Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն արդեն կազմել է իր ղեկավարած կառույցի ռազմավարական ծրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունիսի 25-ին լրագրողների հետ զրույցում Սինանյանը նշեց, որ իրենց ծրագրի առաջին քայլը լինելու է Ռուսաստանի հայ համայնքի հետ աշխատանքը:
«Այն ամենամեծն է, աշխարհագրական առումով ամենասփռվածն է: Այն հոգեբանորեն և ֆիզիկապես ամենաշատ կապն ունի Հայաստանի հետ: Ճիշտ և լավ աշխատանքի դեպքում իրենք ոչ միայն ամենամեծ պոտենցիալն են ներկայացնում ՀՀ-ի համար, այլև շատ այլ դիվիդենտներ Հայաստանը կարող է ստանալ, մենք էլ իրենց կարող ենք օգնել»,- ասաց Սինանյանը:
Անդրադառնալով ԱՄՆ-ի հայ համայնքի հետ աշխատանքներին և այնտեղ իր ունեցած կապերին, Սինանյանն ընդգծեց, որ 30 տարուց ավելի այնտեղ բնակվելով և քաղաքական պաշտոն զբաղեցնելով մեծ կապեր է ձեռք բերել, որոնք պետք է մոբիլիզացնի ի շահ Հայաստանի: