Foto

2018թ. բյուջեի կատարման արդյունքներով ՀՀ կառավարությունը չունի չկատարված պարտավորություններ

Նախորդ տարվա առանձնահատկությունն այն էր, որ ներկայացվող հաշվետվության հետ մեր կառավարությունն ընդհանրապես առնչություն չուներ, որովհետև խոսքը 2017թվականի բյուջեի կատարման մասին էր: Այս տարվա առանձնահատկությունն այն է, որ մեր կառավարությունն ունի ոչ ամբողջական մասնակցություն, որովհետև մենք կառավարության դերը ստանձնել ենք մայիսին:

Ըստ էության, բյուջեի կատարման ցուցանիշներին Ազգային ժողովում բազմիցս անդրադառնալու առիթ ունեցել եմ և այսօր, ըստ էության, դրամատիկ նորություններ ասել այդ կապակցությամբ չեմ պատրաստվում, բայց կարծում եմ շատ լավ առիթ է, որպեսզի ամփոփենք այն, ինչի մասին այս ընթացքում խոսվել է:

Ուզում եմ ընդգծել հետևյալը. 2018 թվականը քաղաքական առումով աննախադեպ տարի էր և դրա մասին վկայում են ցուցանիշները: 2018թ. ընթացքում տեղի են ունեցել նախագահական մեկ ընտրություններ, Հայաստանի Հանրապետության վարչապետի 5 ընտրություններ, ԱԺ արտահերթ ընտրություններ, Երևանի քաղաքապետի 1 արտահերթ ընտրություն և մեծ հաշվով երկրում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն: Սա կարևոր է նկարագրելու համար այն ֆոնը, որի պայմաններում տեղի է ունեցել բյուջեի կատարման ընթացքը: Այս պայմաններում մեր կառավարությունը, որ ձևավորվել է 2018թ. մայիսին, ըստ էության, կարողացավ լուծել ամենակարևոր խնդիրը: Խոսքը մակրոտնտեսական կայունության պահպանման մասին է: Ես ԱԺ մեծ դահլիճում ասել եմ, բայց ուզում եմ այստեղ էլ ընդգծել, որ երևի հնարավոր չէ համաշխարհային պատմության մեջ գտնել շատ դեպքեր, երբ երկրում տեղի են ունենում այսպիսի մասշտաբային քաղաքական փոփոխություններ և այս մասշտաբային քաղաքական փոփոխությունները չեն ուղեկցվում տնտեսական ցնցումներով, ֆինանսական համակարգի փլուզումներով կամ կիսափլուզումներով և ամեն ինչ տեղի է ունենում տնտեսական, մակրոտնտեսական կայունության պայմաններում: 2018թ. արձանագրվել է 5.2 տոկոս տնտեսական աճ, բայց ես ուզում եմ ընդգծել, որ 2018թ. բյուջեի նախագծում, որն ընդունվել էր դեռ նախորդ կառավարության և նախորդ ԱԺ կողմից, որպես տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշ, նշվել է 4.5 տոկոսը: Այսինքն, ըստ էության, 2018թ. ահա այսպիսի գլոբալ քաղաքական վայրիվերումների պայմաններում կառավարությանը հաջողվել է գերակատարել այն պլանը, որը 2018թ. բյուջեի հիմքում դրել էր նախորդ կառավարությունը՝ ելնելով բոլորովին այլ կանխատեսումներից:

Այս առումով, ուզում եմ նաև ընդգծել հետևյալը, որ 2018թ. պետական բյուջեն կատարվել է, 2018թ. բյուջեի կատարման արդյունքներով ՀՀ կառավարությունը չունի չկատարված պարտավորություններ, կառավարության բոլոր պարտավորությունները կատարվել են:

Մանրամասները՝ տեսանյութում։