Foto

Հայաստան անդերգրաունդ

Հայաստանում քաղաքական մեկնաբանների ու կատակասերների մեծ մասը մեր իրականությունը համեմատում են Օրուելի «Անասնաֆերմայի» հետ: Կարծես այդ պատմվածքը գրված է հենց մեր երկրի համար: Մի փոքր երևակայության դեպքում արդեն դասական դարձած կերպարներին կարելի է նաև կոնկրետ մարդկանց անունները տալ և ամեն ինչ տեղը կընկնի: Բայց վիճակն օրեցօր նմանվում է Կուստուրիցայի «Անդերգրաունդին»:

Ամբողջ երկիրը հետևողականորեն սնուցվում է վիճակագրական տեղեկատվությամբ, որը, մեղմ ասած, բազմակի մեկնաբանության է: Իշխանական լրատվամիջոցների պատկերած Հայաստանը խորհրդային շրջանի «պայծառ ապագայի» երկիրն է, որտեղ ժողովրդին կերակրում են մեկ՝ առանձին վերցրած խմբի տեսլականով: Այնտեղ ուր որ է հասնելու և անցնելու ենք Ամերիկային, իսկ իրականում փոփոխությունների և խոստումների մեծ մասը դեռ անհասանելի երազանք է կամ ֆեյք: Մարդիկ պաշտոնական վիճակագրությամբ սկսել են աննախադեպ լավ ապրել, բայց իրականում սպառողական գները աննախադեպ բարձրացել են, իբր աննախադեպ քանակի աշխատատեղեր են բացվել, բայց աշխատանքի գնացողների թիվը չի ավելացել, նույնիսկ արդեն ֆեյքերն են ֆեյք: Քաղաքացիներն իրական բարեփոխումների փոխարեն միայն շոուներ և դատավարություններ են տեսնում՝ սպասելով, որ լավ Հայաստանն օր առաջ իրականություն կդառնա: Դրա համար նույնիսկ ՀԴՄ կտրոն են պահանջում խանութներից, բայց արդյունքում միայն պաշտոնյաների աշխատավարձերն են բարձրանում:

Ասե՛ք խնդրեմ. ինչո՞վ Կուստուրիցայի նկարագրած սյուժեն չէ: Թերևս մի տարբերությամբ, որ գետնի տակ չենք ապրում: Խորհրդանշական է, որ 2020-ը դիմավորեցինք Բրեգովիչով:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան