«Ռեգնում» կայքի սյունակագիր, հայտնի հրապարակախոս, քաղաքագետ, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը ծավալուն անդրադարձ է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցին ու դրա շրջանակում երկրի ղեկավարության հետ անցկացրած բանակցություններին:
«Ընդհանուր առմամբ, Փաշինյանի այցը բավականին հագեցած էր ու լավ մշակված»,- գրում է հեղինակը՝ նկատելով, որ ՀՀ վարչապետը գերմանական տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում ակնհայտ ջանքեր է գործադրել Հայաստանն Անդրկովկասում որպես ներքին լուրջ փոփոխությունների ուղի բռնած ժողովրդավարական պետություն ներկայացնելու ուղղությամբ:
Անդրադառնալով Փաշինյանի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ մամուլի ասուլիսին՝ Տարասովը հիշեցնում է, որ կանցլերը դեկտեմբերին կայացած ՀՀ ԱԺ ընտրություններն անվանել է «ժողովրդավարական» ու խոստացել նոր իշխանություններին միայն տնտեսական օգնությամբ չսահմանափակվել:
«Հենց այս համատեքստում էլ Փաշինյանը սկսեց ներկայացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: Ասուլիսի ժամանակ նա ներկայացրեց իրավիճակի վերաբերյալ իր տեսլականը, համաձայն որի՝ ԼՂ հիմնախնդրի լուծումը, տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը կարող են ոչ թե երկկողմ, այլ բազմակողմ ջանքերի արդյունք լինել»,-գրում է Տարասովը՝ մեջբերելով Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ինքը բանակցում է Հայաստանի ժողովրդի անունից, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի բնակիչների, որոնք իրեն այդպիսի մանդատ չեն տվել:
Ինչ վերաբերում է Մերկելի ելույթի՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հատվածին, ապա կանցլերը գովել է ՀՀ վարչապետին՝ այդ ուղղությամբ նրա քայլերը որակելով «խիզախ» և ընդգծելով, որ «խնդրի լուծումն անհնար կլինի այն դեպքում, եթե բարի կամք դրսևորի կողմերից միայն մեկը»:
Մերկելն ընդգծել է, որ նման իրավիճակում գործն առաջ չի գնա:
«Փաշինյանն իր հերթին Գերմանիայում Մերկելի վրա «բարդեց» հիմնահարցի կարգավորման վերաբերյալ տարվող նոր քաղաքականության տարրերը, որոնցից մեկը Ստեփանակերտը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելն է: Իսկ ինչո՞ւ հենց Բեռլինում: Մեր կարծիքով՝ բանն այն է, որ այդ ուղղությամբ Բաքուն չի կարող գազային քարտեզն օգտագործել ըստ իր շահերի»,-գրում է Տարասովը՝ մանրամասնելով, որ Գերմանիան ադրբեջանական գազից կախում չունի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:









