Foto

Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակն ու դրա հետևանքները քննարկելու նպատակով նախաձեռնած հանդիպումների շարքը, այսօր ընդունել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Միքայել Մելքումյանին և Շաքե Իսայանին: Այս մասին նախագահի աշխատակազմից։

Հանդիպմանը մասնավորապես խոսվել է համավարակի հետևանքով ստեղծված առողջապահական, սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարման ուղիների ու լուծումների մասին: Պատգամավորները նախագահին տեղեկություններ են ներկայացրել իրենց կողմից իրականացվող աշխատանքների ու քայլերի մասին:

Անդրադարձ է եղել նաև խորհրդարանի գործունեությանը: Այս համատեքստում նախագահ Սարգսյանը մասնավորապես իր դիտարկումներն է ներկայացրել վերջերս Ազգային ժողովի կողմից վավերացված Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ կոնվենցիայի շուրջ քննարկումները կդառնան հանրային քննարկումների ոչ թե ավարտն, այլ՝ սկիզբը և կնպաստեն համապատասխան օրենքների միջոցով մեր պետությանը, ազգային մշակույթին հարիր լուծումներ գտնելուն: