ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմմոմուդին Միրզոյի Սատորովին։
Նախարար Հակոբ Արշակյանը մանրամասնել է նաև նոր ձևավորված Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության շրջանակներն ու ուղղությունները:
Իմմոմուդին Միրզոյի Սատորովը նշել է, որ երկու երկրների միջև կա գործակցության մեծ ներուժ և այն նպատակային օգտագործելու ցանկություն։ Նա ընդգծել է, որ տաջիկական կողմը հետաքրքրված է Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացումներով, ցանկություն ունի ծանոթանալու հայ մասնագետների փորձին, իրականացվող ծրագրերին, քայլեր ձեռնարկելու փոխգործակցություն ստեղծելու ուղղությամբ։
Հակոբ Արշակյանը դեսպանին ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտի հայկական լավագույն նվաճումները, դրանց զարգացմանն ու ընդլայնմանը միտված պետական քաղաքականությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու երկրների ոլորտի մասնագետների մասնակցությամբ կազմակերպել հանդիպում։









