Foto

Հնդիկներն աշխատում են հայերի փոխարե՞ն

Վերջին շրջանում Հայատանում տարբեր ոլորտներում շատ են նկատվում հնդիկ աշխատողներ։ Vesti.am-ի հետ զրույցում Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց, որ նրանք հիմնականում աշխատում են ավտոլվացման կետերում, առողջապահական ոլորտներերում՝ որպես մերսման մասնագետներ, սպասարկման ոլորտում՝ մատուցողներ, զբաղվում են հնդկական թեյերի վաճառքով, երաժշտական բնագավառներում ունեն որոշակի աշխատանքներ։

«Հնդկաստանը ցածր վարձատրվող պետություններից մեկն է և օրական ծառայությունների վճարները բավականին ցածր են այնտեղ, դրա համար Հայաստանում նրանք ավելի են կարողանում վաստակել։ Նրանց համար հայերեն սովորելը բավականին հեշտ է, բացի այդ, շատ հնդիկներ էլ հայերեն սովորում են Հայաստանում ուսանելու տարիներին։ Բավականին համեստ են, աշխատող, խելոք»,-ասաց նա։

Մեր հարցին՝ Հայաստանում այսպես թե այնպես գործազրկության բարձր մակարդակ է, արդյո՞ք դա էլ իր հերթին իր բացասական հետևանքը չի թողնում, Գագիկ Մակարյանը պատասխանեց, որ մեզ մոտ կան աշխատատեղեր, բայց ոչ միշտ է, որ հայերն այդ ոլորտներում սիրում են աշխատել, բացի այդ, Հայաստանում՝ որպես միջազգային ինտեգրվող երկիր, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժերի հարցը կարգավորվում է կոնվենցիաներով։

«Մենք չենք կարող արգելել։ Որոշ պետությունների հետ մենք ունենք աշխատուժի կանոնակարգման, փոխանակման պետական համաձայնագրեր, կեցության նորմատիվներ ունենք»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է աշխատավարձերին, Գագիկ Մակարյանն ասաց, որ հայաստանցիներին ու օտարերկացիներին տրվող աշխատավարձերը հիմնականում չեն տարբերվում, թեև լինում են դեպքեր, երբ նրանք ավելի երկար ժամային գրաֆիկով կամ ավելի լավ են աշխատում ու ավելի բարձր աշխատավարձ են ստանում։

Գործատուների միության նախագահն ասում է՝ հայերը նրանց ընկերական են վերաբերվում, այդ պատճառով էլ նրանք այստեղ իրենց ավելի կոմֆորտ են զգում, քան շատ այլ երկրներում և ագրեսիա չկա։

Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը զրուցեց նաև Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանի հետ։

Նա նշեց, որ իրենք աշխատում են բոլոր այն քաղաքացիների հետ, ովքեր դիմում են իրենց ծառայություն՝ ապաստանի հարցով։

«Մինչև փախստականի կարգավիճակ տալն իրենց քարտեր ենք տալիս, որը համարվում է անձը հաստատող փաստաթուղթ, որով իրավունք ունեն աշխատել։ Ապաստան հայցողների թվում, օրինակ, վերջին ամիսների կտրվածքով հնդիկներ չեն եղել, ինչը նշանակում է, որ Հնդկաստանից գալիս են ոչ թե ապաստան հայցելու, փախստականի կարգավիճակով, այլ փողոցում հաճախ հանդիպող հնդիկները Հայաստան են գալիս օրինական եղանակով ու դիմում են անձնագրային ու վիզաների վարչություն, օվիրից ստանում են կացության կարգավիճակ, քանի որ մենք էլ չունենք այս պահին Հայաստանում գործող աշխատանքի թույլտվության համակարգ, այդ կացության կարգավիճակը բավարար է, որպեսզի իրենք անցնեն աշխատանքի»,-ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Հնդկաստանից սկսել են ավելի շատ Հայաստան գալ, քանի որ արդեն մի քանի ամիս է վիազների տրամադրման գործընթացը դյուրացվել է․ վիզան ստանում են հենց սահմանին։

Նելլի Դավթյանը հայտնեց, որ վերջին 11 ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ իրենք ստացել են 213 անձանց վերաբերյալ 122 դիմում։

«Ամենաշատը Իրաքից են՝ 55 անձ, Եմենից 17 անձ, Աֆղանստանից 12 անձ, իհարկե Սիրիայից՝ 23 անձ, Ուկրաինայից 10 անձ, Բանգլադեշից 10 անձ, կան նաև ընդհուպ մինչև Թայվանից, Նիգերիայից, Պաղեստինից, Կուբայից դիմողներ»։

Հունվար-սեպտեմբեր ամիսներին Միգրացիոն ծառայություն դիմումներ են ստացել 146 անձի վերաբերյալ, որոնցից 47 տոկոսին տրվել է դրական պատասխան։

«67 հոգի ստացել է դրական պատասխան, մերժումները 24-ն են, կարճված կամ կասեցված դիմումները՝ 51-ը։ Այսինքն՝ կարող է մարդը դիմում է, հետո չի ներկայանում հարցազրույցի, կամ վերադառնում է իր երկիր։ Մերժումների թվի հետ կապված էլ ասեմ, որ մեր մերժումը վերջնական չէ և 30 օրվա ընթացքում դիմումատուն կարող է բողոքարկել բոլոր երեք դատական ատյաններում։ Այդ ընթացքում իրենք դեռ մեր հոգածության տակ են գտնվում։ Մենք իրենց տալիս ենք կացարան և սնունդ։ Այդ ընթացքում իրենք և՛ տեղաշարժի առումով են ազատ, և՛ մեր տված քարտերով կարող են բժշկական օգնություն ստանալ, իրավաբանական խորհրդատվություն, աշխատանք, նույնիսկ բանկային հաշիվներ կարող են բացել, այլ հարց է, որ նույնականացման քարտը ապաստան հայցողի պարագայում բանկը կարող է չճանաչել, չվստահել ու մերժել դիմումատուին»,-ասաց նա։

Նշենք, որ Vesti.am-ը որոշ վիճակագրական տվյալներ ձեռք բերելու համար գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանություն, որը կհրապարակենք ավելի ուշ։

Մերի Բալասանյան

Vesti.am