Foto

Աշխատանքից ազատված և կադրերի ռեզերվում հայտնված հրշեջ տեսուչների վերջնահաշվարկի համար կառավարությունը գումար հատկացրեց

Կառավարությունը պահուստային ֆոնդից 79 մլն 574.8 հազար դրամ հատկացրեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների երեք ամսվա վարձատրությունն իրականացնելու ու պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների վերջնահաշվարկի վճարման նպատակով:

Ըստ որոշման հիմնավորման, «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դադարեցվել է ԱԻՆ կազմում գործող «Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության» տեսչության գործունեությունը` տեսչական վերահսկողության գործառույթը վերապահելով  ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:

Նախարարության գլխավոր քարտուղարի հրամանով «Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության» տեսչության թվով 104 քաղաքացիական ծառայողները  գրանցվել են քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում:

Անհրաժեշտություն է ծագել վերոնշյալ քաղաքացիական ծառայողների երեք ամսվա վարձատրությունը,  պարգեւատրումը  և պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների վերջնահաշվարկի վճարումը իրականացնելու նպատակով պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին հատկացնել 79 574.8  հազար դրամ։