«Քիչ առաջ բուռն քննարկումներ ունեցանք ԱԺ դահլիճում և ինձ մոտ տպավորություն է ստեղծվում , որ քաղաքական մեծամասնությունը երբեմն մոռանում է , որ ԱԺ-ում ներկայացված են երեք քաղաքական ուժեր և երեքն էլ այստեղ են եկել ժողովրդի տված քվեով և արդար ընտրությունների միջոցով։ Հետևաբար այստեղ պետք է լինեն տարակարծություններ, պիտի լինեն բանավեճեր և սա է քաղաքականությունը։ Եվ քաղաքականապես հասուն լինելու վկայությունը ընդդիմադիր, խոսքը լսել կարողանալն է և կոռեկտության սահմաններից դուրս չգալը՝ այդ խոսքը լսելիս։ Մեր մյուս գործընկերոջը ցավոք պետք է ասեմ՝ դուք մեզ թույլ չեք տալիս կարոտենք նախկիններին, որովհետև, երբ ամեն անգամ հայտարարում եք, որ հնին վերադարձ չի լինելու, ամեն պատեհ ու անպատեհ առիթով , հարգելիներս հնին վերադարձը չի նշանակում, որ հները գան ստեղ նստեն ձեր տեղը։ Հնին վերադարձը լինում է նաև, երբ դուք սկսում եք ձեզ պահել ճիշտ նույնպես ինչպես նախկինները, դա նույնպես հնին վերադարձ է և դևին սպանողը, դառնում է դև։ ՀՀ քաղաքացին մեզ տվել է քվե, որ մենք դա թույլ չտանք և հենց դրանով ենք մենք այստեղ զբաղված»,- այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր ևս ԱԺ-ում նիստը սկսվեց պատգամավորների միջև տարաձայնությամբ, որի ժամանակ ընդհարվեցին Ռուբեն Ռուբինյանը և Էդմոն Մարուքյանը։
Vesti.am