«Արմնյուզ» ՀԸ «ՕրաԽնդիր» հաղորդմանը քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը կարծիք է հայտնել, որ վարչապետը և կառավարությունը բավական ուշացումով ընդունեցին այն խորհուրդները, որոնք արհեստավարժները նրանց տալիս էին շաբաթներ առաջ, երբ անգամ ասիական երկրները, իրենց տարածքում դեռևս որևէ դեպք չունենալով, կոշտ սահմանափակումներ մտցրին:
«Հայաստանի վարչապետը, տնտեսության և հանրաքվեի մոլուցքով տարված, փորձում էր ամեն կերպ նսեմացնել և անլրջացնել այս վարակի վտանգը: Եթե մարտի 1-ի նախօրեին վարակակիրը չհայտնաբերվեր, երթը չէր չեղարկվի, և պատկերացրեք՝ վարակի ինչպիսի տարածում էր լինելու:
Վարչապետը հասկանում է, որ իր բացթողումների արդյունքում Հայաստանում լինելու է վարակվածության ահռելի մեծ տոկոս, և փորձում է դրա բեռը դնել վիրուսի բնույթի վրա՝ պնդելով, թե որոշ տեսությունների համաձայն՝ բոլորը վարակվելու են այս վիրուսով: Հայաստանում առկա մահերի թիվն արդեն շատ բարձր է այս համաճարակային իրավիճակում: Եթե մարդկանց չեն կարողանում փողոցներից տուն ուղարկել, Արցախում ընտրություններ են անում, ԱԺ-ի ընդունած օրենքը հեռախոսային խոսակցություններով կոնտակտավորներին տեղորոշելու մասին կեղծավորություն է և ցինիզմ»,- ասել է Հայկ Մարտիրոսյանը:
Աղբյուր՝ Tert.am