Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի նախաձեռնությամբ եւ «Ռեստորանների հայկական միության» առաջարկով 2019 թվականի սեպտեմբերի 14-ին Սեւանի թերակղզում կանցկացվի ձկան փառատոն, որն իր բովանդակությամբ մարզում առաջին անգամ է կազմակերպվում՝ հավակնելով ձեռք բերել ամենամյա միջազգային հնչեղություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, տոնակատարությունն անցկացվելու է Գեղարքունիքի մարզպետարանի և «Ռեստորանների հայկական միության» համատեղ ուժերով:
Ձկան փառատոնի նախապատրաստական աշխատանքների շուրջ քննարկումը տեղի ունեցավ օգոստոսի 2-ին, Գեղարքունիքի մարզպետարանում: Այն վարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Քննարկմանը մասնակցում էին «Ռեստորանների հայկական միության», «Սեւան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի շահագրգիռ ստորաբաժանումների պատասխանատուներ: Քննարկման ընթացքում կողմերը պայմանավորվեցին մինչեւ տոնակատարությունը առավոտյան Սեւանի ափամերձ տարածքներում իրականացնել մաքրման աշխատանքներ, իսկ միջոցառումը սկսել ժամը 15:00-ին:









