Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում սեպտեմբերի 14-ին մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է Տոկիո-2020-ի Օլիպիական խաղերի համար: Առաջինը պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները:
Աշխարհի առաջնությունն ու հունեահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ արդեն մրցավայրում է: Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին եւ հավաքականի մյուս անդամներին «Նուրսուլթան Նազարբաեւ» միջազգային օդանավակայանում մեծ շուքով են դիմավորել:
Էդուարդ Սահակյանի գլխավորած հավաքականի կազմում Նուրսուլթան են մեկնել Նորայր Հախոյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։
Թիմին մրցավայր են ուղեկցել նաեւ հավաքականի մարզիչներ Գեւորգ Ալեքսանյանն ու Սամվել Գեւորգյանը:
Նորանշանակ մարզիչ Էդուարդ Սահակյանի առաջին «քննությունը»
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության մեկնարկից 18 օր առաջ հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականը 20 տարի գլխավորած օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց գլխավոր մարզիչի պաշտոնից: Ֆեդերացիան գլխավոր մարզիչի պաշտոնում ժամանակավորապես նշանակեց հավաքականում երկար տարիներ աշխատող Էդուարդ Սահակյանին: Նա ղեկավարեց վերջին ուսումնամարզական հավաքը ԱԱ-ից առաջ եւ ներկայացրեց հավաքականի կազմը:
Երեւանում տեղի ունեցած բաց մարզման ընթացքում լրագրողների հետ զրույցում Էդուարդ Սահակյանը հայտարարեց, որ իր առջեւ խնդիր է դրել գերազանց հանդես գալ աշխարհի առաջնությունում: Թե որքանով Հայաստանի հավաքականին եւ մեդալի հիմնական հավակնորդներին դա կհաջողվի, պարզ կդառնա առաջիկա երեք օրում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։