Foto

Ովքեր են Արցախի նախագահական ընտրությունների ֆավորիտները

Արցախում մեկնարկած ընտրություններն աննախադեպ են մի քանի առումներով։

Նախ միաժամանակ տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Նման բան նախկինում չի եղել։

Գործող իշխանությունը ֆորմալ առումով թեկնածու չունի և վարչական ռեսուրսը նախագահի կոնկրետ մեկ թեկնածուի կամ մեկ քաղաքական ուժի համար չի աշխատելու։ Դա նոր երևույթ է։

Աննախադեպ է նաև նախագահի թեկնածուների քանակը՝ 14։

Խորհրդարան մտնելու հայտ է ներկայացրել 10 կուսակցություն և 2 դաշինք։ Սա էլ մեծ թիվ է ու նախկինում չարձանագրված։

Ընտրություններն աննախադեպ են նաև իրենց անկանխատեսելիությամբ։ Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը գրեթե առանց լուրջ մրցակցության են դարձել Արցախի նախագահներ և դա օբյեկտիվ գործոններով էր պայմանավորված։ Նրանց դառնալը կասկածի տեղիք չէր տալիս ընտրություններից առաջ։ Հիմա այդպես չէ։ Հիմա հնարավոր չէ առանց սխալվելու կանխատեսել, թե ով կդառնա նախագահ, որ ուժերը կհայտնվեն խորհրդարանում և ուժերի ինչպիսի հարաբերակցություն կլինի։

Թեև նախագահացուները 14–ն են, բայց, հաշվի առնելով մի շարք գործոններ, հիմնական մրցակցությունը տեղի կունենա նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի և գեներալ Վիտալի Բալասանյանի միջև։

Եթե օրենսդրական արգելքի չհանդիպեր, ապա նախագահական մրցավազքի ակտիվ խաղացող կդառնար նաև ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, սակայն նրան չգրանցեցին։ 

Բաբայանը նախագահական ընտրություններին մասնակցում է անուղղակիորեն՝ սատարելով Արցախի գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանին։ Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Մայիլյանին մեխանիկորեն կանցնեն Բաբայանի բոլոր ձայները։ Միանշանակ՝ ոչ։ Բաբայանի ու Մայիլյանի էլեկտորատները խիստ տարբեր են։ Գումարած՝ Բաբայանի հիմնադրած կուսակցությունն առանձին է մասնակցում խորհրդարանական ընտրություններին և այդ դաշտում նրա կուսակցությունն ու Մայիլյանին սատարող դաշինքը մրցակիցներ են, այլ ոչ թե գործընկերներ։

Այսպիսով՝ նախագահական ընտրություններում ֆավորիտները Վ. Բալասանյանն ու Ա. Հարությունյանն են։  Նրանց դիրքավորումն ու շարժառիթները տարբեր են։

Բալասանյանը դիրքավորվել է անվտանգության ապահովման և հակակոռուպցիոն տիրույթում, իսկ Հարությունյանը՝ փողի։ Փողի գործոնն, ի դեպ, ևս մեկ աննախադեպ երևույթ է Արցախի ընտրություններում։

Թե ով որքան ձայն կհավաքի, պարզ կդառնա ընտրարշավի ընթացքից։

Փորձագետներից շատերի գնահատմամբ նախագահական ընտրությունները մեկ փուլով չեն ավարտվի։ Եվ հենց այդ երկու թեկնածուն էլ երկրորդ փուլում վերջնականապես կպարզեն իրենց հարաբերությունները։ Երկրորդ փուլն էլ ևս մեկ աննախադեպություն կապահովի Արցախի համար։

Երկրորդ փուլում նախագահական ընտրության ելքի վրա կազդեն ինչպես խորհրդարանական ընտրությունների արդյունքները, այնպես էլ թեկնածուներից յուրաքանչյուրի կարողությունը՝ հնարավորինս մեծ ուժերի ներգրավել սեփական դաշտ։

 Կոնսոլիդացիոն ռեսուրսի առումով երկրորդ փուլում մեծ է Բալասանյանի առավելությունը, քանզի այս ընտրությունների «ջոկերը»՝ Սամվել Բաբայանը, ինչպես նաև ՀՅԴ–ն ու էլի մի քանի ուժեր կաջակցեն Բալասանյանին կամ չեզոքություն կպահեն, բայց որևէ դեպքում չեն միանա Արայիկ Հարությունյանին։ Գոնե Բաբայանի մասով Հարությունյանին չպաշտպանելը միանշանակ է։

Մարտի 31–ին թեժ է լինելու։

 

 

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան