Foto

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները այսօր Սոչիում կքննարկեն սիրիական ճգնաժամը

Սիրիական ճգնաժամն են այսօր Սոչիում քննարկելու Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները: Օրակարգում երեք հիմնական հարց է՝ իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևելքում, իրավիճակը Իդլիբ նահանգում և Սիրիայի Սահմանադրության հարցը:
 
Սա այս ձևաչափով արդեն չորրորդ գագաթնաժողովն է լինելու:
 
Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր նաև երկկողմ հանդիպումներ է անցկացնելու իր թուրք և իրանցի գործընկերներ Ռեջեփ Էրդողանի և Հասան Ռոհանիի հետ:
 
Եռակողմ այս հանդիպման մասին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են իրենց վերջին հանդիպման ժամանակ՝ հունվարի 23-ին Մոսկվայում, հետո այն համաձայնեցել են նաև Իրանի նախագահի հետ:
 
Գագաթնաժողովի նախօրեին Անկարա էր մեկնել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, և նրա բանակցությունների օրակարգի հիմնական թեման սիրիական ճգնաժամն էր: