Foto

Պարբերաբար չարամիտ խախտումներ թույլ տվող վարորդները պետք է հեռացվեն երթևեկությունից. Փաշինյան

ՀՀ ոստիկանությունը մշակել է օրենքի նոր նախագիծ, որի հիմնական նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթևեկությունից հեռացնելն է: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարներին:

«Այսինքն այն վարորդները, որոնք պարբերաբար և չարամիտ խախտումներ են թույլ տալիս, նրանք պետք է երթևեկությունից ընդհանրապես հեռացվեն: Նախագիծն ԱԺ-ում է, և կարծում եմ՝ ԱԺ-ի հետ պետք է քննարկենք, թե ինչ ժամկետներում կարող ենք նախագիծը հնարավորինս շուտ ընդունել: Այս հարցով կառավարությունը և ոստիկանությունը պետք է սերտորեն համագործակցեն ՀԿ-ների հետ:

Մեկ անգամ այդ թեմայով խոսակցություն ունեցել ենք իմ ֆեյսբուքյան եթերներից մեկի ժամանակ: Հնարավորություն պետք է ընձեռեինք՝ համապատասխան ծրագրային ապահովմամբ, որպեսզի քաղաքացիները ևս երթևեկության կոպիտ խախտումներն արձանագրելու ու ոստիկանություն ուղարկելու հնարավորություն ունենան: Ես տեղյակ եմ, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ՀԿ-ների ներկայացուցիչների հետ արդեն սկսել են այդ աշխատանքը: Պետք է հստակ արձանագրել, որ քաղաքական կամքը եւ որոշումը կա, խնդիրը այդ որոշման տեխնիկական մասը ապահովելն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այժմ հատկապես պետք է ճանապարհային երթևեկության նկատմամբ լինի կրկնակի ու եռակի ավելի մեծ վերահսկողություն: «Հասկանալի է, որ այսօր ՀՀ-ում և հատկապես 2018-2019 թվականներին մեքենաների աննախադեպ աճ է արձանագրվել: Մեծ ծավալով ներկրումները շարունակվում են, որն իր  հերթին բերում է մարտահրավերներ: Այդ մարտահրավերներին արձագանքը պետք է լինի հետևյալը, որ ոստիկանությունն ամենակոշտ միջոցները պետք է ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ: Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ այդտեղ ոչ մի հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել, որովհետև խոսքը մարդկանց, մեր երեխաների անվտանգության մասին է»,- ընդգծեց կառավարության ղեկավարը: