատերազմյան Եվրոպայի հիմքերը։

Աշխարհակարգի հիմնարար սկզբունքներին ուղղված սպառնալիքից բացի այստեղ կա նաև բարոյական կողմ։ Հիշողությունը ծաղրուծանակի ենթարկելը ստորություն է: Ստորությունը լինում է միտումնավոր, կեղծավոր, միանգամայն գիտակցված՝ երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75‑ամյակի վերաբերյալ հայտարարություններում թվարկվում են հակահիտլերյան կոալիցիայի բոլոր մասնակիցները, բացի ԽՍՀՄ-ից։ Ստորությունը վախկոտ է լինում՝ երբ քանդում են նացիզմի դեմ մարտիկների պատվին կանգնեցված հուշարձանները, ամոթալի գործողություններն արդարացնելով անցանկալի գաղափարախոսության և իբր օկուպացիայի դեմ պայքարի կեղծ կարգախոսներով։ Ստորությունը լինում է արյունոտ՝ երբ նրանց, ովքեր հանդես են գալիս նեոնացիստների ու բանդերականների ժառանգների դեմ, սպանում են ու այրում։ Կրկնում եմ, ստորությունն իրեն տարբեր կերպ է դրսևորում, բայց դրանից նա չի դադարում նողկալի լինել։

Պատմության դասերը մոռանալն անխուսափելիորեն ծանր հատուցման է բերում։ Մենք անհողդողդ կերպով կպաշտպանենք վավերականորեն հաստատված պատմական փաստերի վրա հիմնված ճշմարտությունը: Կշարունակենք ազնվորեն և անաչառորեն պատմել Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների մասին: Դրան է, մասնավորապես, ուղղված նաև Ռուսաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության, նախապատերազմական շրջանի արխիվային փաստաթղթերի, կինո և ֆոտոնյութերի խոշորագույն հավաքածուի ստեղծման մասշտաբային նախագիծը։

Այդպիսի աշխատանք արդեն տարվում է։ Շատ նոր, վերջերս հայտնաբերված, գաղտնազերծված բազում նյութեր օգտագործել եմ նաև սույն հոդվածը պատրաստելիս: Եվ այդ կապակցությամբ կարող եմ պատասխանատու կերպով հայտարարել, որ գոյություն չունեն արխիվային փաստաթղթեր, որոնք կհաստատեն ԽՍՀՄ-ի՝ Գերմանիայի դեմ կանխիչ պատերազմ սկսելու մտադրության մասին վարկածը։ Այո, խորհրդային ռազմական ղեկավարությունն այն դոկտրինային էր հետևում, ըստ որի ագրեսիայի դեպքում Կարմիր բանակը արագ հակահարված կտա թշնամուն, կանցնի հարձակման և պատերազմ կվարի հակառակորդի տարածքում։ Սակայն նման ռազմավարական պլանները Գերմանիայի վրա նախահարձակ լինելու մտադրություն բնավ չէին նշանակում: 

Իհարկե, այսօր պատմաբանների տրամադրության տակ են ռազմական պլանավորման փաստաթղթեր, խորհրդային և գերմանական շտաբների դիրեկտիվներ։ Վերջապես, մենք գիտենք, թե ինչպես են զարգացել իրադարձությունները իրականում։ Այդ իմացության բարձունքից շատերը դատում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների, սխալների, վրիպումների մասին։ Այս կապակցությամբ մի բան կասեմ. տարատեսակ ապատեղեկատվության հսկայական հոսքի հետ մեկտեղ խորհրդային առաջնորդները նաև իրական տեղեկություններ էին ստանում նացիստների նախապատրաստվող ագրեսիայի մասին։ Եվ նախապատերազմական ամիսներին քայլեր են ձեռնարկվել երկրի մարտունակության բարձրացման ուղղությամբ, ներառյալ զինապարտների մի մասի գաղտնի զորակոչը,  զինվորական միավորումների և ռեզերվների վերաբաշխումը ներքին ռազմական օկրուգներից դեպի արևմտյան սահմաններ:

Պատերազմն անսպասելի չէր, այն սպասում էին, նրան պատրաստվում։ Բայց նացիստների հարվածն իսկապես պատմության մեջ չտեսնված ավերիչ հզորության էր։ 1941 թվականի հունիսի 22-ին Խորհրդային Միությունը բախվեց աշխարհի ամենաուժեղ, ռազմականացված և մարտունակ բանակի հետ, որի համար աշխատում էր գրեթե ողջ Եվրոպայի արդյունաբերական, տնտեսական, ռազմական ներուժը։ Այդ մահաբեր արշավանքին մասնակցել են ոչ միայն վերմախտը, այլև Գերմանիայի սատելիտները, եվրոպական աշխարհամասի շատ այլ պետությունների մարտական զորակազմերը։

1941-ի ռազմական ծանրագույն պարտությունները երկիրը կանգնեցրին աղետի եզրին։ Մարտունակությունն ու կառավարելիությունը ստիպված վերականգնվեցին արտակարգ մեթոդներով, համընդհանուր զորահավաքով, պետության ու ժողովրդի ամբողջ ուժերի գերլարմամբ: Արդեն 41-ի ամռանը, թշնամու կրակի տակ, սկսվել էր միլիոնավոր քաղաքացիների, հարյուրավոր գործարանների և արտադրությունների տարհանումը դեպի արևելք։ Ամենասեղմ ժամկետներում թիկունքում հունի մեջ դրվեց զենքի և զինամթերքի արտադրությունը, որն առաջին իսկ պատերազմական ձմռանն սկսվեց ռազմաճակատ մատակարարվել, իսկ արդեն 1943 թվականի սկզբին գերազանցվեցին Գերմանիայի և նրա դաշնակիցների ռազմական արտադրության ցուցանիշները: Մեկուկես տարվա ընթացքում խորհրդային ժողովուրդն արեց այն, ինչ անհնարին էր թվում: Ե՛վ ճակատում, և՛ թիկունքում։ Եվ առ այսօր դժվար է գիտակցել, հասկանալ, պատկերացնել, թե ինչպիսի անհավանական ջանքեր, քաջություն ու անձնազոհություն են պահանջվել այդ մեծագույն ձեռքբերումների համար։

Նացիստների հզոր, մինչև ատամները զինված, սառնասիրտ զավթիչ մեքենայի դեմ հարազատ հողը պաշտպանելու, խաղաղ կյանքը, նրա հետ կապված պլաններն ու հույսերը ոտնատակ տված թշնամուց վրեժխնդիր լինելու ձգտումով միավորված խորհրդային հասարակության հսկայական ուժը բարձրացավ: 

Իհարկե, այս սարսափելի, արյունալի պատերազմի ընթացքում շատ մարդկանց տիրապետել է վախի, շփոթվածության, հուսահատության զգացումը: Դավաճանությունն ու դասալքությունը ևս տեղ գտան։ Իրենց զգացնել էին տալիս հեղափոխության և քաղաքացիական պատերազմի ծնունդ դաժան բեկվածքները, նիհիլիզմը, ազգային պատմության, ավանդույթների, հավատքի հանդեպ ծաղրական վերաբերմունքը, ինչը փորձում էին սերմանել բոլշևիկները, հատկապես իշխանության գալու առաջին տարիներին: Բայց խորհրդային քաղաքացիների և արտերկրում հայտնված մեր հայրենակիցների ընդհանուր տրամադրվածությունն այլ էր՝ պահպանել, փրկել հայրենիքը։ Դա իրական, անզսպելի պոռթկում էր։ Մարդիկ ճշմարիտ հայրենասիրական արժեքների մեջ էին հենարան փնտրում։

Նացիստական «ստրատեգները» համոզված էին, որ հսկայական բազմազգ պետությունը հեշտությամբ կարելի է ճնշման ընթարկելով հնազանդեցնել։ Հույս էին տածում, որ հանկարծակի պատերազմը, նրա անողոքությունն ու անտանելի զրկանքները անխուսափելիորեն կսրեն  ազգամիջյան հարաբերությունները, և երկիրը հնարավոր կլինի մասնատել: Հիտլերն ուղղակիորեն հայտարարում էր. «Ռուսաստանի լայնածիր տարածքները բնակեցնող ժողովուրդների նկատմամբ մեր քաղաքականությունը պետք է նրանում կայանա, որպեսզի տարաձայնությունների և պառակտման ցանկացած ձևը խրախուսվի»:

Բայց առաջին իսկ օրերից պարզ դարձավ, որ նացիստների այդ ծրագիրը ձախողվել է։ Բրեստի ամրոցը արյան մինչև վերջին կաթիլը պաշտպանում էին ավելի քան երեսուն ազգությունների մարտիկներ։ Ողջ պատերազմի ընթացքում, և՛ խոշոր վճռական մարտերում, և՛ յուրաքանչյուր պլացդարմի պաշտպանության, հայրենի հողի ամեն մի մետրի համար պայքարում նման միաբանության օրինակներ ենք մենք տեսնում:

Միլիոնավոր տարհանվածների համար հարազատ տուն դարձան Պովոլժիեն և Ուրալը, Սիբիրը և Հեռավոր Արևելքը, Միջին Ասիայի և Անդրկովկասի հանրապետությունները: Տեղացիները կիսվում էին իրենց վերջին եղածով, աջակցում էին այն ամենով, ինչով կարող էին։ Ժողովուրդների բարեկամությունը, նրանց փոխադարձ օգնությունը թշնամու համար վերածվել էր անառիկ ամրոցի: 

Նացիզմի ջախջախման մեջ, ինչ էլ որ հիմա փորձեն ապացուցել, հիմնական, վճռորոշ ներդրումը Խորհրդային Միությանն է, Կարմիր Բանակինը։ Հերոսներն, ովքեր մինչև վերջ պայքարել են շրջապատված Բելոստոկի և Մոգիլյովի տակ, Ումանում և Կիևում, Վյազմայում և Խարկովում: Ովքեր հարձակման էին գնում Մոսկվային մոտ ու   Ստալինգրադում, Սևաստոպոլում և Օդեսայում, Կուրսկում ու Սմոլենսկում: Ովքեր ազատագրեցին Վարշավան, Բելգրադը, Վիեննան ու Պրահան: Ովքեր գրոհում էին Քյոնիքսբերգն ու Բեռլինը:

Մենք պաշտպանում ենք պատերազմի մասին անեղծ, չկոկած կամ լաքապատած ճշմարտությունը։ Այս ժողովրդական, մարդկային ճշմարտությունը, միաժամանակ՝ դաժան, դառը և անողոք, մեզ մեծապես փոխանցել են ճակատային փորձությունների կրակի ու դժոխքի միջով անցած գրողներն ու բանաստեղծները: Իմ, ինչպես և ուրիշ սերունդների համար նրանց ազնիվ, խորիմաստ պատմվածքներն ու վեպերը, մինչև հոգուդ խորքը թափանցող «լեյտենանտական արձակն» ու բանաստեղծությունները հավերժ հետք են թողել մեր սրտերում: Դարձել են պատգամ՝ պատվելու վետերաններին, ովքեր հաղթանակի համար արել են այն ամենն, ինչ կարող էին: Հիշել նրանց, ովքեր մնացին մարտի դաշտում։

Այսօր ևս ցնցում են Ալեքսանդր Տվարդովսկու «Ես սպանվել եմ Ռժևի տակ...» բանաստեղծության պարզ և իրենց էությամբ վիթխարի տողերը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի խորհրդային-գերմանական ճակատի կենտրոնական հատվածում արյունահեղ, դաժան ճակատամարտում կռվածներին։ Միայն Ռժևի և Ռժևյան ելուստի համար տված մարտերի ընթացքում՝ 1941-ի հոկտեմբերից մինչև 1943-ի մարտ ամիսը, Կարմիր Բանակը կորցրեց, ներառյալ վիրավորներն և անհայտ կորածները՝ 1 միլիոն 342 հազար 888 մարդ: Արխիվային աղբյուրներից հավաքված այդ սարսափելի ողբերգական ու դեռ ոչ ամբողջական թվերն առաջին անգամ եմ ասում՝ հարգանքի տուրք մատուցելով հայտնի ու անանուն հերոսների սխրանքին, որոնց մասին հետպատերազմյան տարիներին տարբեր պատճառներով խոսել են անարժանորեն, անարդարացիորեն քիչ կամ ընդհանրապես լռել են։

Ներկայացնեմ ևս մեկ փաստաթուղթ։ Սա Ի.Մայսկու գլխավորությած՝ Գերմանիայից ռեպարացիաների գծով միջազգային հանձնաժողովի զեկույցն է, որը պատրաստվել է 1945 թվականի փետրվարին։ Հանձնաժողովի խնդիրներից էր սահմանումը մի բանաձևի, ըստ որի՝ պարտված Գերմանիան պետք է փոխհատուցեր հաղթանակած տերությունների կրած վնասը։ Հանձնաժողովը եկավ հետևյալ եզրահանգման. «Խորհրդային ճակատում Գերմանիայի կողմից ծախսված զինվոր-օրերի թիվն առնվազն 10 անգամ գերազանցում է դաշնային բոլոր մյուս ճակատներում համապատասխան ցուցանիշը: Խորհրդային ճակատն «իր վրա էր վերցրել գերմանական տանկերի չորս հինգերորդը և գերմանական ինքնաթիռների մոտ երկու երրորդը»։ Ընդհանուր առմամբ, ԽՍՀՄ-ին բաժին է հասել հակահիտլերյան կոալիցիայի ողջ ռազմական ուժի շուրջ 75 տոկոսը: Պատերազմի տարիների ընթացքում Կարմիր Բանակն «աղացել» է «առանցքի» երկրների 626 դիվիզիա, որից 508–ը՝ գերմանական:

1942 թվականի ապրիլի 28-ին Ռուզվելտը ամերիկյան ազգին ուղղված իր ուղերձում հայտարարել է. «ռուսական զորքերը ոչնչացրել են և շարունակում են ոչնչացնել մեր ընդհանուր թշնամու ավելի շատ կենդանի ուժ, ինքնաթիռներ, տանկեր և թնդանոթներ, քան մնացած բոլոր Միավորված Ազգերը՝ միասին վերցրած»: Չերչիլը Ստալինին ուղղված ուղերձում 1944 թվականի սեպտեմբերի 27-ին գրել է, որ «հենց ռուսական բանակն է գերմանական ռազմական մեքենայի փորոտիքը թափել...»:

Նման գնահատականն արձագանք գտավ ամբողջ աշխարհում։ Քանի որ այս խոսքերում այն մեծագույն ճշմարտությունն է, որն այն ժամանակ ոչ ոք կասկածի չէր ենթարկում։ Գրեթե 27 միլիոն խորհրդային քաղաքացիներ զոհվել են ճակատում, գերմանական գերության մեջ, մահացել են սովից, ռմբակոծությունից ու նացիստական մահվան ճամբարների վառարաններում: ԽՍՀՄ-ը կորցրել է իր քաղաքացիներից յուրաքանչյուր յոթերորդին, Մեծ Բրիտանիան՝ 127-ից մեկին, իսկ ԱՄՆ-ը՝ 320 մարդուց մեկին։ Ցավոք, Խորհրդային Միության ծանրագույն, անդառնալի կորուստների այս թիվը վերջնական չէ։ Պետք է շարունակել քրտնաջան աշխատանքը բոլոր զոհվածների՝ Կարմիր Բանակի մարտիկների, պարտիզանների, ընդհատակյա զինվորների, ռազմագերիների և համակենտրոնացման ճամբարների գերիների, դահիճների կողմից ոչնչացված խաղաղ քաղաքացիների անունները և ճակատագրերը վերականգնելու ուղղությամբ: Դա մեր պարտքն է։ Եվ այստեղ հատուկ դեր է պատկանում որոնողական շարժման մասնակիցներին, ռազմահայրենասիրական և կամավորական միավորումներին, այնպիսի նախագծերին, ինչպիսիք են արխիվային փաստաթղթերի վրա հիմնված «Ժողովրդի հիշողություն» տվյալների էլեկտրոնային շտեմարանը։ Եվ, իհարկե, նման համամարդասիրական խնդրի լուծման համար անհրաժեշտ է միջազգային սերտ համագործակցություն։ 

Դեպի հաղթանակն են տարել ջանքերը բոլոր երկրների ու ժողովուրդների, ովքեր պայքարել են ընդհանուր թշնամու դեմ: Բրիտանական բանակը պաշտպանել է իր հայրենիքը ներխուժումից, կռվել նացիստների և նրանց սատելիտների հետ Միջերկրական ծովում, Հյուսիսային Աֆրիկայում: Ամերիկյան և Բրիտանական զորքերն ազատագրել են Իտալիան, բացել երկրորդ ճակատը։ ԱՄՆ-ն ագրեսորին հզոր, ջախջախիչ հարվածներ են հասցրել Խաղաղ օվկիանոսում։ Մենք հիշում ենք չին ժողովրդի վիթխարի զոհերը և նրա հսկայական դերը ճապոնական միլիտարիստների ջախջախման գործում։ Չմոռանանք «Մարտնչող Ֆրանսիայի» մարտիկներին, ովքեր չճանաչեցին խայտառակ կապիտուլյացիան և շարունակեցին պայքարը նացիստների դեմ։

Մենք նաև միշտ երախտապարտ կլինենք այն օգնության համար, որ ցուցաբերել են դաշնակիցները՝ Կարմիր Բանակն ապահովելով զինամթերքով, հումքով, պարենով, տեխնիկայով: Եվ այն էական էր՝ Խորհրդային Միության ռազմական արտադրության ընդհանուր ծավալների մոտ յոթ տոկոսի չափով։

Հակահիտլերյան կոալիցիայի միջուկը սկսել է ձևավորվել Խորհրդային Միության վրա հարձակումից անմիջապես հետո, երբ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան անվերապահորեն աջակցեցին նրան հիտլերյան Գերմանիայի դեմ պայքարում։ 1943 թվականի Թեհրանի խորհրդաժողովի ժամանակ Ստալինը, Ռուզվելտը և Չերչիլը մեծ տերությունների դաշինք ձևավորեցին, պայմանավորվեցին կոալիցիոն դիվանագիտության, ընդհանուր մահացու սպառնալիքի դեմ պայքարում համատեղ ռազմավարության մշակման մասին: Մեծ եռյակի առաջնորդները հստակ գիտակցում էին, որ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի արդյունաբերական, ռեսուրսային և ռազմական ներուժի միավորումն անհերքելի առավելություն կստեղծի հակառակորդի նկատմամբ։

Խորհրդային Միությունն ամբողջությամբ կատարել է իր պարտավորությունները դաշնակիցների հանդեպ, միշտ օգնության ձեռք է մեկնել։ Այսպես, Բելոռուսիայում «Բագրատիոն» մասշտաբային օպերացիայի միջոցով Կարմիր Բանակն աջակցել է անգլո-ամերիկյան դեսանտի իջեցմանը Նորմանդիայում: 1945 թվի հունվարին, ճեղքումով Օդերին հասած մեր մարտիկները «խաչ քաշեցին» Արևմտյան ճակատում՝ Արդեններում  վերմախտի վերջին հզոր հարձակման վրա: Իսկ Գերմանիայի դեմ տարած հաղթանակից երեք ամիս անց ԽՍՀՄ-ը, Յալթայի համաձայնություններին լիովին համապատասխան, պատերազմ հայտարարեց Ճապոնիային և պարտության մատնեց միլիոնանոց Կվանտունյան բանակը:

Դեռ 1941-ի հուլիսին խորհրդային ղեկավարությունը հայտարարեց, որ «Ֆաշիստների դեմ պատերազմի նպատակը ոչ միայն մեր երկրին պատուհասած սպառնալիքի վերացումն է, այլև Եվրոպայի՝ գերմանական ֆաշիզմի լծի տակ տնքացող բոլոր ժողովուրդներին օգնելը»: 1944 թ. կեսերին թշնամին վտարվել էր գրեթե ողջ խորհրդային տարածքից։ Բայց նրա վերջը պետք էր տալ հենց իր որջում։ Եվ Կարմիր Բանակը ազատագրական առաքելություն սկսեց Եվրոպայում: Ամբողջ ժողովուրդներ փրկեց Հոլոքոսթի սարսափից, ոչնչացումից ու ստրկացումից։ Փրկեց հարյուր հազարավոր խորհրդային զինվորների կյանքերի գնով։

Կարևոր է նաև չմոռանալ այն հսկայական նյութական օգնության մասին, որը ԽՍՀՄ-ն ազատագրված երկրներին ցուցաբերում էր սովի սպառնալիքի վերացման, տնտեսության և ենթակառուցվածքների վերականգնման համար: Դա անում էր այն ժամանակ, երբ Բրեստից մինչև Մոսկվա ու Վոլգա կիլոմետրերով մոխրակույտեր էին ձգվում: Այսպես, օրինակ, 1945 թվականի մայիսին Ավստրիայի կառավարությունը դիմել էր ԽՍՀՄ-ին՝ պարենային  օգնություն տրամադրելու խնդրանքով, քանի որ «չգիտեր, թե ինչպես կերակրել իր բնակչությանը հաջորդ յոթ շաբաթներին՝ մինչև նոր բերքը»: Պարենամթերք ուղարկելու խորհրդային ղեկավարության համաձայնությունը Ավստրիայի Հանրապետության ժամանակավոր կառավարության պետական կանցլեր Կ. Ռենները բնութագրել է որպես «Փրկարարական գործողություն...», որը «ավստրիացիները երբեք չեն մոռանա»:

Դաշնակիցները համատեղ Միջազգային ռազմական տրիբունալ ստեղծեցին, որը կոչված էր պատժելու նացիստական քաղաքական և ռազմական հանցագործներին։ Նրա որոշումներում հստակ իրավական որակումներ են տրված մարդկության դեմ այնպիսի հանցագործությունների, ինչպիսիք են ցեղասպանությունը, էթնիկ և կրոնական զտումները, հակասեմիտիզմը և այլատյացությունը։ Նյուրնբերգի տրիբունալը ուղղակիորեն և աներկիմաստ դատապարտել է նաև նացիստների մեղսակիցներին, տարբեր գույնի կոլաբորացիոնիստներին։ 

Այս անարգ երևույթն իր տեղն է ունեցել Եվրոպայի բոլոր պետություններում։ Այնպիսի «գործիչներ», ինչպիսիք են Պետենը, Քվիսլինգը, Վլասովը, Բանդերան, նրանց կամակատարներն ու հետևորդները, թեև «զուգվել են» ազգային անկախության կամ կոմունիզմից ազատվելու մարտիկների «զգեստներով», դավաճաններ են ու դահիճներ։ Անմարդկայնությամբ նրանք հաճախ գերազանցում էին իրենց տերերին: Ջանալով շահել նրանց բարեհաճությունրը՝ հատուկ պատժիչ խմբերի կազմում սիրով ամենամարդակեր հանձնարարություններ էին կատարում: Նրանց ձեռքերի արյունալի գործը՝ Բաբյի Յարի գնդակահարությունները, Վոլինյան կոտորածը, Խատինի հրկիզումը, Լիտվայում և Լատվիայում հրեաների ոչնչացման գործողությունները։

Եվ այսօր էլ մեր դիրքորոշումն անփոփոխ է մնում՝ նացիստների աջակիցների հանցավոր արարքներին արդարացում չի կարող լինել, նրանք վաղեմության ժամկետ չունեն։ Այդ պատճառով է տարակուսանք  առաջացնում այն, երբ մի շարք երկրներում նրանք, ովքեր իրենց արատավորել են նացիստների հետ համագործակցությամբ, հանկարծ հավասարեցվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին։ Անթույլատրելի եմ համարում հավասարության նշան դնել ազատագրողների և զավթիչների միջև։ Իսկ նացիստների հանցակիցների հերոսացումը կարող եմ դիտարկել միայն որպես դավաճանություն մեր հայրերի ու պապերի հիշատակի հանդեպ։ Դավաճանություն այն իդեալներին, որոնք միավորել են ժողովուրդներին նացիզմի դեմ պայքարում։

Այն ժամանակ ԽՍՀՄ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի ղեկավարների առջև հիրավի  պատմական խնդիր էր դրված։ Ստալինը, Ռուզվելտը, Չերչիլը ներկայացնում էին տարբեր գաղափարախոսություններով, պետական մղումներով, շահերով, մշակույթներով երկրներ, բայց դրսևորեցին հսկայական քաղաքական կամք, վեր եղան հակասություններից ու սեփական հակումներից և անկյունաքարային դարձրին աշխարհի ճշմարիտ շահերը: Արդյունքում՝ նրանք կարողացան համաձայնության գալ և հասնել մի որոշման, որից շահեց ողջ մարդկությունը։

Հաղթանակած տերությունները մեզ ժառանգեցին մի համակարգ, որը մի շարք դարերի մտավոր ու քաղաքական որոնումների քվինտեսենցիան դարձավ: Թեհրանի, Յալթայի, Սան Ֆրանցիսկոսի և Պոտսդամի կոնֆերանսները հիմքը դրեցին նրա, որ, չնայած ամենասուր հակասություններին, աշխարհն արդեն 75 տարի է, ինչ ապրում է առանց համաշխարհային պատերազմի։

Պատմական ռևիզիոնիզմը, որի դրսևորումները մենք այժմ տեսնում ենք արևմուտքում, ընդ որում նախևառաջ Երկրորդ համաշխարհային պատերազմի և նրա արդյունքների վերաբերյալ, վտանգավոր է նրանով, որ կոպտորեն, ցինիկաբար խեղաթյուրում է խաղաղ զարգացման սկզբունքների ըմբռնումը, որոնք ամրագրված են 1945 թվականին Յալթայի և Սան- Ֆրանցիսկոյի խորհրդաժողովներում։ Յալթայի և այդ ժամանակաշրջանի այլ որոշումների հիմնական պատմական նվաճումը մի այնպիսի մեխանիզմի ստեղծման մասին համաձայնության մեջ էր կայանում, որն առաջատար տերություններին թույլ կտար մնալ դիվանագիտության շրջանակներում իրենց միջև ծագող տարաձայնություններին լուծում տալու ընթացքում:

20-րդ դարն իր հետ համընդհանուր և համապարփակ համաշխարհային հակամարտություններ բերեց, իսկ 1945-ին ասպարեզ  դուրս եկավ նաև միջուկային զենքը, որը կարող է ֆիզիկապես ոչնչացնել Երկիր մոլորակը։ Այլ կերպ ասած՝ ուժային մեթոդներով վեճերի կարգավորումը խիստ վտանգավոր դարձավ։ Եվ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթածները դա հասկանում էին։ Հասկանում և գիտակցում էին սեփական պատասխանատվությունը մարդկության առջև։

Ազգերի Լիգայի տխրալի փորձը հաշվի առնվեց 1945-ին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառուցվածքը մշակվել է այնպես, որպեսզի խաղաղության երաշխիքները հնարավորինս կոնկրետ և գործուն լինեն։ Այսպիսով ստեղծվեց Անվտանգության խորհրդի մշտական անդամների ինստիտուտը և վետոյի իրավունքը՝ որպես նրանց արտոնություն և պատասխանատվություն: 

Ի՞նչ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը: Ճշմարիտն ասած՝ դա   խոշորագույն երկրների ուղղակի բախմանը միակ խելամիտ այլընտրանքն է։ Դա հինգ տերություններից մեկի այն հայտարարությունն է, որ այս կամ այն որոշումն իր համար անընդունելի է, հակասում է իր շահերին և ճիշտ մոտեցման մասին պատկերացումներին։ Եվ մնացած երկրները, նույնիսկ եթե համաձայն չեն դրա հետ, այդ դիրքորոշումն ընդունում են որպես իրողություն՝ հրաժարվելով միակողմանի ձգտումները կյանքի կոչելու փորձերից։ Այսինքն՝ այսպես թե այնպես, բայց պետք է փոխզիջումներ փնտրել։

Համաշխարհային նոր առճակատումը սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից համարյա անմիջապես հետո, և ժամանակ առ ժամանակ խիստ կատաղի բնույթ էր կրում: Եվ այն, որ Սառը պատերազմը Երրորդ համաշխարհայինի չվերաճեց, համոզիչ կերպով հաստատում է «Մեծ Եռյակի» միջև կնքված պայմանավորվածությունների արդյունավետությունը։ ՄԱԿ-ի ստեղծման ժամանակ համաձայնեցված վարքագծի կանոնները թույլ տվեցին հետագայում նվազագույնի հասցնել ռիսկերը և դիմակայությունը հսկողության տակ պահել:

Իհարկե, մենք տեսնում ենք, որ ՄԱԿ-ի համակարգն այժմ լարվածությամբ է աշխատում և ոչ այնքան արդյունավետ, որքան կարող է։ Սակայն ՄԱԿ‑ն իր հիմնական գործառույթը նախկինի պես կատարում է։ ՄԱԿ-ի Անվտանգության խոհրդի գործունեության սկզբունքները մեծ պատերազմի կամ համապարփակ կոնֆլիկտի կանխարգելման մի եզակի մեխանիզմ են։

Վետոյի իրավունքը չեղյալ հայտարարելու, Անվտանգության Խորհրդի մշտական անդամների հատուկ հնարավորությունները մերժելու՝ վերջին տարիներին բավական հաճախ հնչող կոչերը գործնականում անպատասխանատու են։ Եթե նման բան տեղի ունենա, ապա Միավորված Ազգերի կազմակերպությունը, ըստ էության, կվերածվի նույն այն Ազգերի Լիգայի՝ դատարկ խոսակցությունների ժողովի, որը զուրկ է համաշխարհային գործընթացների վրա ազդելու որևէ լծակից: Թե ինչպես այդ ամենն ավարտվեց՝ լավ է հայտնի։ Հենց այդ պատճառով հաղթող տերությունները առավելագույն լրջությամբ մոտեցան համաշխարհային կարգի նոր համակարգի ձևավորմանը, որպեսզի չկրկնեն նախորդների սխալները։

Միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգի ստեղծումը Երկրորդ համաշխարհային պատերազմի կարևորագույն արդյունքներից մեկն է։ Նույնիսկ առավել անհաշտ հակասությունները՝ աշխարհաքաղաքական, գաղափարական, տնտեսական, չեն խանգարում ձևեր գտնել խաղաղ գոյակցության և փոխգործակցության համար, եթե առկա են ցանկությունն ու կամքը: Այսօր աշխարհն ոչ այնքան հանգիստ ժամանակներ է ապրում: Փոխվում է ամեն ինչ՝ ուժերի գլոբալ դասավորվածությունից և ազդեցությունից մինչև հասարակությունների, պետությունների, ամբողջ մայրցամաքների կյանքի սոցիալական, տնտեսական և տեխնոլոգիական հիմքերը։ Անցած դարաշրջաններում նման մասշտաբի տեղաշարժերը գրեթե երբեք տեղի չեն ունեցել առանց մեծ ռազմական հակամարտությունների: Առանց ուժային պայքարի՝ հանուն նոր գլոբալ հիերարխիայի կառուցման: Դաշնակից տերությունների քաղաքական առաջնորդների իմաստնության և հեռատեսության շնորհիվ հնարավոր եղավ ստեղծել մի համակարգ, որը ետ է պահում մրցակցության ծայրահեղ դրսևորումներից: Մրցակցության, որը օբյեկտիվ բնույթ է կրում և պատմականորեն հատուկ է համաշխարհային զարգացմանը։

Մեր՝ բոլոր նրանց, ովքեր իրենց վրա քաղաքական պատասխանատվություն են վերցնում, և առաջին հերթին՝ Երկրորդ աշխարհամարտում հաղթանակած տերությունների ներկայացուցիչների պարտքն է երաշխավորել, որ այդ համակարգը պահպանվի և կատարելագործվի։ Այսօր, ինչպես և 1945-ին, կարևոր է քաղաքական կամք դրսևորել և միասին քննարկել ապագան։ Մեր գործընկերները՝ պարոնայք Սի Ցզինպինը, Մակրոնը, Թրամփը, Ջոնսոնը, պաշտպանել են անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ- պետությունների ղեկավարների հանդիպում անցկացնելու Ռուսաստանի նախաձեռնությունը։ Մենք շնորհակալ ենք նրանց դրա համար, և լիահույս ենք, որ նման հանդիպումը առաջին իսկ հնարավորության դեպքում տեղի կունենա։

Ինչպիսի՞ն ենք տեսնում առաջիկա գագաթաժողովի օրակարգը։ Առաջին հերթին, մեր կարծիքով, նպատակահարմար է քննարկել միջազգային գործերում կոլեկտիվ հիմունքները զարգացնելու քայլերը, անկեղծ խոսել խաղաղապահությանը, համապարփակ և տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը, ռազմավարական սպառազինության նկատմամբ վերահսկողությանը, ահաբեկչությանը, ծայրահեղականությանը և այլ հրատապ մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու համատեղ ջանքերին վերաբերվող հարցերի մասին:

Հանդիպման օրակարգի առանձին թեմա է համաշխարհային տնտեսութունում առկա իրավիճակը: Ու նախևառաջ՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի հաղթահարումը: Մեր երկրներն աննախադեպ միջոցներ են ձեռնարկում մարդկանց առողջության և կյանքի պաշտպանության, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացիներին աջակցելու համար։ Բայց համատեղ ու համաձայնեցված, ինչպես իրական գործընկերներ աշխատելու մեր ունակությունից է կախված, թե որքան ծանր կլինեն համավարակի հետևանքները, համաշխարհային տնտեսությունը ինչպես դուրս կգա ռեցեսիայից: Առավել ևս անթույլատրելի է տնտեսությունը դարձնել ճնշման և դիմակայության գործիք։ Պահանջված թեմաների թվում են շրջակա միջավայրի պահպանությունը և կլիմայի փոփոխության դեմ պայքարը, ինչպես նաև համընդհանուր տեղեկատվական տարածքի անվտանգության ապահովումը։

«Հնգյակի» առաջիկա գագաթնաժողովի՝ Ռուսաստանի առաջարկած օրակարգը բացառիկ կարևոր և արդիական է ինչպես մեր երկրների, այնպես էլ ամբողջ աշխարհի համար։ Եվ հիշյալ օրակարգի բոլոր կետերով մենք ունենք կոնկրետ գաղափարներ ու նախաձեռնություններ։

Կասկած իսկ չի կարող լինել, որ Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և                 Մեծ Բրիտանիայի գագաթնաժողովը կարևոր դեր կխաղա ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին ընդհանուր պատասխաններ գտնելու գործում և կցուցաբերի մեր ընդհանուր հանձնառությունն դաշնակցային ոգուն, այն մարդասիրական բարձր իդեալներին ու արժեքներին, որոնց համար ուս-ուսի պայքարել են մեր հայրերն ու պապերը:

Ապավինելով ընդհանուր պատմական հիշողությանը՝ մենք կարող ենք և պարտավոր ենք վստահել միմյանց։ Դա որպես ամուր հիմք կծառայի հանուն մոլորակի վրա կայունության և անվտանգության ամրապնդման, հանուն բոլոր պետությունների բարեկեցության ու բարգավաճման հաջող բանակցությունների և փոխհամաձայնեցված գործողությունների համար:  Առանց չափազանցության, սրանումն է ողջ աշխարհի հանդեպ, ներկա և ապագա սերունդների առջև մեր ընդհանուր պարտքն ու պատասխանատվությունը: