Դիլիջանի Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովը:
Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ սա ՀՀ մարզերում անցկացվող նմանատիպ հինգերորդ համաժողովն է և անդրադարձել հարցին, թե որոնք են նմանատիպ համաժողովների անցկացման նպատակները: «Մեր ամենակարևոր նպատակն անհատական ջանքի խրախուսումն ու քաջալերումն է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում, որովհետև մենք համոզված ենք, որ ՀՀ քաղաքացիների անհատական ջանքն է այն շրջադարձային կետը, երևույթը, որը մեր երկիրը պետք է նոր մակարդակի բարձրացնի տնտեսապես, քաղաքականապես և բոլոր առումներով: Ի՞նչ ենք նկատի ունենում` անհատական ջանք ասելով. նկատի ենք ունենում օրինակ` «Ապագա ռեզոթ» ընկերության հիմնադիր Արտակ Չիբուխչյանին, ով մի օր որոշում է, որ Ռուսաստանի Դաշնությունից պետք է գա Հայաստան և Ենոքավանի լքված տարածքում ստեղծի մի կառույց, որը պետք է փոխի համայնքի կյանքը, Հայաստանի Հանրապետության իմիջը: Նկատի ունեմ իջևանցի գործարար Անդրանիկ Ղազարյանին, ով Ուկրաինայում հաջողության է հասել, վերադառնում է Հայաստան և շուտով նրա շնորհիվ Իջևանի անշարժ գույքի շուկայում երկար տարիների ընդմիջումից հետ կհայտնվի նոր առաջարկ՝ բազմաբնակարան շենքի տեսքով: Նկատի ենք ունենում «Քարահունջ» գինետան հիմնադիրներին, որովհետև այս մարդիկ գալիս են Սփյուռքից և Հայաստանում ստեղծում նոր իրականություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ անհատական ջանք ասելով նկատի են ունենում նաև «Հայրապետյան եղբայրներ» ընկերությանը, որոնք երկար տարիներ ղեկավարում են Պարզ լիճը` ստեղծելով բնության և բիզնեսի ներդաշնակության մի նոր երևույթ:
«Անհատական ջանք ասելով՝ սա նկատի ունենք, որովհետև փոփոխությունների շարժիչ ուժն, իհարկե, պետք է լինի կառավարությունը, բայց դրանց ճակատագիրը որոշողը քաղաքացիներն են և կառավարության ամենամեծ անելիքն ահա այսպիսի մարդկանց օրինակներ ի ցույց դնելով` քաջալերելն է ուրիշներին և հնարավորություններ ստեղծելը, որպեսզի մարդիկ տաղանդը բացահայտելու և իրացնելու հնարավորություն ունենան: Այն մարդիկ, որոնց մասին խոսեցի, այդ ամենը ստեղծել են ոչ ամենևին կատարյալ պայմաններում, հակառակը՝ այդ ամենն արվել է դժվարություններ հաղթահարելով»,- ասել է վարչապետը` հավելելով, որ կառավարությունն առկա խնդիրները հաղթահարելու համար իրականացնում է համապատասխան քայլեր:
«Այսօր խոսում ենք վարկային տոկոսադրույքների նվազեցման մասին, հարյուր հազարավոր մարդկանց վարկային պատմությունը «սպիտակեցրել» ենք, մենաշնորհները վերացրել: Հիմա խոսում ենք այն մարդկանց մասին, որոնք ինչ-որ բան արել են` աղքատությունը հաղթահարելով: Մենք հիմնադրել ենք «Մեր ժամանակների հերոսը» խորագրով հեռուստատեսային նախագիծը, որը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր էլ կան մարդիկ, ովքեր զրոյից, առանց որևէ բան ունենալու՝ հասել են կոնկրետ արդյունքների: Նրանք չեն համաձայնվել համակերպվել հուսահատության հետ: Կարծում եմ` մենք պետք է նոր մշակույթ բերենք և անուններով ու հասցեներով խոսենք այդ մարդկանց մասին: Կոնկրետ օրինակները շատ կարևոր են, այդ մարդիկ մեր ժամանակների հերոսներն են և նրանց օրինակները պետք է ոգևորեն մյուսներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել «Թեյան» անունով հայկական թեյերի արտադրություն հիմնած Աստղիկ Գալստյանի և Վարդան Հարությունյանի, երևանցի կավագործ Ռուբեն Գևորգյանի օրինակները:
Մանրամասները՝ այստեղ։









