Արցախում մեկնարկած նախագահական ընտրարշավի առաջին փուլն ավարտվեց և կարելի է մի քանի նախնական դիտարկում անել։
1.Ակնհայտ է, որ կան ընտրարշավի բացահայտ ֆավորիտներ՝ Արայիկ Հարությունյանը և Վիտալի Բալասանյանը։
Մյուս 12 թեկնածուները, այսպես ասած, սպոյլերներ են։ Նրանք ձայն փախցնողներ են և ընտրարշավ են մտել այլ մոտիվացիաներով։
Սամվել Բաբայանից սատարում ստանալու արդյունքում ֆավորիտների շարքում էր հայտնվել նաև Մասիս Մայիլյանը, սակայն վերջին իրադարձություննը նրան գործնականում դուրս թողեցին ընտրապայքարից։
Գաղտնիք չէ, որ Մայիլյանը համարվում է Հայաստանի սորոսական շրջանակների թեկնածուն։ Այդ մասին բաց տեքստով հայտարարեց օդիոզ սորոսական Դանիել Իոաննիսյանը։ Արցախում շատ զգայուն են օտարերկյա ազդեցությունների հարցում։ Հատկապես որ Սորոսն օրերս անթաքույց հայտարարեց, որ իրենք աջակցում են Թուրքիային՝ ընդդեմ Ռուսաստանի։ Թե ինչ է դա նշանակում Արցախի համար, լրացուցիչ բացատրության կարիք չունի։
Մայիլյանին ընտրապայքարից դուրս թողեց նաև Ռուսաստանի որոշումը՝ նրա մուտքն այդ երկիր արգելելու մասին։
Փաստորեն, ստացվում է, որ Մայիլյանը մի թեկնածու է, որին սատարում են սորոսականները, որոնց ղեկավարը թուրքամետ ու հակառուսական կողմնորոշում ունի, և մի թեկնածու է, որին արգելում են Ռուսաստան մտնել։ Սա ուղղակիորեն նշանակում է, որ Արցախի անվտանգության ապահովման համար հակացուցված է ոչ միայն Մայիլյան–նախագահը, այլ նաև Մայիլյան–արտգործնախարարը։ Եվ դա ոչ թե այն պատճառով, որ ռուսներին նա դուր չի գալիս, այլ որ Հայաստանի ու Արցախի շահերից չի բխում դա։
2.Եթե մինչև բուն ընտրարշավը շատերը համոզված էին, որ Արցախի նախագահական ընտրությունների ելքը կանխորոշված է և հաղթողը, ընդ որում՝ մեկ փուլով, Արայիկ Հարությունյանն է, ապա այժմ լրիվ այլ պատկեր է։
Սոցիոլոգիական հարցումները, փորձագիտական գնահատականները և տեղում արվող դիտարկումները ցույց են տալիս, որ երկրորդ փուլից հնարավոր չի լինի խուսափել։ Հենց երկրորդ փուլում էլ կվճռվի ընտրությունների ելքը Արայիկ Հարությունյանի և Վիտալի Բալասանյանի միջև։
Եթե ընտրակեղծիքներ չլինեն, ապա անհնար է դառնում մեկ փուլով ընտրության ավարտը։ Եթե մեկ փուլ լինի, ապա ամեյան հավանականությամբ կլինեն ցնցումներ, որոնք չեն բխում Արցախի անվտանգության շահերից։
3.Ընտրությունները մրցակցային բնույթ են կրում։ Զգացվում է, որ մասնակիցներից մի քանիսն ակտիվ քարոզ է տանում։ Կան կրեատիվ մոտեցումներ, որոնցով հատկապես աչքի է ընկնում Բալասանյանի շտաբը։ Փողի գործոնով պայմանավորված քարոզչական ակտիվություն է ցուցաբերում նաև Արայիկ Հարությունյանը։
Այս ընտրությունների հայտնություններից է Բելլա Լալայանը։ Նա «միայնակ գայլի» մարտավարություն է ընտրել՝ ակտիվորեն օգտագործելով սոցիալական ցանցերը և հայաստանյան եթերները։ Լալայանի հաղթելու շանսն, իհարկե, զրոյական է, բայց լայն ճանաչելիության ապահովման առումով նա միանշանակ շահած դուրս կգա այս ընտրապայքարից, ինչն էլ կարող է նրան օգնել հետագայում։
Եվ այսպես, Արցախում անորոշությունը բավական մեծ է։ Հաղթողը մինչև վերջին պահն անհայտ է մնալու։ Սա առաջին անգամ է։ Առաջին անգամ է նաև հայաստանյան տաբեր քաղաքական շրջանակների ակտիվ ներգրավվածությունն Արցախի ընտրություններին։