Հոկտեմբերի 17–ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայից բռնությամբ ոստիկանություն տեղափոխված Կարեն Ղազարյանը դեպքից հետո բուժօգնության է դիմել «Նաիրի ԲԿ»։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Ղազարյանի շահերը ներկայացնող «Բաբայան Քոնսալթինգ» փաստաբանական ընկերության տնօրեն Արսեն Բաբայանը։ Վերջինիս խոսքով՝ հիվանդանոցում Ղազարյանը հետազոտության է ենթարկվել և այդ կապակցությամբ բժշկի տեղեկանքը ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին։
Մասնագիտացված բժշկական կենտրոնից տրված տեղեկանքի համաձայն՝ Ղազարյանը «պարանոցի աջ եւ ձախ կողմնային, աջ եւ ձախ ճաճանչ-դաստակային հոդերի, գոտկային եւ ձախ սրունք-թաթային հոդի շրջանների քերծված վերքեր ունի»։
Բաբայանը հայտնեց, որ ՀՔԾ–ն էլ իր հերթին դատաբժշկի ուղեգիր է տվել Ղազարյանին. նրա նպատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել։
Աղբյուր՝ News.am