Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Ռոբերտ Քոչարյանի գործով դատարան կներկայանան ուրբաթ օրը: Այս մասին դատարանում ասաց Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը: Նա դիմեց նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին. «Հաշվի առնելով, որ երաշխավորություն տվող անձը Արցախի Հանրապետության նախագահն է և բավական խիտ աշխատանքային գրաֆիկ ունի, դիմում եմ ձեզ, որպեսզի ձեր կողմից հնարավորություն տրվի, որ երաշխավորները դատարան ներկայանան ուրբաթ օրը՝ ամսի 17-ին, օրվա երկրորդ կեսին»:
Դատավորն ասաց, որ Քոչարյանի կալանքի ժամկետը լրանում է մայիսի 19-ին՝ կիրակի օրը, իսկ ամսի 18-ը շաբաթ օր է: «Շաբաթ ու կիրակի օրերին նիստ հրավիրելը գրեթե անհնար է, հնարավոր է պարոն Քոչարյանի ներկայությունը չապահովվի այդ նիստին: Բացի դա, մենք դատական ակտ կայացնելու ժամանակ պետք է ունենանք: Այդ իսկ պատճառով գոնե վաղը ներկայանային, եթե հնարավորութուն ունեն»,- ասաց դատավորը: Փաստաբանը միջնորդեց, որպեսզի հնարավորության դեպքում շաբաթ օրը դատական նիստ կայանա: