Foto

ՌՀՄ աջակցությամբ Կիմ Բակշիի աճյունամոխիրը կբերվի Հայաստան

Կիմ Բակշիի կտակի համաձայն նրա աճյունամոխիրը շաղ կտրվի Հայաստանում՝ Գառնու կիրճում, որի ուսումնասիրությանը նվիրել է իր կյանքի կես դարը:

Մարտի 11-ին Մոսկվայի Կոսմայի և Դամիանի ուղղափառ տաճարում տեղի է ունեցել մեծ գրողին հրաժեշտի արարողությունը, որին մասնակցել են նաև Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները: Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը հավաստիացրել է, որ ՌՀՄ-ն կաջակցի Կիմ Բակշիի վերջին ցանկության իրագործմանը և այդ արարողության կազմակերպմանը:

Կիմ Բակշիի հարազատներին ու մերձավորներին ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի ցավակցական խոսքում մասնավորապես ասվում է.

«Ավելի քան կես դար առաջ տարվելով հայկական պատմությամբ ու մշակույթով՝ Կիմ Բակշին տեսավ և գտավ արարման և լուսավորչության իր կոչումը, օրինակ տալով իր տաղանդով, բազմակողմանիությամբ, ազնվությամբ և բարձրագույն մտավորականությամբ»: