Foto

Զոհրաբ Մնացականյան. Խոսել խաղաղության մասին, դա չի նշանակում՝ ինչ-որ մեկը հարցականի տակ է դնում վճռականությունը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումներում կարևորում է դինամիկայի ապահովումը:Մնացականյանն այդ մասին խոսեց փետրվարի 4-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
 
«Պաշտոնական հանդիպման համար չշտապենք դեռևս: Շատ էական է, որպեսզի մենք շարունակենք գործընթացը կառուցել այնպես, որպեսզի կարողանանք արդյունք ունենալ: Ժամկետային հարցերն էլ նշանակություն ունեն, բայց կարևոր է, որ հաջորդ քայլը լինի այնպես, որ կարողանանք դինամիկան ապահովել»,- ասաց նախարարը:
 
Նա հույս հայտնեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների շուրջ կառուցողական մթնոլորտը պահպանվում է:
 
«Այն, ինչ արվել է պարոն Փաշինյանի կողմից, խիզախություն է՝  խոսել  խաղաղության մասին,  բայց դա չի նշանակում, որ խոսելով խաղաղության մասին, ինչ-որ մեկը հարցականի տակ է դնում վճռականությունը»,-  ասաց Զոհրաբ Մնացականյանը՝  պատասխանելով հարցին, թե ի՞նչ նկատի ուներ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, երբ ասաց՝ Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլի է գնացել:
 
ԱԳ նախարարի խոսքով՝ խոսել խաղաղության մասին, որը վերաբերում է բոլոր մասնակցիներին՝ և Ադրբեջանի, և Ղարաբաղի, և Հայաստանի ժողովրդին, դա է խիզախությունը: «Դրա մասին էր խոսքը: Մենք շատ կողջունենք, որ նման հայտարարություն գա  նաև մյուս կողմից»,- ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը:
 
Դիտարկմանը, թե Փաշինյանը հայտարարեց` Հայաստանը երբեք չի քննարկի «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը, ինչին հաջորդեց Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը, «թե արդյոք Փաշինյանի այս դիրքորոշումը չի նշանակում, որ նա հրաժարվում է բանակցություններից»,  Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Դա այդպես չէ, որովհետև Հայաստանը շարունակում է աշխատել այն մասով, ինչը վերաբերվում է բանակցությանը»:
 
Ինչ վերաբերում է բանակցություններին Արցախին ներգրավելուն, նախարարն ասաց, որ Հայաստանը բանակցող կողմ է, Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է:
«Եթե բառակապակցություներին եք կպնում, պարոն Փաշինյանն ասել է այն, ինչ ասել է: Դա վերաբերում է նրան, որ կա երեք կողմ, Հայաստանն ունի իր մասը, Հայաստանը երաշխավորն է Ղարաբաղի անվտանգության, մասնակցում է բանակցություններին, շարունակում է այդ ամենն  անել»,- ընդգծեց նա: