Foto

ԵԽԽՎ զեկուցողների արձագանքը Հայաստանում դատարաններն արգելափակելուն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն արձագանքել է դատարանների մուտքերն արգելափակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին:
«Քաղաքական գործիչները պետք է զերծ մնան գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշում», – ասել են Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան և Անդրեյ Շիրցելը:
Համազեկուցողները նշել են, որ դատական համակարգի անկախությունն օրենքի գերակայության նախապայմանն է, և օրենքի գերակայությունը լավագույնս ապահովվում է քաղաքական գործիչների կողմից միջամտության բացակայության դեպքում: «Խնդրահարույց թվացող որոշումների բողոքարկման համար կան իրավական ընթացակարգեր, օրինակ, բարձր ատյանի դատարանում բողոքարկումը: Օրենքի գերակայության հարգումը պահանջում է հարգել ընթացակարգերը, որոնք ստեղծված են քաղաքացիներին պաշտպանելու համար, անկախ նրանից, թե ով կլինի», – նշել են նրանք՝ ավելացնելով, որ ընդունում են, որ հանրության մոտ դատական համակարգի նկատմամբ վստահությունը ցածր է:
«Մենք ընդունում ենք, որ հանրության արձագանքը դատարանի որոշմանը վկայում է դատական համակարգի հանդեպ հանրային վստահության ցածր մակարդակի մասին: Դատական բարեփոխումները առաջնահերթություն են և ողջունում ենք Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգի խորը բարեփոխման ցանկությունը, մասնավորապես՝ հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաև դա Եվրոպայի խորհրդի հետ ասոցացնելու ցանկությունը», – նշել են համազեկուցողները: