ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնախումբ և ԱԽ քարտուղարին հանձնարարվել է ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը մեկ տարվա ընթացքում ներկայացնել Անվտանգության խորհրդի քննարկմանը, ապա ԱԺ հաստատմանը:
«Գործող ռազմավարությունն ընդունվել է 12 տարի առաջ, որից հետո Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում հիմնարար փոփոխություններ են տեղի ունեցել: 2007 թ. ի վեր Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում զարգացման նոր միտումներ են արձանագրվել: Տեղի է ունեցել ռուս-վրացական պատերազմը` սրելով այդ երկրների միջև հարաբերությունները: Իրան-ԱՄՆ լարված հարաբերություններով պայմանավորված՝ մեր սահմանակից Իրանի համար առաջացել են պատժամիջոցները հաղթահարելու նոր խնդիրներ: Մերձավորարևելյան տարածաշրջաններին վերաբերող հիմնահարցերը ենթարկվել են էական փոփոխությունների: Մեզ համար լրջագույն խնդիր է` բացառել դեռևս հարկ եղած գնահատականների չարժանացած 2016 թ. ապրիլյան իրադարձությունների կրկնությունը: 2018 թ. Հայաստանում արձանագրվել են հիմնարար փոփոխություններ, մեծ փոփոխությունների է ենթարկվել Հայաստանի տնտեսական ինտեգրման քաղաքականությունը: Հայաստանը դարձել է ԵԱՏՄ անդամ, ինչպես նաև ԵՄ-ի հետ ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
Անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց, որ այս փոփոխությունների հետ մեկտեղ կան իրողություններ, որոնք մնացել են անփոփոխ:
«Հայաստանի գլխավոր մարտահրավերները շարունակում են մնալ Արցախյան հիմնահարցի շուրջ գոյություն ունեցող գործընթացները` փոխզիջումների ճանապարհով հիմնահարցը լուծելու վերաբերյալ Ադրբեջանի մերժողական քաղաքականության պատճառով: Շարունակում է փակ մնալ նաև հայ-թուրքական սահմանը»,- նշեց Արմեն Գրիգորյանը:
Քայլեր կատարվում են դավադիր ուժերի հայտնաբերման ուղղությամբ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հարցին՝ օրինակ, Վիտալի Բալասանյանը մտնո՞ւմ է այդ ուժի մեջ, քանի որ վերջերս ստուգել էին նրա մեքենան, Արմեն Գրիգորյանը պատասխանեց.
«Հրապարակային ինչ խոսվել է, միայն դրա մասին կարող ենք ասել, այլ բան չեմ կարող ասել»։
Ա. Գրիգորյանի խոսքով՝ Երևան-Ստեփանակերտ հարաբերությունները գտնվում են լավ վիճակում։
«Խնդիրներ եղել են, բայց դրանք անցյալում են», - ասաց Գրիգորյանը։









