Foto

Արթուր Դավթյանը հանդիպեց Մանվել Գրիգորյանին ազատելու որոշման դեմ բողոքող քաղաքացիներին

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին այսօր հանդիպեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը:

Նա ակցիայի մասնակիցներին հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 24-ին վերաքննիչ բողոք է ներկայացնելու Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիների հետ: Վերջինս տեղեկացրեց, որ ստացել են դատական ակտը, համաձայն չեն այդ դատական ակտի հետ:

«Մեր հիմնավորումներով պատրաստում ենք համապատասխան բողոքը: Ամեն ինչ անելու ենք, որ այսօր այդ բողոքը մուտք լինի վերաքննիչ դատարան: Սա մեր հավաստիացումն է»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

Հարցին, թե դատարանը քա՞նի օրվա ընթացքում է քննելու դատախազության ներկայացրած բողոքը, ՀՀ գլխավոր դատախազը պատասխանեց. «Դա օրենքն է կարգավորում, օրենքն ասում է, որ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի ակտի ստուգումը իրականացնում է նյութերն ստանալու օրվանից երեք օրվա ընթացքում: Այսինքն՝ որ պահին նյութերը կստանա Վերաքննիչ դատարանը, երեք օրվա ընթացքում կնշանակվի նիստ և այդ նիստի ընթացքում կստուգվի Առաջին ատյանի դատարանի ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը»:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծեց, որ իրենք կարծում են, որ Մանվել Գրիգորյանը, լինելով ազատության մեջ, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ, ինչի համար էլ Վերաքննիչ բողոք են ներկայացնում: