Մարզպետներն իրենց ու իրենց աշխատակիցներին պարգևատրել են: Հայաստանում սա առաջին անգամը չէ և ամեն տարի ոչ միայն մարզպետարանները, պետական կառավարման բոլոր հիմնարկներն էլ իրենց աշխատակիցներին տարեվերջին պարգևատրել են ու կարծես հիմա դրա պատճառով աղմուկ պետք է չլիներ:
Ես սովորաբար խնդիրներին անդրադառնում եմ հարցադրումների տեսքով, հիմա էլ կմնամ նույն ամպլուայում, որովհետև ցանկանում եմ ոչ թե ընթերցողի կարծիքի վրա ներգործել, այլ հնարավորություն տալ նույն ընթերցողին ինքնուրույն եզրակացություններ ու հետևություններ անել:
Եվ այսպես, ունենք մի իրավիճակ, երբ տարիներ շարունակ պետական բյուջեն սեփական գրպանի պես տնօրինող իշխանությանը փոխարինել ենք հեղափախական իշխանությամբ: Սպասելիքներն անսահման են, բայց դեռևս շոշափելի չեն ու հանկարծ՝ մարզպետներն իրենք իրենց և իրենց աշխատակազմերին պարգևատրում են: Հանուն արդարության պետք է նշել, որ օրինակ Վայոց ձորի մարզպետն իրեն չի պարգևատրել, թեև խոստովանել է, որ կարող էր դա անել, բայց այդ դեպքում իր աշխատակիցներին բան չէր մնա:
Ցավալին սակայն հատկապես այն է, որ հեղափոխությամբ ծնված իշխանության տարբեր տրամաչափի գործիչներ փորձում են ինչ-որ արդարացումներ բերել: Հայտարարում են, որ դա կատարվել է օրենքի շրջանակներում, կամ այդ գումարները գոյացել են խնայողություններից և այլն: Զարմանալին հատկապես այն է, որ ոչ ոք չի վիճարկում պարգևատրումների օրինականությունն ու գումարների ծագումը: Քաղաքացիները զայրացած են, որ տնտեսական այս իրավիճակում ինչ-որ մի պաշտոնյա դեռ մտածում է պարգևատրում ստանալու մասին:
Հիմա հարցադրումներս.
- Եթե պետական համակարգում աշխատանքներն այնքան լավ էին, որ դրանց աշխատակիցները պետք է պարգևատրվեն, ինչու՞ էր երկրում ամեն ինչ այդքան վատ, որ հեղափոխություն արեցինք: Այդ նույն մարզպետարանների չինովնիկների անբավարար աշխատանքի պատճառով չէ՞ր, որ մարդիկ հեռավոր գյուղերից ապրիլին եկան Երևան, սատարելու հեղափոխությանը:
- Եթե տվյալ դեպքում մարզպետարաններն իրենց բոլոր գործառույթները կատարել են ըստ նախատեսված բյուջեի, որտեղի՞ց են գումարներ տնտեսվել: Արդյոք այդ տնտեսված գումարներով հավելյալ աշխատանքներ անել հնարավո՞ր չէր կամ այդպիսի աշխատանքներ չկա՞ն: Բոլոր ժամանակներում բոլոր մարզպետներն էլ բողոքել են միջոցների քրոնիկ անբավարարությունից: Ներհամայնքային ճանապարհների ասֆալտից դեռ բրեժնևյան հոտ է գալիս, որոշ համայնքներում դպրոցը տանիք չունի, իսկ մանկապարտեզների լուսամուտներին ցելոֆան են քաշում: Աղբն ու ավտոմեքենաների հին թափքեն այնքան են կուտակվել, որ վարչապետի մոտ մտասևեռում են առաջացրել: Բա դրանց համար փող չկա՞:
Լրատվական կայքերից մեկին տրված հարցազրույցում արդեն վերը հիշատակված մարզպետը բարձրացված աղմուկի մեջ մեղադրում է, ոչ ավել, ոչ պակաս, լրատվամիջոցներին, թե «Ընդհանուր մթնոլորտն են փորձում փոխել: Այսինքն՝ կեղծ ինֆորմացիա չի գրվել, բայց այնպիսի վերնագիր են դնում, որ… Ընդհանուր պատվեր է, որով լրատվականները փորձում են իշխանության վրա բիծ քաշել»:
Լրատվականները կլռեին, եթե ԱԺ-ում իրական ու նորմալ ընդդիմություն լիներ, կլռեին, եթե որոշ չինովնիկներ իրենց արյունն ավելի կարմիր չհամարեին, կլռեին, եթե դա չբխեր այն մարդկանց շահերից, ում անունից այսօր իրացվում է իշխանությունը:
Հ. Գ. Քանի՞ հազար դրամի համար են դատում այն կնոջը, որ խանութից գողություն էր արել:









