Արցախում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել․ դեպքի մանրամասները Արցախի Հանրապետության բնակիչ, անհատ ձեռներեց Վյաչեսլավ Սարգսյանի հետ հարցազրույցում
-Օրերս Արցախում հերթական միջադեպն է տեղի ունեցել, որն ավարտվել է ծեծկռտուքով։ Ի՞նչ կարող եք ասել մանրամասների մասին։
-Եղբայրս՝ Նելսոն Սարգսյանը, ով Ավոյի զինվորն է, կռված տղա, Քարվաճառի Տաք ջուր շրջանում մարտ ամսից տարածք է վարձակալել և աշխատացնում է որպես հանգստյան գոտի։ 2018 թ․դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը հասարակական այդ վայրում խուլիգանություն է տեղի ունենում՝ եղբորս ծեծի են ենթարկում։
Բանն այն է, որ Տաք ջրում կարգ կա՝ ավտոմեքենաները շատ մոտ չեն կարող կայանել, որպեսզի չխանգարեն մյուս հանգստացողներին։ Սակայն այդ օրը մի «Ջիփ» է գալիս ու կանգնում ուղիղ ջրի մոտ։ Նելսոնը մոտենում է և ասում, որ այդտեղ կայանելու կարգ չկա, ինչից հետո վիճաբանություն է սկսվում, որի մասնակիցներից մեկն էլ Ագո կամ «Խալաստոյ» մականունով Արկադի Շիրինյանն է, ով իբրև թե կռված տղա է, ժամանակին միլպետ է եղել, ընտրությունների ժամանակ որոշ մարդկանց համար ձայն բերողն ու այդ շրջանի ահ ու սարսափն է։ Այդ Ագոն սկսում է հայհոյել, թե բա որևէ մեկն իրավունք չունի ասելու՝ որտեղ մեքենան կանգնեցնենք, թե բա էստեղի ասողը ես եմ և այլն։ Այդ պահին մեքենայում գտնվող անձնավորությունը դուրս է գալիս և հարվածում եղբորս, հետո հարվածում է վարորդը, ու երբ եղբայրս պտտվում է, որ տեսնի, թե ով էր երկրորդ հարվածողը, մի հատ էլ Ագոն է խփում։ Քիչ հեռվում կայանած երկրորդ մեքենայից էլ դուրս են գալիս 4-5 հոգի ու բոլորով սկսում են ծեծի ենթարկել եղբորս։ Նա ընկնում է գետնին և կորցնում գիտակցությունը։
-Սովորաբար այդ տարածքում ոստիկաններ չե՞ն լինում։
-Ոստիկան եղել է, բայց Ագոյից վախենալով այնքան ուշ է մոտենում, որ Նելսոնն արդեն ծեծի ենթարկված և ուշաթափված է լինում։ Երբ հիվանդանոց են տեղափոխում, պարզվում է, որ եղբայրս բազմաթիվ մարմնական վնասվածքներ է ստացել՝ գլխի, աչքերի, շրթունքների, քթի շրջանում, երկու կողոսկրերը՝ կոտրված։
-Քրեական գործ հարուցվե՞լ է, հիմա ի՞նչ իրավիճակ է։
-Այո՛, քրեական գործ հարուցվել է։ Բայց այսքանից հետո ինչ կարող է լինել․ միայն արյունահեղություն։