Հայաստանը կարող է էներգետիկ հաբ դառնալ ԵՏՄ-ում, և դրան կարող է նպաստել Իրանի հետ փոխգործակցությունը։ Այս մասին «Եվրասիական աշխարհամասի տարանցման ներուժը» միջազգային համաժողովում սեպտեմբերի 30-ին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավաստիացրել է, որ իր նախագահության օրոք Հայաստանն առավելագույն ջանքեր է գործադրել այն խնդիրների լուծման համար, որոնք կարող են ազդակ հաղորդել այնպիսի առանցքային հարցում, ինչպիսին են տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումն ու դիվերսիֆիկացումը, ինչը թույլ կտա ավելացնել տնտեսական և առևտրային շրջանառությունը միության ներսում, ինչպես նաև արտահանման հնարավորությունները։
Նրա խոսքով՝ եվրասիական աշխարհամասը միշտ եղել է տնտեսական և մշակութային խճանկար, որում Հայաստանը պատմականորեն զբաղեցրել է կարևոր տեղ Մետաքսի ճանապարհի խաչմերուկում։ «Այսօր Հայաստանը իր տեղադրությունից ելնելով կարող է դառնալ հուսալի տրանսպորտային միջանցք տրանսպորտային հոսքի անխուսափելի մեծացման պայմաններում»,- ավելացրել է նա։
Վարչապետը նկատել է, որ համաժողովը հնարավորություն է ընձեռում քննարկելու ինտեգրացիոն գործընթացների զարգացման և խորացման հեռանկարները։ «Համաժողովի շրջանակում կքննարկվեն տրանսաշխարհամասային տրանսպորտային կապերի, միասնական տրանսպորտային-լոգիստիկ համակարգի զարգացման խնդիրները։ Քննարկումների արդյունքներով կարելի կլինի գնահատել պատնեշները վերհանելու հնարավորությունները, կկարողանանք նախանշել ապագայի խնդիրները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Երևանում սեպտեմբերի 30-ին ընթանում է «Եվրասիական ախարհամասի տարանցման ներուժը» համաժողովը։









