Նախօրեին քաղաքապետ Հայկ Մարությանը խորհրդակցության ժամանակ Շտապօգնության ծառայությանն առաջարկել էր Առողջապահության նախարարության հետ համատեղ մշակել հատուկ նորմեր՝ կանչերը տարբերակելու և ավելի նպատակային արձագանքելու համար: Թե ինչ նորմերի մասին է խոսքը և ինչպես են տարբերակելու կանչերի կարևորությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Չարխիֆալաքյանը Vesti.am-ի հետ զրույցում պարզաբանեց.
- Շտապօգնության ծառայությունը թեթևացնելու նպատակով աշխատակազմի առողջապահության վարչությունում ստեղծվել է աշխատանքային խումբ: Շտապօգնությունից ամեն օր կանչերն ուղարկվում են վարչություն, աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվում է այդ կանչերի բնույթն ու հաճախականությունը, այնուհետև կանչերը փոխանցվում են առաջնային պահպանման օղակին՝ տեղամասային մանկաբույժներին և թերապևտներին և յուրաքանչյուր բժշկին հանձնարարվում է կատարել ակտիվ այցեր բնակարաններ՝ պահպանելով մշտական կապը հիվանդի հետ: Տարեսկզբից սկսած՝ 900 կանչից մոտ 700 կանչ ենք իրականացրել: Ներկայումս աշխատանքային խումբը մշակում է առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի առողջապահության նախարարություն՝ շտապ բուժօգնության չափորոշիչում փոփոխություններ կատարելու նպատակով:
- Ի՞նչ աշխատանքներ են ներկայումս իրականացվում:
- Ներկայումս կատարում ենք վերլուծական աշխատանքներ, ուսումնասիրում ենք կանչերի տրման հաճախականությունը և ժամանակահատվածը: Կանչերը բաժանել ենք երկու մասի՝ հրատապ և ոչ հրատապ:
Հրատապությունից բացի առանձնացրել ենք ըստ ախտորոշումների՝ սրտային պաթոլոգիա, վնասվածք, ալերգիա, որոնք հրատապ կանչերի մեջ են առանձնացվել և ունենք ըստ ախտորոշումների՝ զարկերակային գերճնշում, սուր շնչառական վարակ, նևրոզներ, պարկելախոցեր: Այսինքն՝ առանձնացրել ենք նրանք, որոնք կյանքի համար վտանգ չեն ներկայացնում: Օրինակ, երեկվա տվյալներով 18:00-24:00 -ն ունենք գրանցված 17 կանչ և ոչ մի հոսպիտալացում: 24:00-ից հետո արձանագրվել է 16 կանչ և կրկին ոչ մի հոսպիտալացում:
Մշակվող նորմերում և ըստ օրենքի ոչ մի տեղ նշված չէ, որ կարող ենք կանչը չընդունել. եթե քաղաքացին զանգահարում է շտապօգնության ծառայություն, ապա պարտավոր ենք սպասարկել տվյալ կանչը: Սակայն ունենք 34 բրիգադ, որոնցից յուրաքանչյուրն օրական սպասարկում է 30-ից ավելի կանչ: Այսինքն՝ բժիշկները, վարորդները, բուժքույրերն աշխատում են գերծանրաբեռնված գրաֆիկով: Օպտիմալ տարբերակը, որ կարող ենք սպասարկում իրականացնել՝ ուշացումներ չարձանագրելով, ապա պետք է ունենք միջինը 40-42 բրիգադ: Ներկա պահին Առողջապահության նախարարությունից ստացել ենք 49 մեքենա, բայց պետք է հասկանալ, որ միայն մեքենաներով հարցը չի կարգավորվի, այսինքն մեզ անհրաժեշտ կլինի նաև բրիգադ: Իսկ սրա հետ կապված ֆինանսական լիազորություններն ԱՆ շրջանակներում է:
- Կանչերի տարբերակման հետ կապված չունե՞ք արդյոք մտավախություն, որ հասարակության դժգոհությունը կրկին կավելանա:
- Չենք բացառում, որ այս պարագայում կլինեն նաև դժգոհություններ, բայց նաև նշեմ, որ աշխատանքներ ենք տանում երեք օղարկների՝ քաղաքապետարանի առողջապահության վարչության, Շտապ բուժօգնության և պոլիկլինիկաների հետ, որոնց հետ կապը սերտ պահում ենք: Այսինքն՝ միասին պետք է ներկայացնենք այնպիսի սխեմաներ, որոնցից չի տուժի մեր քաղաքացին, քանի որ արվում է ամեն բան՝ ի շահ մեր քաղաքացների առողջության:
Մինչև այս պլանավորած նորմերը չգործարկենք, չենք կարող ասել, թե ինչ արձագանք կլինի քաղաքացիների կողմից: Առողջապահության նախարարությանը ներկայացնում ենք առաջարկություների փաթեթը, որից հետո լինում է երկկողմ քննարկում և գալիս ենք վերջնական եզրահանգման՝ մշակված կետերում փոփոխություներ իրականացնելու հարցում:
- Ի՞նչ եք կարծում ավելի շատ ինչով են պայմանավորված քաղաքացիների դժգոհությունները. բնակչությունը հիմնականում դա պայմանավորում է կանչերի ուշացման հետ:
- Ձեզ մի հետաքրքիր օրինակ բերեմ. լինում են զանգեր, երբ քաղաքացուն թվում է, թե իր վիճակը ծայրահեղ ծանր է, նկարագրում է, թե ինչ է այդ պահին իր հետ կատարվում և խնդրում, որ շտապօգնությունը հնարավորինս շուտ այցելի իրեն: Իրականում բժիշկները հասկանում են, թե ինչ խնդիր է, բացատրում են,որ վիճակը հրատապ չէ, բայց անդրդվելի քաղաքացին ցանկանում է, որ շտապօգնության բրիգադն անպայման այցելի իրենց: Լինում է նաև հակառակ իրավիճակը, երբ քաղաքացին նկարագրում է՝ չպատկերացնելով իր վիճակի կրիտիկական լինելը:
Բերեմ մեկ օրինակ ևս, որը տեղի է ունեցել մոտ օրերս: Ստանում ենք կանչ, մեկնում է շտապօգնության բրիգադը և քաղաքացուն հոսպիտալացնում են, սակայն հիվանդանոցների գերծանրաբեռնված լինելու պատճառով մեքենան ստիպված է լինում մոտ 2 ժամ կանգնել հիվանդանոցի դիմաց: Իրավիճակը տեսնելով՝ ստիպված հիվանդին տեղափոխվում են այլ հիվանդանոց: Առաջանում է ժամանակի կորուստ և բնականաբար արդեն հաջորդ կանչը սպասարկվում է մի քանի րոպե ուշ: Ստացվում է մեքենայի ռեսուրսի ոչ նպատակային օգտագործում, որտեղից էլ առաջանում են քաղաքացիների դժգոհությունը:
- Ի՞նչ կմաղթեք մեր քաղաքացիներին:
- Մեր քաղաքացիներին առաջնայինը կցանկանամ լինեն առողջ և մի փոքր համբերատար, քանզի այն մեծածավալ աշխատանքները, որ կատարում ենք մենք, արվում է ի նպաստ իրենց: Մեր վարորդներին կխնդրեի, որ լինեն զիջող, քանզի վստահ եմ՝ կարճ ժամանակ անց շտապօգնության ծառայության բարելավման աշխատանքները կտան իր սպասած արդյունքները: Պետք է բոլոր օղակների աշխատանքները լինեն ճիշտ, որ ստանանք բացարձակ արդյունք: Թող մեր քաղաքացիներն առողջ լինեն, իսկ կանչերը՝ քիչ:









