Foto

Կրկին մնացինք «հումանիտար ոլորտի» և «ուղիղ կապի» հույսին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներով հանդես են եկել հայտարարությամբ:

Ըստ տարածված տեղեկատվության՝ «ափսոսանքով ընդգծելով վերջին կորուստների մասին՝ համանախագահները կողմերին կոչ են արել  ձեռնարկել անհապաղ միջոցներ խաղաղությանը և առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգման ուղղությամբ։ Համանախագահները կողմերին  կոչ են արել  վերահաստատել հանձնառությունը՝ անշեղորեն պահպանել հրադադարը և ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից, այդ թվում՝ դիպուկահարների կիրառումից և շփման գծի ու միջազգային սահմանների երկայնքով ինժեներական աշխատանքներ կատարելուց»:

Նկատենք՝ ոչ մի ակնարկ Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի ու Ժնևի պայմանավորվածություններին, որոնք Դուշանբեում «խիստ սահմանափակ տարածքում» ձեռք բերված պայմանավորվածություններից հետո ի սպառ դուրս են մնացել միջնորդ համանախագահների բառապաշարից: Բայց վերոհիշյալ տխրահռչակ «պակտից» հետո մնացել է մի ծանր ժառանգություն, որը կարող է արմատապես փոխել շփման գծում ուժերի հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի, հատկապես, որ այն լեգիտիմացվում է այս վերջին հայտարարությամբ: Եթե համանախագահներն արձանագրում են, որ շփման գծի ու միջազգային սահմանների երկայնքով ինժեներական աշխատանքներ են կատարվել, բայց ոչ մի խոսք չեն արտաբերում դրանց ապամոնտաժման մասին, ապա անուղղակիորեն խրախուսում և լեգիտիտիմացնում են դրանց գոյությունը, խախտելով տարիներ շարունակ պահպանվող ստատուս քվոյի այս մարտավարական բաղադրիչը: Եվ կրկին ոչ մի կոնկրետ հասցեատեր, ոչ մի կոնկրետ անդրադարձ այն հանգամանքին, որ Ադրբեջանը այս տարվա ընթացքում արդեն որերորդ անգամ միջազգային զորավարժություններ ու զորաշարժեր է իրականացնում շփման գծի և ՀՀ սահմանների անմիջական հարևանությամբ:

Թեև ՀՀ ԱԳՆ տեղեկատվության մեջ կցկտուր ասվում է, որ «հայկական կողմը ընդգծեց հրադադարի ամրապնդման և լարվածության ռիսկերի նվազեցման միջոցների իրականացումը՝ միջադեպերի կանխարգելման և արագ արձագանքման համար», սակայն համանախագահների հայտարարությունից չի երևում, որ այդ միջոցները դեռ ակտուալ են: Փոխարենը՝ «հումանիտար ոլորտ» և «ուղիղ կապ»:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան