ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի ստորագրումից անմիջապես հետք ՀՔԾ քննիչի ՍԴ այցելությունը երկրի բարձրագույն դատական մարմնի նկատմամբ «շտուռմի» աղդանշանն էր: Իսկ ի՞նչ էր կատարվում մինչ այդ:
Արդեն մի քանի ամիս գործադիր իշխանությունն ու խորհրդարանը փորձում են «իրենցով անել» երրորդ՝ դատական իշխանությունը: ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, ով արդեն ԲԴԽ նախագահն էր, «ճարպիկ ցատկով» թողեց իր պաշտոնը, արդյունքում՝ ԲԴԽ-ն և դատավորներին թողնելով «հեղափոխական զանգվածների» և անձամբ երկրի վարչապետի կամայականությունների դեմ մեն-մենակ: Դատավորների մի մասը «ինքնավեթինգվեցին» ու այսօր, գտնվելով համեմատաբար կոնֆորտ տիրույթում, անպատիժ ոտնահարում են օրենքները, կայացնում ակնհայտ քաղաքական պատվեր: Մյուս մասը, որ դեռևս պահպանում են դեմքն ու մասնագիտական արժանապատվությունը, թանկ են վճարում, որովհետև անընդհատ հալածվում են: Սահմանադրական դատարանը, որ կոչված է երաշխավորելու երկրի սահմանադրականությունը, անպայման հայտնվելու էր վարչապետի ու պողոսների թիրախում: Դա հասկանալի էր այն պահից, երբ Նույն ՀՀ նախագահի առաջադրած ՍԴ դատավորի թեկնածուներին խորհրդարանը մերժում էր այնքան ժամանակ, մինչև չառաջադրվեց Վահե Գրիգորյանը:
Հիմա Նիկոլ Փաշինյանը, որ գրեթե անվերապահորեն վերահսկում է Ազգային Ժողովն ու դատավորներին, փորձում է «սանձել» Սահմանադրականը: Ինչու՞, թվում է նույն Փաշինյանին, ի հեճուկս իրեն, բախտ է վիճակվել ունենալ իրապես իրենից՝ գործադիրից ու օրենսդիրից անկախ ՍԴ: Է՞լ ինչ է հարկավոր նորմալ աշխատելու համար, երբ կա մի մարմին, որը օբյեկտիվորեն փորձում է հակակշռել ստեղծված միահեծան կառավարմանը, հուշել սխալները, բալանսավորել քաղքական իրավիճակը: Այս հարցերի պատասխանը ամեն օր մեր աչքի առաջ է: Կառավարությունը չի կարողանում իրագործել իր նախահեղափոխական լոզունգները, երկրի տնտեսությունը նկարվում է մեկ մարդու ճաշակով ու հրամցվում որպես դարակազմիկ ու աննախադեպ, խորհրդարանը բացահայտ տապալել և վարկաբեկել է երկրում օրենսդրական գործունեությունը, իրավապահ համակարգը արդեն անթաքույց անցել է ռեպրեսիոն գործելաոճի: Հասել է նրան, որ բարձրաստիճան պաշտոնյաներն աղմուկով հրաժարականներ են տալիս, կանգ առնելու կոչեր անելով: Արտաքին քաղաքական ոլորտում անբացատրելի ու վտանգավոր իրադարձություններ են տեղի ունենում, որոնք քողարկելու համար հերթական շոուներն են բեմադրվում՝ հասարակության ուշադրությունը կարևորից շեղելու համար:
Նման իրավիճակներում կայացած ժողովրդավար երկրներում ռադիկալ քայլեր են արվում՝ կառավարություններ են հեռանում, արտահերթ ընտրություններ են լինում: Բայց մենք յուրահատուկ ենք, որովհետև մենք (մեր բոլոր իշխանությունները) գնում են մինչև վերջ, այրելով բոլոր կամուրջները: Նիկոլ Փաշինյանը բացառություն չէ, կանգ առնելու, հասարակական կոնսոլիդացիա ստեղծելու, երկիրտ տնտեսական ահագնացող փոսից հանելու փոխարեն որոշում է կայացրել հավերժացնել կամ, նվազագույնը, երկարաձգել իր իշխանությունը: Այսինքն ձգտում է Սահմանդրությամբ հաստատված խորհրդարանական երկրում հաստատել նախագահական կառավարում՝ իր ձեռքի տակ: Բնական է, որ պետական համակարգում դա շատերն են հասկանում և փորձում են ուղիղ պահել երկրի ողնաշարը, բայց Փաշինյանը դա ուղղակի մարտահրավեր է ընկալում: Պետական համակարգը կոտրելու, արտաքին քաղաքական մարտահրավերները իր պատասխանատվության տակից հանելու ճանապարհին հենց այս, իրենից անկախ, Սահմանադրական Դատարանն է, որն ամեն գնով պետք է փոխարինվի հլու հնազանդ «փիսիկներով»:
Ահա գալիք 2020 թվականի հիմնական ներքաղաքական օրակարգը, որով քողարկվելու են կառավարության և իշխող խմբի հերթական ձախողումները: